Ադրբեջանին զսպող կարևոր գործոն կլինի հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը. քաղաքագետ

Ադրբեջանին զսպող կարևոր գործոն կլինի հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը:

«Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ էսկալացիայի հավանականությունը մեծ է: Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո չկարողանալով ցանկալի հունով վերսկսել քաղաքական բանակցությունները, ցանկալի զիջումներ կորզել հայկական կողմից, այժմ փորձում է ճնշում գործադրել էսկալացիայի միջոցով: Նման պարագայում Ադրբեջանին զսպող գործոն է հայկական կողմի դիրքորոշման կոշտացումը: Ի դեպ, դա և՛ բանակցային գործընթացում, և՛ սահմանային հատվածում` սեփական կամքը թելադրելու տեսանկյունից: Դրան ինչ-որ առումով ականատես ենք եղել, այդ մոտեցումը պետք է շարունակվի»,-ասաց Նարեկ Մինասյանը:

Ադրբեջանն ապրիլյան պատերազմից հետո որդեգրել է ոչ ադեկվատ կեցվածք, հետևաբար հայկական կողմը պետք է հասկացնի, որ կառուցողական մոտեցումը անսահմանափակ չէ, ինչպես նաև կան կարմիր գծեր, որոնք Ադրբեջանը չպետք է անցնի: Նարեկ Մինասյանն ընդգծեց, որ այստեղ, բնականաբար, համանախագահները որոշակի զսպող դերակատարում պետք է ստանձնեն:

Երբ տեղի ունեցան Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի հանդիպումները, Նարեկ Մինասյանը նշեց, որ հստակ ընկալում կար` բանակցությունները տուժեցին ապրիլյան պատերազմից հետո: Հետևաբար, խիստ անհրաժեշտություն է վստահության վերականգնումը:

«Հայկական կողմը շարունակում է հետևողականորեն հայտնել իր պատրաստակամությունը ապրիլյան պատերազմից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների հետ կապված: Մեր մոտեցումը հետևյալն է, այո, փոխվստահության միջավայրը և հրադադարի ռեժիմի ամրապնդման քայլերը խիստ անհրաժեշտություն են հետագա քաղաքական գործընթացը առաջ մղելու համար: Առանց դրանց բանակցային գործընթացում առաջընթաց չենք կարող ունենալ»,-ասաց Նարեկ Մինասյանը: Քաղաքագետը նկատեց, որ, ի տարբերություն հայկական կողմի, Ադրբեջանը բարձր մակարդակով կասկածի տակ է դնում այն, որ Սանկտ Պետերբուրգում, Վիեննայում պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ չնայած միջնորդները հետևողականորեն բարձրաձայնում են, որ այդ պայմանավորվածությունները պետք է կյանքի կոչվեն:

«Համանախագահները կոչ են անում վերսկսել բանակցությունները, բայց կա պարզ բանաձև. Ինչպե՞ս բանակցել, երբ քեզ վրա կրակում են, փոխվստահության միջավայր չկա: Հետևաբար, նախ պետք է փոխվստահության միջավայր ձևավորել»,-ավելացրեց քաղաքագետը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հունիսին տարածաշրջան կատարած այցի արդյունքներով հայտարարություն են տարածել: Համանախագահները հանդիպել են Երևանում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի (հունիսի 10) և Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի (հունիսի 19) հետ: Երկու մայրաքաղաքներում էլ նրանք խորհրդակցություններ ունեցան արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների հետ: Բաքվի իրենց բանակցությունների ժամանակ համանախագահները խոր մտահոգություն են հայտնել հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնք Ադրբեջան կատարելիք իրենց այցի նախօրեին շփման գծում կորուստների պատճառ են դարձել: Նրանք դիմել են Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափելու հետագա լարումից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում