Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին

Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից». Սենոր Հասրաթյանը՝ Սասուն Միքայելյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, Panorama.am: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանն անդրադարձել է «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող Սասուն Միքայելյանի՝ Թալինում արված հայտարարությանը։

«Ե՞րբ է մարդու ասածը ոչ միանշանակ ընդունվում: Երբ ասելիք չունի, բայց ունի խոսելու ցանկություն: Ապացույցը Սասուն Միքայելյանի կողմից այսօր արված հայտարարությունը կամ ավելի ճիշտ՝ համազգային երևույթները մեկը մյուսին վերադասելու կամ ստորադասելու փորձը:

Հ. Գ. Աշխատեք հրաժարվել այդ «սովորությունից», մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մեր հազարավոր հերոս նահատակների արյամբ կերտված Արցախյան հերոսամարտին»,- ֆեյսբուքյան էջում գրել է Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ Սասուն Միքայելյանը այսօր Թալինում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հեղափոխության մասին խոսելով, հայտարարել էր. «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը…»։

Ազատամարտիկի խոսքերը սոցիալական ցանցերում դժգոհության մեծ ալիք էին բարձրացրել, օգտատերերը, մասնավորապես, վրդովվել էին երկու երևութներն իրար հետ համեմատելու պատճառով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում