Հայաստանում ԶՈՒ գործողություններին մասնակցելու կամավորական շարժումը կկարգավորվի օրենքով

«Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագծով կարգավորվում են զինված ուժերի գործողություններին կամավորականների մասնակցության հետ կապված հարցերը: Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Զինված ուժերում մասնակցության կամավորությունը շատ հարազատ է մեր ժողովրդին, և այս տարիների մեր բանակաշինությունը, նաև ապրիլյան գործողությունների փորձը ցույց են տվել, որ կամավորական շարժումը մեծ ներուժ ունի և պետք է լիարժեք իրավական կարգավորման հիմքով տեղ գտնի օրենսդրության մեջ: Մենք այս նախագծում նման տեղ թողել ենք` նախատեսելով, որ կամավորական սկզբունքով կարող են պահեստազորային նախապատրաստում անցնել այն քաղաքացիները, ովքեր ենթակա չեն պարտադիր հաշվառման պահեստազորում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Սարգսյանը:

Նրա գնահատմամբ` կամավորականությունը չպետք է խանգարի սահմանադրական պարտականության կատարմանը: «Եթե քաղաքացին զինապարտ է որպես պահեստազորում հաշվառված անձ, նա պետք է առաջնորդվի ոչ թե կամավորականության սկզբունքով, այլ իր զինկոմիսարիատի կողմից իրեն տրված առաջադրանքով ներկայանա նշված վայր նշված օրը: Սակայն մենք ունենք տարիքային խմբեր, զորակոչի և հաշվառման ոչ ենթակա խմբեր, որոնք կարող են կամավորականության սկզբունքով համալրել համապատասխան ստորաբաժանումները: Մեր դիրքորոշումը մեկն է` որ կամավորականությունն ավարտվում է զինկոմիսարիատի դռան մոտ: Այն պահին, երբ քաղաքացին ներկայացել է, բանակը պարտավոր է նախանշել նրա ծառայության վայրը, ստեղծել պայմաններ, ապահովել երաշխիքներ, տալ իրավական կարգավորում, որպեսզի քաղաքացին լիարժեք օգտվի զինված ուժերի մասնակցի կարգավիճակից և դրանից բխող բոլոր հետևանքներից»,– պարզաբանեց Վիգեն Սարգսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում