Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ է հայտնի այս պահի դրությամբ

Առնվազն 13 մարդ է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում իր տակ է առել բազմությանը: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողությոուն, իսկ «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է վերջնական չլինել:

Այս հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է երկու հոգի՝ մարոկացի եւ Մելիլիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում իսպանական միջատարածքի բնակիչ: Սակայն նրանցից ոչ մեկը չի եղել մինիվենի վարորդը: Նա, ինչպես հաղորդվում է, կարողացել է փախչել, եւ այժմ ոսիտիկանությունն սկսել է նրա ինտենսիվ որոնումները:

Այս ահաբեկչական գործողությունն Իսպանիայում ամենաարյունալին է դարձել 2004 թվականի մարտից ի վեր, երբ իսլամիստ զինյալները ռումբեր էին դրել Մադրիդի արվարձանային գնացքներում: Պայթյունի զոհ էին դարձել 191 մարդ եւ ավելի քան 1800-ը վնասվածքներ եւ խեղումներ ստացել:

Օգոստոսի լույս 18-ի գիշերն Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել է երկրորդ ահաբեկչության կանխման մասին, որը պետք է կատարվեր միեւնույն սխեմայով, ինչ որ Բարսելոնայինը, Կամբրիլսե ծովամերձ քաղաքում՝ Բարսելոնայից 100 կիլոմետր հարավ: Չորս կասկածյալներ սպանվել են, եւս մեկը վիրավոր է: Ավելի ուշ վիրավոր հանցագործը մահացել է: Հարձակվողներին հաջողվել է վիրավորել յոթ մարդու, ներառյալ մեկ ոստիկանի:

Բարսելոնայում հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:50-ին (Երեւանի ժամանակով 18:50-ին): Ֆուրգոնը մարդկանցով, ներառյալ զբոսաշրջիկներով լեփլեցուն Ռամբլայի ճեմուղի է մխրճվել Կատալոնիայի հրապարակի կողմից: Ռամբլան քաղաքի կենտրոնական ճեմուղին է, դրա երկարությունը 1,2 կիլոմետր է: Ճեմուղին մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում՝ իր շուկայական առեւտրաշարքերով, բարերով, սրճարաններով եւ ռեստորաններով: Տակը գցելով մարդկանց՝ մինիվենը զիգզագներով ավելի քան 500 մետր ընթացել է ժամում շուրջ 80 կիլոմետր արագությամբ եւ կանգ առել Բոկերիայի հրապարակում: Այս պահի դրությամբ հայտնի է 13 զոհվածների մասին: Վիրավորների թիվը մոտենում է հարյուրի, նրանցից 15-ը ծանր վիճակում են: Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ զոհերի մասին տվյալները վերջնական չեն:

Իսպանիայի պաշտոնատար անձանց տեղեկատվությամբ՝ Բարսելոնում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներն ու վիրավորներն առնվազն 18 երկրների քաղաքացիներ են: Հարձակման մասնակիցների ստույգ թիվը մինչ այժմ հայտնի չէ:

Ահաբեկչությունից շատ չանցած տեղակայված ուղեփակոցներից մեկում մի այլ ավտոմոբիլ վրաերթի է ենթարկել երկու ոստիկանների: Վարորդին գնդակահարել են, պարզվել է, որ տեղի ունեցածն առնչություն ունի ճեմուղու ահաբեկչության հետ: Դրանից մեկ օր առաջ բնակելի տանը պայթյուն է տեղի ունեցել Ալկանարում՝ Բարսելոնայից ոչ հեռու ափամերձ քաղաքում: Օգոստոսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել, իսկ տունը քանդվել է: Ոստիկանությունն այդ պայթյունը կապում է Բարսելոնայում կատարված հարձակման հետ: El Pais թերթի տվյալներով՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են պրոպանով եւ բուտանով բալոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում