Չինաստանը կենտրոնացել է Կանադայի նավթի վրա՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի պատճառով․ Bloomberg

Նմանատիպ
Չինական նավթավերամշակող ընկերությունները մոտ 90%-ով կրճատել են ԱՄՆ-ից նավթի գնումները և միաժամանակ կանադական նավթի ներկրումը հասցրել ռեկորդային ցուցանիշների: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Հաշվի առնելով առևտրային պատերազմը՝ քիչ հավանական է, որ Չինաստանը կավելացնի ԱՄՆ-ից նավթի գնումները։ Նրանք չեն հենվի միայն Ռուսաստանից կամ Մերձավոր Արևելքի երկրներից մատակարարումների վրա։ իսկ Կանադայից ցանկացած մատակարարում կընդունվի որպես լավ նորություն»,-գործակալությանը տված հեռախոսազրույցում հայտարարել է Կանադա-Չինաստան էներգետիկ ֆորումի նախագահ Ցզյան Վենժանը։
Bloomberg-ի տվյալներով՝ ԱՄՆ-ից Չինաստան նավթի ներմուծումը կրճատվել է ամսական մինչև 3 միլիոն բարել։ Մինչդեռ Կանադայից մատակարարումները մարտին հասել են ռեկորդային 7,3 միլիոն բարելի և ապրիլին կարող են էլ ավելի աճել: Ընդ որում, կանադական նավթի մատակարարումների աճը հնարավոր է դարձել Trans Mountain խողովակաշարի ընդլայնման գործարկման շնորհիվ, որն աշխատանքն սկսել է անցյալ տարվա մայիսին և Ալբերտա նահանգի հանքավայրերը կապել Բրիտանական Կոլումբիա նահանգի ափերի հետ:
Գործակալությունը նշում է, որ Կանադան առաջարկում է համեմատաբար էժան նավթ՝ ծծմբի բարձր պարունակությամբ, որը հարմար է ժամանակակից չինական նավթավերամշակման գործարանների համար: Միևնույն ժամանակ, կանադական մատակարարումները գրավիչ են դառնում Պեկինի համար, քանի որ Իրաքից և Մերձավոր Արևելքի այլ երկրներից նմանատիպ սորտերը շարունակում են մնալ ավելի թանկ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում