Վրաստանի պաշտպանության փոխնախարարը 9 ժամ հարցաքննվել է

Վրաստանի գլխավոր դատախազությունը հանրապետության պաշտպանության փոխնախարար Ալեքսի Բատիաշվիլիին՝ որպես վկայի, ավելի քան 9 ժամ հարցաքննել է 4 մլն 102 հազար լարիի (մոտավորապես 2,3 մլն դոլար) վատնման գործով:

Խոսքը Վրաստանի պաշտպանության նախարարության և Silknet հեռահաղորդակցական ընկերության միջև օպտիկաթելքային մալուխի և ցանցային սարքավորանքի գնման վերաբերյալ 2013 թվականի դեկտեմբերի 26-ին ձեւակերպված համաձայնագրի մասին է: Հետաքննությունը պնդում է, որ պաշտպանության նախարարության հայտամրցույթի արդյունքները կեղծված են հօգուտ Silknet-ի:

Բատիաշվիլին դատախազության շենքից հեռացել է առանց մեկնաբանությունների: Հարցաքննությունից առաջ նա հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ և պատասխանել դատախազության բոլոր հարցերին:

Ինչպես հայտարարել են դատախազությունում, Բատիաշվիլին, որը ստորագրել է Silknet-ի հետ համաձայնագիրը, այդ ընկերության ֆինանսական տնօրենի մերձավոր ազգականն է: Բատիաշվիլին հաստատել է այդ տեղեկատվությունը, բայց նշել է, որ վաղուց չի շփվել այդ մարդու հետ:

Թբիլիսիի քաղաքային դատարանն արդեն նախնական կալանքի տակ է վերցրել հինգ մեղադրյալների՝ պաշտպանության նախարարության գործող և մեկ նախկին պաշտոնյայի, որոնք ձերբակալվել են հոկտեմբերի 28-ին:

Ավելի վաղ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, թե ինքը մի քանի հարց ունի տալու պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային: Իր հերթին Ալասանիան, որն իր գերատեսչության պաշտոնյաների ձերբակալման ժամանակ պաշտոնական այցով գտնվում էր արտասահմանում, վստահ է կալանավորվածների անմեղությանը:

Պաշտպանության նախարարությունը նաև հայտարարել է, որ դատախազության կողմից քրեական գործի հարուցման կապակցությամբ պատրաստ է գաղտնազերծել օպտիկաթելքային մալուխի և ցանցային սարքավորանքի գնմանը վերաբերող փաստաթղթերը, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում