Yerevan
8
+15°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց

Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց

Արցախի Պահպանության Կոմիտեի հայտարարությունը ՀՀ վարչապետի՝ Ղարաբաղյան շարժման դադարեցման վերաբերյալ ելույթի կապակցությամբ.

2025 թ․ ապրիլի 16-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված հայտարարությունը, ըստ որի «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու», Արցախի Պահպանության Կոմիտեն գնահատում է որպես պետության ու ժողովրդի շահերի դեմ ուղղված քաղաքականության հերթական դրսևորում։

Կոմիտեն արձանագրում է, որ նման մոտեցումները լրջորեն վտանգում են ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, ինքնիշխանությունը և պետական շարունակականությունը։ Ղարաբաղյան շարժումն իր էությամբ ազգային-ազատագրական շարժում էր, որն ուղղված էր ոչ միայն Արցախի ազատագրմանը, այլև հայ ժողովրդի պատմական իրավունքների վերականգնմանը և միասնականության ամրապնդմանը։

Այսպիսով, նման հայտարարությունները և քաղաքական կուրսը`

Աղավաղում են պատմական ճշմարտությունը, քանի որ Ղարաբաղյան շարժումը կարճաժամկետ քաղաքական ակցիա չէ, այլ ազգային դիմադրության ու ինքնորոշման իրավունքի իրացման գործընթաց։ Հրաժարումը այդ պայքարից հավասարազոր է սեփական պատմության ժխտմանը։

Դարձնում են անտեսանելի միջազգային իրավունքները, քանի որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ոչ մի կերպ չի չեղարկվել։ Փակված էջ հայտարարելը փաստացի նշանակում է հրաժարում այս իրավունքը միջազգային հարթակում պաշտպանելուց։

Պառակտում են հայ ժողովրդի միասնականությունը, քանի որ նման հայտարարությունները խորը բաժանարար գիծ են գծում Հայաստանի և Արցախի հայության միջև։ Արցախը Հայաստան է, և մերժելով Ղարաբաղյան շարժումը՝ դուք մերժում եք մեր համահայկական միասնական պայքարը։

Արցախի Պահպանության Կոմիտեն հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժման արժեքները մնում են արդիական և կենսական՝ անկախ քաղաքական իշխանության ժամանակավոր հայտարարություններից։ Մենք շարունակում ենք հանդես գալ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանության։

Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին վերանայել իրենց դիրքորոշումը և գիտակցել, որ ազգային-պետական շահերը չեն կարող փոխարկվել կարճաժամկետ քաղաքական հարմարության։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին վերանայել իրենց այս վտանգավոր դիրքորոշումը՝ գիտակցելով, որ ազգային-պետական շահերի զոհաբերումն իբր քաղաքական ճկունության անվան տակ հղի է անդառնալի հետևանքներով թե՛ պետության անվտանգությանը, թե՛ պատմական պատասխանատվությանը:

Արցախի Պահպանության Կոմիտեն ստեղծվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության, մշակույթի պահպանման և պատմական հայրենիք վերադարձի պայքարը շարունակելու համար՝ ձգտելով միջազգային մակարդակում վառ պահել Արցախի և արցախահայության հարցը։

Արցախի Պահպանության Կոմիտե

Հետևեք մեզ նաև Telegram-ում