ՀՀ վարչապետը հանձնարարել է ավարտել պետգույքի կառավարման և օտարման ծրագրի մշակման աշխատանքները

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ հունվարի 28-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Պետական գույքի կառավարման և օտարման գործընթացի վերաբերյալ ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականի հիման վրա բոլոր գերատեսչությունների հետ համատեղ մշակվել է մասնավորեցման նոր ծրագիր, որն արդեն ուղարկվել է կառավարություն և վերջնական քննարկումից հետո կներկայացվի Ազգային ժողով:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է Պետգույքի վարչության պետին՝ արագ ավարտին հասցնել աշխատանքները և պատրաստել ամբողջ փաթեթը՝ ընդգծելով. «Պետք է հստակ ձևակերպենք՝ ինչը պետք է լինի ոչ պետական: Մենք լիքը գույք ունենք, որտեղ տնօրենը տարեցտարի վատ թվեր է բերում, ո´չ տնօրեն ենք հանում, ո´չ էլ որոշակի քայլեր կատարում», – ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ պետք է կասեցնել պետական այն կառավարիչների գործունեությունը, որոնք արդյունավետ չեն աշխատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում