«Պաշտոնակռիվը խելամիտ չէ, Արցախում վճարովի պաշտոն չկա»․ Մետաքսե Հակոբյանը՝ Սամվել Բաբայանի մասին շրջանառվող լուրերի շուրջ

Նմանատիպ
Մայիսի 21-ին լրանում է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ Ապրիլի 15-ին, Երևանում, Արցախի ԱԺ-ն ընդունել է սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով պահպանել է նախագահի ինստիտուտը։
Վերջին օրերին մամուլում հայտնվում են հրապարակումներ այն մասին, որ Շահրամանյանը դեռ չի հստակեցրել՝ արդյոք պատրաստվում է առաջադրվել, թե ոչ։ Նա պարզապես հորդորել է ընդունել սահմանադրական փոփոխությունները՝ որպես նախագահի ինստիտուտի պահպանման կարևորություն։
Բացի այդ, շրջանառվում են լուրեր, թե նա, այսպես ասած, «ձեռքերը լվացել է» ամեն ինչից և չի մասնակցում արցախցիների կողմից կազմակերպված ակցիաներին։
«Հրապարակումները շատ են և հիմնականում՝ հակասող։ Իսկ որևէ մեկը չափե՞լ է, թե ինչպես է նա ձեռքերը լվացել, կամ՝ իսկապե՞ս է լվացել ձեռքերը»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Շահրամանյանին պաշտպանելու ցանկություն կամ պատճառ ինքը չունի, պարզապես ցանկանում է հասկանալ, թե ինչի հիման վրա են այդ ենթադրություններն արվում։
«ՀՀ-ում գործելով այս իշխանությունների ճնշումների ներքո՝ շատ դեպքերում տարվող աշխատանքը հանրայնացվել չի կարող։ Մենք՝ մեր առաքելությունը գիտակցող մարդիկ, հասկանում ենք, որ գտնվում ենք շատ ավելի բարդ վիճակում, քան գուցե սովորական առօրյայով ապրող արցախցիները։ Քանի որ այն առաքելությունը, որն այսօր իրականացնում ենք, կատարվում է ամենադժվար պայմաններում։ Այս մեկուկես տարվա ընթացքում մեր գործունեությունն ուղղված է մեր՝ Արցախ վերադառնալու իրավունքի իրացմանը։
Մեր աշխատանքը հենց այս ուղղության վրա է կենտրոնացած, որը հաճախ հանրայնացման ենթակա էլ չէ։ Գուցե հենց դա է պատճառը, որ որոշներին թվում է՝ «ձեռքերը լվացել են»»,- նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Արցախի նախկին ՊԲ հրամանատար և նախկին ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը պատրաստվում է առաջադրվել նախագահի պաշտոնում, Մետաքսե Հակոբյանը պատասխանեց.
«Ցավոք, այդ երկակի խաղերը շարունակվում են։ Ես չեմ կարող հաստատել կամ հերքել, քանի որ որևէ առնչություն չունեմ ո՛չ իր, ո՛չ իր թիմի հետ։ Բայց ԱԺ-ում կամ մեր հանդիպումների ժամանակ նման կարծիք հանրային կերպով չի հնչել։ Իրենք հիմնականում շատ լուռ են»։
Հակոբյանն հիշեցրեց, որ երբ Սամվել Շահրամանյանը առաջադրվեց նախագահի թեկնածու, ԱԺ-ն միայն նրա տվյալներն էր ստացել, և այլ թեկնածու չէր ներկայացվել։ Այնուհետև այս ամենը դարձավ շահարկման առարկա։
«Եթե մարդը ցանկանում է առաջադրվել, նախ պետք է փաստաթղթերը ներկայացնի։ Այն ժամանակ նման բան չեղավ, հետո սկսեցին շահարկել։ Հիմա էլ՝ եթե կա ցանկություն, թող առաջադրվեն։ Բնական է՝ ով առավելագույն ձայներ հավաքի, նա էլ կդառնա նախագահ։
Ինձ զարմացնում է պաշտոնների ձգտելու ձգտումը, քանի որ այսօրվա իրականության մեջ պաշտոնի համար պայքարելը խելամիտ չեմ համարում։ Եթե կան մարդիկ, ովքեր ձգտում են պաշտոնների, ապա նրանք լավ աչքով չեն դիտարկվում, քանի որ սկսում են առաջանալ կասկածներ, թե նրանք հատուկ նպատակով ուղղորդվող մարդիկ են, որոնք պետք է սպասարկեն իշխանությունների օրակարգը։
Արցախի ներկայացուցչությունում որևէ վճարովի աշխատանք, առավել ևս պաշտոն, գոյություն չունի։ Այսինքն՝ խնդիրը պաշտոն ունենալը չէ։ Նախևառաջ պետք է կենտրոնանալ մեր՝ Արցախ վերադառնալու իրավունքի իրացման վրա, ապա՝ մեր ժողովրդի արժանապատիվ գոյության հնարավորության վրա՝ Հայաստանում՝ մինչև մեր վերադարձը հայրենիք»։
Մետաքսե Հակոբյանի գնահատմամբ՝ Սամվել Բաբայանի վերաբերյալ լուրերը հիմնականում տարածում է իշխանությունների քարոզչամեքենան։
«Մարդկանց փորձում են համոզել, թե Բաբայանը միակն է։ Տարածվում են նաև թեզեր, թե նա ո՛չ նախկին է, ո՛չ ներկա։ Կարծում եմ՝ այդ ուղղորդումները կատարվում են իշխանությունների կողմից։
Քավ լիցի, մենք համաձայնության ենք եկել, որ մեր մեջ թշնամություն չպետք է լինի։ Եթե կա մարդ, ով ցանկանում է առաջադրվել և պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, ապա թող առաջադրվի՝ համապատասխան ընթացակարգի համաձայն։
Բայց կարծում եմ՝ ալիքներ բարձրացնելը, դատարկ տակառներ զնգացնելը ժողովրդին որևէ օգուտ չի տալիս։ Դա նույնիսկ կարող է զայրացնել։ Եվ ես չեմ բացառում, որ այդ ալիքներն ուղղորդվում են հենց իշխանությունների կողմից»,- եզրափակեց պատգամավորը։