Ասում են՝ Արցախի նախագահը դղյակներ ու բիզնեսներ ունի, բայց ես ապրում եմ 60 քմ բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ․ Սամվել Շահրամանյան

Ասում են՝ Արցախի նախագահը դղյակներ ու բիզնեսներ ունի, բայց ես ապրում եմ 60 քմ բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ․ Սամվել Շահրամանյան

Այս, այսպես կոչված, թալանը պրոյեկտվում է բոլոր արցախցիների վրա։ Մի խումբ մարդիկ օգտվել են այս ամեն ինչից, բայց արցախցիներն են կրում այդ պատասխանատվությունը բոլորի համար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

Նրա փոխանցմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամը բռնի տեղահանումից հետո չի գործում, խոսքը Արցախում տեղի ունեցած գործողությունների մասին է։

«Ներդրումային հիմնադրամը հենց դրա համար է ստեղծվել, որպեսզի տրամադրի գումարներ ներդրումներ իրականացնելու համար։ Հիմա բոլորին մեղադրում են թալանի մեջ, բայց դա պետք է ստանա իրավական գնահատական»,- նշեց Արցախի նախագահը։

Շահրամանյանը շեշտեց, որ ժողովուրդը պետք է ճշմարտությունը իմանա․ «Տարբեր քննարկումներ են գնում, որ Արցախի նախագահն ապրում է դղյակներում, ունի բիզնեսներ՝ տաքսի սերվիսներ, գազի «զապրավկաներ» է ձեռք բերել։ Այս ամեն ինչը ճշմարտությանը չի համապատասխանում։ Ես Երեւան քաղաքում ապրում եմ 2012 թվականին իմ կողմից ձեռք բերված 60 քմ-ոց երկու սենյականոց բնակարանում՝ իմ 5 հոգանոց ընտանիքի հետ»։ Հարցին, թե ի՞նչ կլաններ են օգտվել Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցներից, որոնց մասին խոսում են բողոքի ցույց անող արցախցիները, Շահրամանյանը պատասխանեց, որ այս շահարկումները հաշվի առնելով՝ իրենք դիմել են Գլխավոր դատախազություն։ Դատախազությունը պետք է տա իրավական գնահատական, եւ հանրությունը տեղյակ լինի, թե ովքեր են այդ մարդիկ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում