«Հայկական ժամանակ». Շուշան Սարդարյանը կլինի և ԱԺ-ում, և կառավարությունում

ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Սարդարյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյո՞ք ազատվել է վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականի պաշտոնից՝ նշել է. «Դեռ ժամանակը չի, կխոսենք այդ մասին»։

Թերթը գրել է. «Շուշան Սարդարյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի քարտուղարի պաշտոնից տեղափոխվեց կառավարություն՝ որպես վարչապետի խորհրդական: Նրա գործառույթն իրականում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կապ ապահովելն էր: Կառավարության պաշտոնական կայքում վարչապետի հիմնական խորհրդականների ցանկում Շուշան Սարդարյանի անունը բացակայում է, քանի որ նա հանդիսանում է վարչապետի խորհրդական հասարակական հիմունքներով: Սա այն լուծումն է, որը հնարավորություն է տալիս Շուշան Սարդարյանին լինել և՛ ԱԺ-ում, և՛ կառավարությունում:

Իսկ եթե ավելի խորը նայենք այս հարցին, ապա վարչապետ Կարեն Կարապետյանին առաջիկայում էլ խորհրդարանի հետ կապն ապահովող ներկայացուցիչ է հարկավոր՝ առաջին ձեռքից ԱԺ-ում կատարվող զարգացումների մասին տեղեկատվություն փոխանցելու համար, ինչպես նաև հակառակը՝ կառավարության դիրքորոշումը ԱԺ-ի ՀՀԿ-ականներին փոխանցող:

Այնպես որ, Շուշան Սարդարյանի գործառույթն ավելի լուրջ է, քան կարող է թվալ առաջին հայացքից որպես ԱԺ պատգամավոր և վարչապետի խորհրդական համատեղությամբ: Բայց ԱԺ պարգամավոր-վարչապետի խորհրդական դժվար է հիշել, որ ինչ-որ մեկը եղել է առ այսօր»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում