Փորձագետները վերլուծել են Թրամփի նախագահության առաջին 100 օրը․ «Կոմերսանտ»

Նմանատիպ
Ամբողջ աշխարհում փորձագետները քննարկել են Դոնալդ Թրամփի նախագահության առաջին 100 օրը: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հավաքել է արևմտյան ԶԼՄ-ների ուշագրավ հրապարակումները Թրամփի գործունեության, որպես ԱՄՆ նոր նախագահ, առաջին 100 օրերի մասին։
Նրա կողմնակիցները հիացած են`այն վերագրելով բարեփոխումների։ Հակառակորդները խոսում են քաոսի մասին, վախենում են Թրամփի «գերակտիվությունից» և առաջարկում Ամերիկային «վերանայել իրեն»։
Financial Times (Լոնդոն, Մեծ Բրիտանիա)
Թրամփի քաոսի 100 օրը
Փորձելով վերափոխել ԱՄՆ-ն իր պատկերով և նմանությամբ՝ նա հրահրում է ճգնաժամային իրավիճակներ, որոնք սպառնում են հսկայական երկարաժամկետ վնաս հասցնել ամերիկյան հանրապետությանը և նրա տեղը աշխարհում: MAGA-ի մոլի կողմնակիցները տեղի ունեցածը դիտում են որպես համոզիչ ապացույց այն բանի, որ այս նախագահն իսկապես ինչ-որ բան է անում:
The Wall Street Journal (Նյու Յորք, ԱՄՆ)
Ըստ 100 օրվա արդյունքների՝ Թրամփը 2.0 դժվարության մեջ է
Հազվադեպ են պատահում, որ երկրորդ նախագահական ժամկետները հաջող են լինում։ Դատելով առաջին 100 օրից՝ Դոնալդ Թրամփի երկրորդ ժամկետը բացառություն չի լինի, քանի որ նրա եռանդն ու հավակնություններն անհերքելի են։
Ընտրողները վերընտրեցին Թրամփին մասամբ այն պատճառով, որ առաջին ժամկետի ընթացքում նրանք ջերմությամբ էին հիշում նրա տնտեսական քաղաքականությունը։ Բայց այդ հաջողությունը հիմնականում պայմանավորված էր նրանով, որ Թրամփը հավատարիմ էր Հանրապետական կուսակցության ավանդական առաջնահերթություններին։ Այս տարի նա անձնատուր է եղել իր առևտրային և արտաքին քաղաքական գաղափարներին, և առաջին արդյունքները բացասական ստացվեցին։
Le Figaro (Փարիզ, Ֆրանսիա)
«Սա ամենավատ ինքնախեղումն է, որը ես երբևէ տեսել եմ». ինչպես Թրամփի կառավարման առաջին 100 օրերը ցնցեցին համաշխարհային տնտեսությունը
Վերջին երեք ամիսների ընթացքում Դոնալդ Թրամփը խաբել է բոլոր նրանց, ովքեր մինչև հունվարի 20-ը կարծում էին, որ ընտրված նախագահը տարբերվելու է MAGA-ի թեկնածուից։ Ի՞նչ է կանգնած Դոնալդ Թրամփի գերակտիվության հետևում. ինչ-որ մտածված ռազմավարություն կամ «վատ իրավիճակից մինչև սարսափելին» քաղաքականություն: Ամեն շաբաթ ֆինանսական աշխարհն ավելի ու ավելի է այս հարցի առջև կանգնում։ Դրանում յուրաքանչյուրը նշում է հայտարարված նպատակների և օգտագործվող միջոցների միջև ակնհայտ անհամապատասխանությունը: Նախագահը համառորեն հերքում է իր սակագնային քաղաքականության գնաճային ներուժը։
Նա երես է թեքում դաշնակիցներից՝ վատ վերաբերմունքի ենթարկելով կամ նվաստացնելով։ Նա պնդում է, որ իր ձեռքին «քարտեր» կան, որոնցից կարող է օգտվել բոլոր բանակցություններում։ Բայց հարվածներ հասցնելով՝ կասկածի տակ է դնում Միացյալ Նահանգների հուսալիությունը:
The Washington Times (Վաշինգտոն, ԱՄՆ)
Մեկնաբանելով Թրամփի կառավարման առաջին 100 օրերը
Պետք է ասել, որ հաճելի է տեսնել մի նախագահի, ով կենտրոնացած է Ամերիկան առաջին տեղում դնելու համար։ Վերջին 100 օրվա ընթացքում մեր 45-րդ և 47-րդ նախագահը կենտրոնացած է կառուցվածքային խոշոր բարեփոխումների իրականացման վրա, որոնք կպահպանեն մեր երկիրը ապագա սերունդների համար: Մարդիկ փափագում են առաջնորդության այս մեծ փոփոխությունները:
«Սինհուա» (Պեկին, Չինաստան)
«Պարտադրանքն առաջին հերթին» Ամերիկան դարձնում է համաշխարհային սուպերխուլիգան
Այն, ինչ ԱՄՆ վարչակազմն արել է վերջին 100 օրվա ընթացքում, չափազանց պարզ է դարձրել մի բան, որ իր «Ամերիկան ամեն ինչից վեր» ծրագրի համաձայն, Միացյալ Նահանգները աշխարհը դիտարկում է որպես սեփական շահերի համար մարտադաշտ, որտեղ իշխում է միայն ուժը, և նրանք չեն հապաղի զոհաբերել այլ երկրների, նույնիսկ ամենամոտ դաշնակիցների շահերը՝ հանուն սեփական շահի։
Որպեսզի «Ամերիկան կրկին մեծ դառնա», ԱՄՆ-ը պետք է սկսի վերանայել իր վարքը և լուրջ վերլուծություն կատարի, այլ ոչ թե վարվի որպես համաշխարհային խուլիգան, որը պայմանավորված է համաշխարհային գերիշխանությունը կորցնելու աճող վախով։