ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար. «Մեր գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը»
Նմանատիպ
Մարտի 22-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկային, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը ակտիվորեն ներգրավված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի շրջանակներում իրականացվող համագործակցության ու կառույցի աշխատանքների մեջ եւ այդ մասին է խոսում այն փաստը, որ Հայաստանի արտգործնախարարը առաջին ԱԳ նախարարն էր, որ դեռեւս 2009 թ. այցելել է կազմակերպության՝ Վարշավայում գտնվող կենտրոնակայան:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը՝ ընդգծելով, որ այդ նպատակով միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը, մի շարք այլ կարեւոր քայլեր են ձեռնարկվել, որոնք դրական գնահատական են ստացել միջազգային հանրության կողմից:
Ռադմիլա Շեկեռինսկան շնորհակալություն հայտնեց դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին հղած հրավերի համար եւ նշեց, որ իրենց գլխավոր նպատակն է աջակցել ընտրական գործընթացի բարելավմանը եւ այդ գործում դիտորդները անաչառ են լինելու:
Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետեւեն 24 երկարաժամկետ եւ 250 կարճաժամկետ դիտորդներ:
Նախարար Նալբանդյանը վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու առաքելության աշխատանքներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում