Ճապոնիան 1999թ․ ի վեր առաջին անգամ բրինձ է ներկրել Հարավային Կորեայից

Ճապոնիան 1999թ․ ի վեր առաջին անգամ բրինձ է ներկրել Հարավային Կորեայից

Բրնձի դեֆիցիտի պատճառով Ճապոնիան 1999 թվականից ի վեր առաջին անգամ Հարավային Կորեայից է այն ներկրել։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։

Bloomberg-ի տվյալներով՝ ներմուծման գործարքը կազմակերպել է Կորեայի Հանրապետության գյուղատնտեսական կոոպերատիվների ազգային ֆեդերացիայի Ճապոնական գրասենյակը։ Այն 2 տոննա բրինձ է գնել Հարավային Կորեայից, այնուհետև վաճառել է Ճապոնիայում տեղական սուպերմարկետների և առցանց կայքերի միջոցով։ Կա տեղեկություն, որ մինչև շաբաթվա վերջ Ճապոնիա կժամանի ևս 20 տոննա հարավկորեական բրինձ:

Ճապոնիայի գյուղատնտեսության, անտառաբուծության և ձկնորսության նախարարության տվյալներով՝ ապրիլին երկրում բրնձի գներն ավելի քան երկու անգամ բարձր են եղել, քան մեկ տարի առաջ։ Փորձագետները գների աճը բացատրում են գործոնների համադրությամբ՝ 2024 թվականին բնական աղետների և շոգի պատճառով բերքի վատացումը, դեպի Ճապոնիա զբոսաշրջային հոսքի վերականգնումը, որը մեծացնում է բրնձի պահանջարկը։

Ըստ Bloomberg-ի՝ Հարավային Կորեան սկսել է բրինձ ներմուծել Ճապոնիա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պրոտեկցիոնիստական քաղաքականության ֆոնին, որը բարձրացրել է մաքսատուրքերը աշխարհի երկրների մեծ մասի համար: Սեուլը, Տոկիոն և Պեկինը փորձում են առևտրային հարաբերություններ հաստատել միմյանց հետ, որպեսզի հարթեն Թրամփի քաղաքականության ազդեցությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում