«Առավոտ». Կապան օդանավակայանը հնարավոր է վերագործարկվի

«Առավոտ». Կապան օդանավակայանը հնարավոր է վերագործարկվի

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը «Առավոտ»-ի հետ զրուցում ներկայացրել է իր՝ մարզպետ նշանակվելուց հետո հիմնված «Սյունիքի զարգացման և ներդրումների» հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերը, խոսել է մարզում առկա խնդիրների և դրանց լուծման եղանակների մասին:

Մարզպետի խոսքով՝ ընդամենը մեկ ամսվա գործունեության ընթացքում «Սյունիքի զարգացման և ներդրումների» հիմնադրամն արդեն իսկ լուրջ աշխատանքներ է կատարել։

«Հիմնադրամի միջոցներով վճարվել է 2012 թվականի սերմացուների պարտքը, իսկ ընթացիկ տարում պլանավորվում է վճարել 2013 թվականի պարտքը։ Հիմնադրամն իրականացնում է Կապանի հասարակական տրանսպորտի գնի սուբսիդավորում, և 70 դրամի փոխարեն քաղաքացին վճարում է 50 դրամ։ Հիմնադրամի միջոցներով կարգավորվում է ջրամատակարարման խնդիրներ ունեցող համայնքների հարցը։ Տեղադրվում է հատուկ ձնապաշտպան ցանց Սիսիան-Գորիս ճանապարհի վրա, ինչը թույլ կտա հնարավորինս անցանելի պահել ճանապարհը՝ անկախ եղանակային պայմաններից»,- թերթի հետ զրույցում ասել է Վահե Հակոբյանը:

Մարզպետը նշել է, որ հիմնադրամի միջոցներով ֆինանսական աջակցություն է տրամադրվում ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված սյունեցի հերոսների ընտանիքներին: Ւ դեպ, այս պահին վավերագրական ֆիլմ է նկարահանվում ապրիլյան պատերազմում զոհված սյունեցիների մասին:

«Պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի և Գորիսի պետական համալսարանի գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար կրթաթոշակ է սահմանվել։ Աջակցություն է ցուցաբերվում տեղական բիզնեսին։ Ուսումնասիրություններ են սկսվել Կապան քաղաքի օդանավակայանի հնարավոր վերագործարկման ուղղությամբ:

Գյուղացիներին օժանդակելու նպատակով ծրագրում ենք Մեղրիում հիմնել սառնարանային տնտեսություն, ինչը կթեթևացնի գյուղմթերքի իրացման հետ կապված խնդիրները: Սիսիան և Տեղ համայնքներում ստեղծելու ենք գյուղատնտեսական ժամանակակից տեխնիկայի պարկեր, որի արդյունքում կբարձրանա հողերի մշակման արդյունավետությունը: Հիմնում ենք այգիներ, արտադրամասեր: Մեր կողմից իրականացվելիք ծրագրերը բազմաթիվ են, և այն իրողությունը, որ մեր աշխատանքն ակնհայտ դրական արդյունքներ է տալիս, վստահություն և լավատեսություն է ներշնչում»-ասել է Հակոբյանը:

Հակոբյանի փոխանցմամբ՝ մարզում ստեղծվում են ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած զբաղվածության կենտրոններ, որոնցում ներգրավված բարձրակարգ մասնագետներն ուսուցանելու է խոհարարություն, օտար լեզուներ, տուրիզմի ու գյուղատնտեսության զարգացման հմտություններ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում