ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանը խոստանում է թեժ լինել. ակնկալվում է Պեդրո Ագրամունտի իմպիչմենթը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսի 26-30-ը կայանալիք նստաշրջանը խոստանում է թեժ լինել: Վեհաժողովի առաջիկա նստաշրջանի առաջին իսկ լիագումար նիստի մեկնարկին ակնկալվում է, որ ԵԽԽՎ պատգամավորներն առաջին անգամ իմպիչմենթ կհայտարարեն վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին, եթե վերջինս սեփական կամքով հրաժարական չներկայացնի: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ Պեդրո Ագրամունտը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, ուստի գործելու է նրա համար ամենանվաստացուցիչ սցենարը՝ պատգամավորները նրան իմպիչմենթ կհայտարարեն, որի հնարավորությունը նախկինում չի եղել և միայն վերջերս կանոնադրական հանձնաժողովի կողմից կանոնակարգում կատարված փոփոխությունը հնարավորություն է տալիս պատգամավորներին իմպիչմենթ հայտարարել ԵԽԽՎ նախագահին:

«Ապրիլյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ բյուրոն որոշում ընդունեց, որ Պեդրո Ագրամունտն այլևս վեհաժողովի նախագահը չէ և չի կարող հանդես գալ վեհաժողովի անունից, սակայն հունիսի 7-ին Ագրամունտը նամակ է հղել ԵԽԽՎ քարտուղարին և քաղաքական խմբերին, որտեղ փորձում է հիմնավորել, թե ապրիլյան նստաշրջանում բյուրոյի որոշումը հակասում է ԵԽԽՎ կանոնադրությանը: Ես ենթադրում եմ, որ Ագրամունտը միտք չունի կատարել տղամարդու իր խոսքը և հրաժարական ներկայացնել: Ապրիլյան նստաշրջանի ժամանակ ԵԺԿ քաղաքական խմբի նիստի ընթացքում նիստը նախագահողը նրա անունից փոխանցել էր, որ Ագրամունտը հունիսյան նստաշրջանի ընթացքում ներկայացնելու է հրաժարական: Սակայն դատելով տարբեր ատյաններ նամակներ հղելուց՝ ես ենթադրում եմ, որ նա չի ներկայացնելու հրաժարական, իսկ դա նշանակում է, որ գործելու է երկրորդ սցենարը՝ այսինքն՝ Ագրամունտի համար ամենանվաստացուցիչ սցենարը: Գործելու է կանոնադրական հանձնաժողովի կատարած փոփոխությունը, որով կիրառվելու է ԵԽԽՎ նախագահին իմպիչմենթ հայտարարելու գործընթացը, որը նախկինում չկար: Հիմա դա ամրագրում է կանոնադրական հանձնաժողովը, և, եթե Ագրամունտը չպահի իր տղամարդու խոսքը և հրաժարական չտա, իսկ ես ենթադրում եմ, որ չի հարգելու, հունիսյան նստաշրջանի հենց առաջին նիստում ակնհայտ է մի բան՝ կսկսվի նրան իմպիչմենթ հայտարարելու գործընթացը: Կա բյուրոյի որոշումը, որ նա այլևս ԵԽԽՎ նախագահը չէ և իրավունք չունի ԵԽԽՎ-ի անունից հանդես գալ, ուստի պարզ է, որ նա չի կարող նիստ վարել, ուրեմն կսկսվի նրա իմպիչմենթ հայտարարելու գործընթաց»,- մանրամասնեց Նաիրա Զոհրաբյանը:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամի համար հասկանալի չէ, թե ինչի համար է Ագրամունտը փորձում սրել իրավիճակը, որովհետև միևնույնն է պարզ է, որ ինչպես ապրիլյան նստաշրջանում ԵԽԽՎ պատգամավորները նրան անգամ թույլ չտվեցին մոտենալ ամբիոնին և նիստ վարել, այժմ առավելևս թույլ չեն տալու, քանի որ բյուրոն որոշել է, որ նա այլևս իրավասու չէ հանդես գալ ԵԽԽՎ անունից: «Չեմ հասկանում, թե ինչի համար է նա փորձում լարվածություն ստեղծել, բայց ենթադրությունս մեկն է՝ քանի որ ինքն այլևս գնացող նախագահ է, ուղղակի փորձում է վարկաբեկել այդ կառույցը: Ես կարծում եմ, որ առաջիկա նստաշրջանի ընթացքում ամենաաղմկահարույց դրվագը լինելու է հենց Ագրամունտին իմպիչմենթ հայտարարելու արարողությունը»,– ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը:

Անդրադառնալով վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված մյուս հարցերին՝ Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ առաջիկա նստաշրջանի օրակարգը բավականին հագեցած է: Օրակարգում ներառված են բավականին լուրջ հարցեր՝ մասնավորապես խորհրդարանական վերահսկողությունը կոռուպցիոն դրսևորումների հետ կապված, ինչպես նաև կոռուպցիան բացահայտելու գործում հետաքննող լրագրողների հետ խորհրդարանականների համագործակցության հետ կապված հարցը: «Շատ կարևոր եմ համարում նաև մի զեկույց՝ լրատվամիջոցների անկախության վրա քաղաքական ազդեցությունները թեմայով: Սա կարևոր խնդիր է, որովհետև մենք այսօր տեսնում ենք, որ Եվրոպայի խորհրդի անդամ բազմաթիվ երկրներում լրատվամիջոցները ուղղակիորեն իշխանության և տարբեր քաղաքական շահեր ներկայացնող խմբերի ճնշման տակ են գործում»,– ընդգծեց պատգամավորը:

Վեհաժողովի լիագումար նիստի ընթացքում լինելու է նաև ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի զեկույցը, ում պատգամավորները հարցեր տալու հնարավորություն կունենան: Վեհաժողովի հանձնաժողովներում ևս կան բավականին լուրջ զեկույցներ, որոնք սկզբունքային ու կարևոր են լինելու հայկական պատվիրակության համար: «Հանձնաժողովների օրակարգում բազմաթիվ կարևոր զեկույցներ են ներառված թե՛ փախստականների, թե՛ սառեցված հակամարտությունների գոտիներում ներքին տեղահանվածների խնդիրների վերաբերյալ: Բավականաչափ հագեցած նստաշրջան է լինելու, իսկ հայկական պավիրակությունն այդ նստաշրջանին մեկնելու է նոր կազմով»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ վեհաժողովի լիագումար նիստի օրակարգում կա՞ն հարցեր, որոնց շրջանակներում հայ պատվիրակները հնարավորություն կունենան բարձրաձայնել վերջին շրջանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածությունը սրելու գործողությունների մասին, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Այդ հարցերը, բնականաբար, կքննարկվեն քաղաքական խմբերում: Լիագումար նիստում, ըստ էության, նման հարց ընդգրկված չէ, սակայն քաղաքական խմբերում մենք միշտ էլ այդ հարցը բարձրացնում ենք: Այդ խնդրին պարբերաբար անդրադառնում են նաև ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները: Սահմանային լարվածության խնդիրները միշտ էլ քննարկվում են քաղաքական այն խմբերում, որտեղ թե՛ մենք կանք, թե՛ ադրբեջանական պատվիրակության անդամները: Ավանդաբար սահմանային լարվածությանը հետևող նստաշրջաններում այդ խնդիրները բավականին բուռն քննարկման առարկա են դառնում: Բայց այնպես չէ, որ եվրոպացի պատգամավորները շատ ակտիվ ներգրավվում են այդ խնդիրների քննարկմանը, որովհետև իրենք հասկանում են, որ սա այն հարթակը չէ, որտեղ այդ խնդիրները կլուծվեն»:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը կկայանա հունիսի 26-30-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում