Ապրիլյան պատերազմում Ադրբեջանին հնարավորություն չտրվեց լուծել իր առջեւ դրված խնդիրները

Ապրիլյան պատերազմում Ադրբեջանին հնարավորություն չտրվեց լուծել իր առջեւ դրված խնդիրները

Ակնհայտ է, որ երկու տարի առաջ Ադրբեջանն իր առջեւ չէր դրել Ղարաբաղը հետ վերցնելու խնդիր: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ այդ խնդիրը լոկալ էր, այսինքն՝ Ադրբեջանը ցանկանում էր շփման գծում հասնել փոփոխության, ապա դրանից քաղաքական դիվիդենտներ շահել:

«Այդ նպատակին հասնելու համար Ադրբեջանը մշակել էր համապատասխան մարտավարություն»,-ասաց նա եւ հավելեց, որ Ադրբեջանը գնաց այդ մարտավարությանը, որպեսզի մեր հետախուզությունը չբացահայտի, որ այն զինտեխնիկա է կուտակում:

Նրա խոսքով՝ դա բավականին լավ մշակված ծրագիր էր, եւ, չնայած դրան, հաշվի առնելով ստեղծված իրականությունը՝ ադրբեջանցիները կարողացան հաջողություն ունենալ միայն հարձակման գիշերը, երբ հայկական կողմերի զգոնությունն այնքան էլ բարձր չէր, իսկ անմիջապես հետո, երբ սկսեց գործել Ղարաբաղի պաշտպանական մեխանիզմը, նրանք նահանջեցին:

«Մենք ունեցել ենք տարածքային կորուստ, սակայն մեզ հաջողվեց նրանց թույլ չտալ հասնել իրենց նպատակին. ադրբեջանական բանակը չկարողացավ լուծել իր առջեւ դրված խնդիրները՝ տալով մեծաթիվ զոհեր եւ զինտեխնիկայի կորուստ: Նրանք նույնիսկ չկարողացան օգտագործել իրենց ռազմաօդային ուժերի հնարավորությունները՝ չնայած որ դրանք մեզ գերազանցում էին»,-նշեց Վաղարշակ Հարությունյանը եւ ընդգծեց, որ մեր տեխնիկային վնաս հասցվել է հիմնականում «Spyke» հակատանկային հրթիռային համակարգից, ինչպես նաեւ արդյունավետ են եղել նրանց անօդաչու սարքերը, որոնք եւ՛ հետախուզական են, եւ՛ մարտավարական:

Պաշտպանության նախկին նախարարը հավելեց, որ, ի վերջո, այս ամենի արդյունքում Ադրբեջանը ստացավ այն, ինչ չէր ուզում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում