Ա.Մարտիրոսյան. «Որոշ կուսակցություններ ակտիվորեն զբաղվում են «Ժառանգության» Սև PR-ով»

«Ընդհանուր առմամբ, հանգիստ ենք տանում քարոզարշավը: Այն մեր աշխատանքային գործունեությունից շատ չի տարբերվում»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ժառանգություն» կուսակցության անդամ, 6-րդ ընտրատարածքի մեծամասնական թեկնածու Արմեն Մարտիրոսյանը:

Նա նաև ասել է, որ սկզբում իրենց սպասելիքներն ավելի համեստ էին, իսկ հիմա իրենք հույսեր ունեն համամասնական ցուցակում առաջատար լինել: Ըստ նրա՝ այս ՝ պատճառը, որ որոշ կուսակցություններ ակտիվորեն զբաղվում են իրենց Սև PR-ով: Ա.Մարտիրոսյանը նաև նշելէ, որ «Ժառանգություն»-ը դարձել է թիրախ այն մարդկանց համար, ովքեր հայտնվել են ՀՀ երեք նախագահներից որևէ մեկի կողմնակիցների ցանկում:

«ՀԱԿ անդամներից մի թեկնածու ծեծել էր մեր կուսակցության ներկայացուցիչներից մեկի բարեկամի դուռը, և ասել, որ «Ժառանգություն»-ը ծախվել է: Երբ նրանք ասել էին, որ հիմա կհրավիրենք մեր կուսակցության ներկայացուցչին դա պարզելու համար, նա արագ հեռացել էր: Կամ շատերի համար խոսակցության թեմա է դարձել մեր կուսակցության անդամներից ոմանց նախկին կուսակցական կամ գաղափարական պատկանելությունը: Ասեմ, որ «Ժառանգություն»-ը հենց դրանով է ուժեղ, որ իր թիմում կան ամենատարբեր գաղափարներ ունեցող մարդիկ, այն զուրկ է ցանկացած դոգմաներից»,-շեշտել է «Ժառանգության» թեկնածուն:

Խոսելով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությունից` ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամն ընդգծել է, որ «այդ երկու ուժերի միջև մերձեցումը շատ ակնհայտ է: Նույնիսկ տեղեկություն կա, որ ԲՀԿ-ն աջակցել է ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուներին»:

Անդրադառնալով լրատվամիջոցների անաչառության հարցին՝ բանախոսը նշել է, որ գոհ է մամուլի աշխատանքից՝ բացառությամբ մեկերկու լրատվամիջոցների, ինչպես օրինակ՝ «Երկիր մեդիա»-ն, ով «անաչառ չէ «Ժառանգության» նկատմամբ»: Նա տեղեկացրել է, որ վերջերս «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է եղել և դժգոհ է մնացել. «Լրագրողական էթիկայի խայտառակության կիզակետ էր և հստակ քաղաքական պատվերի հոտ էր փչում: Հարցը տալիս են, չեն սպասում որ պատասխանես»:

Միևնույն ժամանակ Ա. Մարտիրոսյանը հույնս է հայտնել, որ այս ընտրություններն աննախադեպ կլինեն, որովհետև գոնե տեղամասերում ծեծուջարդ չի լինի: «Նվազագույն հույսն այն է, որ գոնե Հրազդանի նման ընտրություններ լինեն, և տեղամասերում նորմալ իրավիճակ կլինի: Ես դա շատ եմ կարևորում, որովհետև երբ տեղամասերում ծեծ ու ջարդ է լինում, դա հոգեբանական հարված է ընտրողի վրա, ինչն էլ ազդում է ընտրությունների և´ ընթացքի, և´ որակի ու, բնականաբար, արդյունքների վրա»,- համոզված է Ա. Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում