Կալիֆորնիայի տնտեսությունը չորրորդն է աշխարհում

Նմանատիպ
Կալիֆորնիա նահանգի տնտեսությունը ծավալով առաջ է անցել Ճապոնիայից՝ աշխարհում զբաղեցնելով չորրորդ տեղը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը։
«Արժույթի միջազգային հիմնադրամի և ԱՄՆ տնտեսական վերլուծության բյուրոյի տվյալների համաձայն ՝ Կալիֆորնիան պաշտոնապես առաջ է անցել Ճապոնիայից և դարձել է աշխարհի չորրորդ խոշորագույն տնտեսությունը»,- ասվում է նահանգապետի կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Արժույթի միջազգային հիմնադրամի և Բյուրոյի մասնագետների տվյալներով՝ Կալիֆորնիայի ՀՆԱ-ն 2024 թվականին կազմել է 4,1 տրլն դոլար, իսկ Ճապոնիայի ՀՆԱ-ն՝ 4,02 տրլն դոլար։ Այսպիսով, ՀՆԱ-ի ցուցանիշով առաջին հնգյակում են ԱՄՆ-ը, Չինաստանը, Գերմանիան, Կալիֆորնիա նահանգը և Ճապոնիան:
Ըստ նահանգապետի գրասենյակի՝ Կալիֆորնիայի տնտեսությունն «աճում է ավելի արագ, քան աշխարհի երեք խոշորագույն տնտեսություններում»։ 2024 թվականին նահանգի տնտեսությունն աճել է 6%-ով, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի տնտեսության աճն, ընդհանուր առմամբ, կազմել է 5,3%, Չինաստանի՝ 2,6%, իսկ Գերմանիայի՝ 2,9%։
2021-ից 2024 թվականներին Կալիֆոռնիայի ՀՆԱ-ի միջին աճը կազմել է տարեկան 7,5%:
Ըստ Նյուսոմի՝ չնայած նահանգի տնտեսությունը ծաղկում է, նրա առաջընթացը «վտանգված է»՝ գործող դաշնային վարչակազմի «անխոհեմ սակագնային քաղաքականության»պատճառով։
Ավելի վաղ Կալիֆորնիայի նահանգապետը դատի էր տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կապված դաշնային իշխանությունների կողմից իրականացվող առևտրային քաղաքականության հետ:
Հայցում Նյուսոմը վիճարկել է Թրամփի լիազորությունների կիրառումը «լայնամասշտաբ մաքսատուրքեր սահմանելու համար, որոնք վնաս են հասցնում Նահանգներին, սպառողներին և բիզնեսին»։ Նյուսոմը հույս ունի «վերջ տալ սակագնային քաոսին»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում