Հնդկաստանի և Պակիստանի սահմանին կրակոցներ են հնչել

Նմանատիպ
Հնդկաստանի և Պակիստանի սահմանային տարածքի վերահսկողության գոտում կրակոցներ են տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է PTI լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի բանակի հայտարարությունը։
«Ապրիլի 28-ի լույս 29-ի գիշերը Պակիստանի բանակը հրազենով չհրահրված կրակ է արձակել վերահսկողության գծի երկայնքով՝ Քուպվարայի և Բարամուլայի շրջանների դիմաց ընկած տարածքներում», – նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Հնդկաստանի զինվորականներն արձագանքել են «արագ և արդյունավետ»։
PTI գործակալությունը նաև հաղորդում է, որ Քաշմիրի հովտում 87 հանրային զբոսայգիներից 48-ը փակվել է նախազգուշական միջոցառում Պահալգամի ահաբեկչական հարձակումից հետո։
Հնդկաստանը քննարկում է իր օդային տարածքը Պակիստանի ավիափոխադրողների համար փակելու և նավերին Հնդկաստանի նավահանգիստներ մուտք գործելու արգելքի հարցը։ Այս մասին հայտնել է «The Economic Times»-ը՝ հղում անելով կառավարության աղբյուրներին։
Ինչպես նշում է թերթը, նման դեպքում Պակիստանը ստիպված կլինի ինքնաթիռները վերաուղղորդել Չինաստանի կամ Շրի Լանկայի միջով՝ Հարավարևելյան Ասիայի վայրեր հասնելու համար։
«Պակիստանի միջազգային ավիաուղիներ»-ը օգտագործում է Հնդկաստանի օդային տարածքը՝ աշխարհի այդ հատվածում գտնվող մի քանի վայրեր հասնելու համար, այդ թվում՝ Կուալա Լումպուր և Մալայզիայի այլ քաղաքներ, ինչպես նաև Սինգապուր և Թաիլանդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում