ԱՄՆ-ը դիտարկում է Չինաստանի համար մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը․ WSJ

ԱՄՆ-ը դիտարկում է Չինաստանի համար մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունը․ WSJ

Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի նվազեցման հնարավորությունն այս պահին ուսումնասիրվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում՝ որպես Պեկինի հետ լարվածության նվազեցման քայլ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ Wall Street-ի տեղեկությունների՝ տուրքերը, հավանաբար, կարող են կրճատվել 50-65%-ով։ Ամերիկյան իշխանություններն ուսումնասիրում են նաև մաքսատուրքերի նվազեցման տարբերակված մոտեցում կիրառելու հնարավորությունը։ Նշվում է, որ Թրամփն այս հարցի վերաբերյալ դեռևս վերջնական որոշում չի կայացրել, այդ քայլի իրականացման հնարավոր տարբերակների շուրջ քննարկումները շարունակվում են:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի կարծիքը մեջբերելով՝ապրիլի 22-ին Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնն ու Պեկինը չեն կարող պահպանել առևտրային հարաբերություններում լարվածության ներկայիս մակարդակը, ուստի երկու կողմերը ստիպված կլինեն ուղիներ փնտրել դեէսկալացիայի համար:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կնվազեցնի չինական ապրանքների մաքսատուրքերը, սակայն չի զրոյացնի դրույքաչափը: Այժմ ՉԺՀ-ից ապրանքների համար ամերիկյան սակագների մակարդակն ընդհանուր առմամբ հասնում է 145%-ի։ Պեկինը պատասխան միջոցներ է սահմանել՝ ԱՄՆ-ից ներմուծման նկատմամբ առևտրային արգելքը կազմում է 125%։

Հետևեք մեզ նաև Telegram-ում