Բեռնի Սանդերսը հորդորել է՝ Թրամփի խորհրդականին բացառել ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդից

Դեմոկրատ սենատոր Բեռնի Սանդերսը համոզված է, որ ԱՄՆ-ի նախագահի ավագ խորհրդական Սթիվ Բենոնը, որը հայտնի է իր աջ պահպանողական հայացքներով, չպետք է ընդգրկվի Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) կազմում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վերմոնթի նահանգից օրենսդիրը, որը 2016 թվականին պայքարում էր պետության նախագահի պաշտոնի համար եւ առաջվա պես մեծ հեղինակություն է վայելում միլիոնավոր ամերիկացիների շրջանում, հունվարի 30-ին հայտարարել է Twitter-ի իր էջում:

«Ազգային անվտանգության խորհրդին Բենոնի մասնակցությունը վտանգավոր է եւ աննախադեպ: Նա պետք է բացառվի Խորհրդի կազմից,- գրել է Սանդերսը:- ԱԱԽ-ին հարկավոր են փորաձառու մարդիկ, որոնք կպաշտպանեն մեր երկիրը, այլ ոչ թե աջ արմատական քաղաքական գործիչներ»:

Անցած հանգստյան օրերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱԱԽ-ի վերակազմավորման վերաբերյալ, որը նախատեսում է դրա աշխատանքին 63-ամյա Բենոնի մասնակցությունը, որը նշանակվել է ավագ խորհրդական եւ Սպիտակ տան գլխավոր քաղստրատեգ: Ավելի վաղ նա Breitbart News նորությունների պորտալի գլխավոր խմբագիրն էր, որին շատ ամերիկացիներ մեղադրում են ազգայնամոլական եւ նույնիսկ այլատյացության գաղափարներ տարածելու մեջ: 2016 թվականի նախընտրական արշավի շրջանում աշխատել է Թրամփի շտաբում:

Ազգային անվտանգության խորհուրդը, որը հիմնվել է 1947 թվականին, ԱՄՆ-ի նախագահին առընթեր խորհրդակցական մարմին Է, որն զբաղվում է երկրի արտաքին քաղաքականության եւ պաշտպանության կարեւորագույն հարցերի վերաբերյալ որոշումների մշակմամբ: Բացի նախագահից, որը ԱԱԽ-ի ղեկավարն է, դրա կազմի մեջ մտնում է անձանց նեղ շրջանակ, այդ թվում՝ փոխնախագահը, պետքարտուղարը, Պենտագոնի ղեկավարը, ֆինանսների նախարարը, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարը, նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականը:

Նախագահի որոշմամբ, ԱԱԽ-ի կազմում կարող են ընդգրկվել այլ անձինք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում