ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով Հայաստանն առաջատարներից է

ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով Հայաստանն առաջատարներից է

Վերջերս Եվրոպայի խորհրդում քննարկում էր կազմակերպվել, որում ներկայացվել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վճիռների և որոշումների կատարման վերահսկողության վերաբերյալ 10-րդ զեկույցը։ Փաստաթուղթը կազմվում է ԵԽ քարտուղարության կողմից և արտացոլում է անցնող տարվա վիճակագրությունը՝ կապված երկրների կողմից ՄԻԵԴ վճիռների իրականացման հետ։

Ըստ զեկույցի՝ 2016թ. վիճակագրությունը դրական միտումներ ունի։ Տարվա ընթացքում փակվել է 2066 գործ, իսկ առկախված գործերի քանակը 2010թ.ից ի վեր 10 000-ից նվազել է (9944)։ Այս դրական զարգացումներին զուգահեռ զեկույցում մտահոգություն է հայտնվում կապված մի շարք հանգամանքների հետ, մասնավորապես՝ առաջատար գործերի քանակի ավելացում, արդարացի բավարարման ժամկետում չվճարում, տեղեկատվության տրամադրման ձգձգում և այլն։

Չնայած վճիռների իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերին, նշվում է, որ որոշ վճիռների իրականացումը կարող է լուրջ բարդությունների տեղիք տալ, մասնավորապես կոմպլեքս կառուցվածքային և կոնվենցիայի շրջանակներում երկրների տարածքային իրավասությանը վերաբերող վճիռների դեպքում, իրականացման գործընթացում ներպետական տարաձայնությունների դեպքում, անհատական միջոցառումներից երկրների հրաժարման դեպքում։
Հայաստանի վերաբերյալ վիճակագրությունը աննախադեպ դրական միտումներ ունի։ 2016թ. վերջին նախարարների կոմիտեում Հայաստանի դեմ կար ընդամենը 19 գործ։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանի դեմ այս թիվը 168 էր, Վրաստանի դեմ՝ 39, Մոլդովայի՝ դեմ՝ 286, ՌԴ դեմ՝ 1573։ 2015թ. փակվել է Հայաստանի վերաբերյալ 17 գործ, իսկ 2016թ.՝ 16 գործ։ Դա նշանակում է, որ իրականացվել են վճիռներով պահանջվող բոլոր միջոցառումները։

«Այս տարվա ԵԽ զեկույցով ՄԻԵԴ վճիռների կատարման հարցերով Հայաստանն առաջատարներից է, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության հարցում առաջատար դեր է զբաղեցնում ԵԽ տարածքում»,- Panorama-ին ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանը։

Հայաստանը հիմնականում հարգում է արդարացի բավարարման վճարումների համար սահմանված ժամեկտները։ 2015թ. տարբեր գործերով Հայաստանը վճարել է 234820 եվրո, իսկ 2016թ.՝ 93585 եվրո։

Հայաստանի մասով որպես բարդ գործեր ներկայացված են Աշոտ Հարությունյանի, Վիրաբյանի և Չիրագովի գործերը։ Վերջինս վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով ադրբեջանցի տեղահանվածներին, ովքեր զրկվել են իրենց սեփականությունից։ Այս վճռի իրականացման վերահսկողությունն այժմ իրականացնում է ԵԽ նախարարների կոմիտեն, որի վերաբերյալ քննարկումը տեղի ունեցավ 2017թ․-ի մարտին, որին մասնակցեցին Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախագահի իրավական հարցերով խորհրդական Էմիլ Բաբայանը։
Ընդունված որոշման մեջ ԵԽ-ն ի գիտություն էր ընդունել Հայաստանի կողմից ներկայացված տեղեկատվությունը ու կոչ արել շարունակել համագործակցությունը ԵԽ քարտուղարության հետ։

ԵԽ նախարարների կոմիտեում հունիսի 6-7-ին անցկացված ՄԻԵԴ վճիռների կատարման վերաբերյալ հերթական քննարկման օրակարգում էր «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» վճիռը, որը վերաբերում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի՝ իրենց տները վերադառնալու և ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելուն կամ արդարացի փոխհատուցում ստանալուն:

«ԵԽ քարտուղարությունից եղավ առաջարկ, ըստ որի և՛ Սարգսյանի, և՛ Չիրագովի վճիռների քննարկումը հետաձգվեց անորոշ ժամանակով»,-Panorama-ին ասաց Գևորգ Կոստանյանը։

Նա նշեց նաև, որ ԵԽ 10-րդ զեկույցում Հայաստանի վերաբերյալ արձանագրվել են մի շարք ձեռքբերումներ, որոնց թվում առանձնացվել են անվտանգության ուժերի համաչափ գործողություններն ու հետաքննության արդյունավետությունը, հասցված վնասի դեպքում այն վերականգնելու իրավունքը՝ մասնավորապես ոչ նյութական վնասի, բարելավվել է դատական որոշումների հիմնավորվածությունը, իրավական դաշտի ճիշտ կարգավորումները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում