Վարդան Արամյանը նոր պարտքի ներգրավումը վտանգավոր չի համարում

Պակասուրդային բյուջեն հարկավոր է լրացնել հավելյալ պարտքի ներգրավմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարտի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով` այս տարի ևս ունենալու ենք պակասուրդ, որը կազմելու է 150 մլրդ դրամ: Նախարարի վստահեցմամբ` ՀՆԱ-ի մեջ պակասուրդը թիրախավորված է այնպես, որ չգերազանցի 3 տոկոսը: Արամյանի ներկայացմամբ` բյուջեի պակասուրդի ֆինանսավորման աղբյուրները երկուսն են` տարեվերջի ազատ մնացորդ և պարտքի ներգրավում:

«Տարեվերջի ազատ մնացորդն այլ կերպ ասած «բարձի տակի» փողերն են, ինչը բյուջետային և հարկաբյուջետային կանոնների պահանջով հարկավոր է մշտապես ունենալ: Մենք այն մեծացրել ենք: Նախատեսում էինք, որ այն կլինի 70 մլրդ, բայց ունեցել ենք 100 մլրդ, ինչը լավ է, քանի որ այդ դեպքում պատրաստ ես լինում նոր ցնցումների դեպքում օգտագործել այն: Հակառակ դեպքում, պետք է իրականացնել ավելի հարթ ծախսումներ` առանց պարտքի շուկա մտնելու: Բնականաբար, որքան պակասուրդային բյուջե ունենք, պետք է այդքան նոր պարտք վերցնենք»,- ասաց Արամյանը` վստահեցնելով, որ դրանում վտանգավոր բան չկա:

Նրա խոսքով` երկու տարի անընդմեջ ունեցել ենք բարձր պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշ, չնայած` ծրագրվել էր ավելի ցածր: Արամյանը նշեց, որ հնարավոր չէ նման բարձր պակասուրդներով առաջընթաց ունենալ` պետք է կամաց-կամաց գնալ կոնսոլիդացիայի: «Դրա համար պարտքի տեսանկյունից ասում ենք, որ այն վտանգավոր չէ, սակայն պետք է դարձնել կառավարելի, և այն կառավարելի է մեզ համար»,– ընդգծեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում