Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ Նախագահի` 2015 թ. ապրիլի 24-ին Երևան այցելելու հրավերը

Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ԻԻՀ Նախագահ Հասան Ռոհանիի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ  Իրան կատարած պաշտոնական այցը կնպաստի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, նոր ներդրումների ներգրավմանը: «Հայաստանում բարձր են գնահատում Իրանի Իսլամական Հանրապետության հետ ձևավորված սերտ, բարիդրացիական հարաբերությունները, որոնք խարսխված են մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամության հիմքերի վրա: Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Ձեռք բերված պայմանավորվածությունները հիմնականում իրականացվում են, ինչը վկայում է երկու երկրների միջև առկա բարեկամական և գործնական կապերն ավելի խորացնելու երկուստեք վճռականության մասին»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Ինչպես Times.am-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հասան Ռոհանին, ողջունելով Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը ԻԻՀ, նշել է, որ այն կնպաստի հայ-իրանական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանը տարբեր բնագավառներում: ԻԻՀ նախագահի խոսքով` Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացմանը:

Զրուցակիցները կարևորել են մի շարք ոլորտներում, մասնավորապես, էներգետիկ, գյուղատնտեսական, մշակութային համագործակցության խորացումն ու ընդլայնումը:

Վարչապետ Հովիկ  Աբրահամյանը նշել է, որ  Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների և օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ  Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար: Իրանի Նախագահը բարձր է գնահատել հայ համայնքի դերակատարությունը երկրի տարբեր ոլորտների զարգացման գործում:

Կողմերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի և տարածաշրջանային խնդիրներին: Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը հետամուտ է միայն խաղաղ ճանապարհով խնդրի կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Երկուստեք ընդգծվել է տարածաշրջանային հակամարտությունների խաղաղ կարգավորման կարևորությունը և տարածաշրջանում կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը Հասան Ռոհանիին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը` ներկա գտնվելու 2015թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը:

Իրանի Նախագահն իր հերթին ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին է փոխանցել  իր ջերմ բարեմաղթանքները: Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանն Իրանի նախագահի հետ քննարկել է  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում