Արցախում ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի զույգ ստորին վերջույթներն անդամահատման են ենթարկվել

Արցախում ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորներից մեկի զույգ ստորին վերջույթներն անդամահատման են ենթարկվել

Արցախի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում հակատանկային ականի պատահական պայթյունի հետևանքով վիրավորում ստացած եւ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Արամ Մկրտչյանի (ծնվ. 1974 թ.) վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով: Նրա մոտ առկա էր ներքին արյունահոսություն, փայծաղի պատռվածք. կատարվել էր փայծաղի հեռացում:

Արցախի առողջապահության նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ ականի պայթյունի հետեւանքով վիրավորված մյուս հիվանդի` Գարիկ Ղահրիյանի (ծնվ. 1987թ.) վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կա թեթև դրական տեղաշարժ, հեմոդինամիկ տվյալները կայուն են: «Նրա մոտ կատարվել էր զույգ ստորին վերջույթների անդամահատում, ուներ հեմոռագիկ շոկ երրորդ ու չորրորդ աստիճանի, լրացուցիչ հետազոտությունների արդյունքում ի հայտ են եկել ողնաշարի գոտկային մասի երրորդ, չորրորդ ողերի ու փոքր կոնքի ոսկրերի կոտրվածքներ»,-տեղեկացրին նախարարությունից:

Միջադեպը գրանցվել էր մարտի 29-ի առավոտյան: Միջազգային «HALO Trust» կազմակերպության աշխատակիցները, ովքեր Ղազանչի տեղանքում էին ականազերծման աշխատանքներ կատարելու նպատակով, մեքենայով պայթել են ականի վրա: Դժբախտ պատահարի հետեւանքով երեք մարդ մահացել է, երկուսը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում