Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում կարգավորողի և հսկողություն իրականացնողի գործառույթներն օրենքով կտարանջատվեն

Հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտներում կարգավորողի և հսկողություն իրականացնողի գործառույթներն օրենքով կտարանջատվեն

ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է հայեցակարգ, ըստ որի մասնավոր հատվածի հաշվապահական հաշվառման և արտաքին աուդիտի ոլորտների կարգավորմամբ նախատեսվում է մշակել ոլորտը կարգավորող նոր իրավական ակտեր, ինչպես նաև գործող որոշ իրավական ակտերում կատարել համապատասխան փոփոխություններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ պլանավորում են հաջորդ շաբաթվա ընթացքում հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային փաստաթղթի նախագիծը ներկայացնել մասնագիտական հանրությանը: Նրա խոսքով` միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողություն է ունենում այն երկիրը, որտեղ ոլորտի կարգավորումն իրականացվում է անկախ, ոչ պետական ինքնակարգավորվող մարմինների կողմից:

«Ֆինանսների նախարարությունը, որպես ՀՀ կառավարության ծրագրի բաղկացուցիչ գերատեսչություն, հանդես է գալիս այդ գործառույթը նախարարությունից ինքնակարգավորվող մարմնին փոխանցելու նախաձեռնությամբ: Ֆիննախն իրեն կվերապահի ոլորտների նկատմամբ վերահսկողության գործառույթը: Այդ նպատակով առաջարկվում է երեք օրենքի ընդունում: Նախատեսվում են ներկայումս գործող «Հաշվապահական հաշվառման մասին» և «Աուդիտորական գործունեության մասին» օրենքների արմատական փոփոխություններ և մեկ նոր օրենքի ընդունում, որով կսահմանվեն Հայաստանի հաշվապահն երի և աուդիտորների պալատի և հանրային վերահսկողության խորհրդի գործառույթները, որպես ոլորտների նկատմամբ կարգավորող մարմինների ձևավորում»,-ասաց Անանյանը` կարծիք հայտնելով, որ պալատի գործառույթը պետք է փոխանցել գործող Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի հիման վրա օրենքով ստեղծված պալատին, իսկ հսկողության գործառույթը կիրականացնի խորհուրդը, որը կգործի ֆինանսների նախարարության ներքո:

Փոխնախարարի խոսքով` պալատը լինելու է օրենքով սահմանված կարգով ինքնակարգավորող ոչ պետական ոչ առևտրային կազմակերպություն: Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի խորհրդին ներկայացրել են նախաձեռնությունը և ստացել են հավանությունը, որպեսզի ասոցիացիան վերակազմակերպվի պալատի:

Խորհրդի վերակազմակերպման վերաբերյալ Դավիթ Անանյանը նշեց, որ այն լինելու է ֆինանսների նախարարությանը կից մարմին, գործելու է բացառապես հասարակական հիմունքներով և ոլորտների կարգավորման նկատմամբ ստանձնելու է հսկողության գործառույթը: Նախնական առաջարկներ են եղել, որ խորհուրդը բաղկացած լինի 7 հոգուց, որոնցից 4-ը՝ ֆիննախի աշխատակիցներ, 2-ը՝ Կենտրոնական բանկի, իսկ 1 հոգի հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Նրա խոսքով` հանրային քննարկումների ժամանակ հնարավոր է աշխատակազմի կազմի և թվաքանակի վերաբերյալ առաջարկություններ լինեն, որոնք լրացուցիչ կքննարկվեն:

Փոխնախարարը հստակեցրեց, որ բարեփոխումների առաջին կարևոր նպատակը կարգավորողի գործառույթն անկախ ինքնակարգավորվող մարմնին` պալատին փոխանցելն է` ֆինանսների նախարարությանը վերապահելով վերահսկողի գործառույթը, ինչի արդյունքում կարգավորողի և հսկողություն իրականացնողի գործառույթներն օրենքով կտարանջատվեն:

Նախատեսվում է ոլորտների բարեփոխումների վերաբերյալ օրենքներն Ազգային ժողով ներկայացնել օգոստոսին, որոնք ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնեն 2019 թվականի հունվարի 1-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում