Հայաստանը եւ Վրաստանը համաձայնության են եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ. Կարեն Կարապետյան

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստանի իր պաշտոնակից Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ համաձայնության է եկել Վերին Լարսի այլընտրանքի հարցի շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին, նա հայտնել է լրագրողների հետ կայացած զրույցի ընթացքում: 

«Եթե ձեզ հետաքրքրում է՝ լինելու է արդյոք Լարսի այլընտրանքը, ապա կարող եմ ձեզ հավաստիացնել, որ, այո՛, լինելու է: Մնացածի մասին՝ հետո, առայժմ չեմ բացում փակագծերը: Մենք համաձայնության ենք եկել ինչպես Լարսի, այնպես էլ Էներգետիկական միջանցքի շուրջ»,-ասել է Կարապետյանը:

ՀՀ վարչապետն իր այցը գնահատել է արդյունավետ, ջերմ ու կառուցողական, նշելով, որ ամբողջությամբ կատարել է այն ծրագիրը, որով ժամանել է Վրաստան: Կողմերը համաձայնել են, որ հայ-վրացական հարաբերություններն անհրաժեշտ է դիտարկել նաեւ տարածաշրջանային համատեքստում՝ օգտագործելով երկու երկրների հնարավորությունները: «Այն ժառանգությունը, որ մենք ունենք, անհրաժեշտ է պահպանել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»,-հայտարարել է Կարապետյանը:

Բանակցությունների շրջանակներում երկու երկրների վարչապետները քննարկել են նաեւ Վրաստանում ապրող հայերի վիճակը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա 20-30 տարի անց Կարապետյանը Հայաստանը տեսնում է որպես մի երկիր, որով հպարտանալու են բոլորը:

Ինչպես նշվում է, առավոտից Հայաստանի կառավարական պատվիրակության ներկայացուցիչները՝ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, այցելել են «Սբ. Գեւորգ» եւ «Սբ.Էջմիածին» հայկական եկեղեցիներ: Հայկական պատվիրակությանը դիմավորել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի ղեկավար Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հայաստանցի հյուրերը մոմեր են վառել «Սբ.Գեւորգ»-ում եւ եկեղեցու բակում ծաղիկներ դրել հայ նշանավոր գործիչների շիրիմներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում