ՀՀ կառավարության անդամները Վրաստանում կքննարկեն Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը

Հայաստանի կառավարության ներկայացուցիչները Վրաստանի իրենց գործընկերների հետ կքննարկեն Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհներ գտնելու հարցը:

ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ով ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում փետրվարի 23-ին կմեկնի Թբիլիսի: «Վրաստան մեր այցից բոլորս դրական սպասելիքներ ունենք: Վերին Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու և մեր տնտեսավարողներին առաջարկելու հարցը մեկ ամսից ավելի քննարկվում է մամուլում: Բնականաբար, մենք այդ հարցը կքննարկենք նաև մեր վրացի գործընկերների հետ»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Մարտիրոսյանը:

Հարցին, թե ի՞նչ առաջարկներ է ներկայացնելու հայկական կողմը հարևան Վրաստանին, նախարարը խոստացավ սպասվող հանդիպումներից հետո մանրամասն ներկայացնել արդյունքները:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23-ին պաշտոնական այցով կժամանի Վրաստան: ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, ինչպես նաև ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում