Հոգեբանական ճնշում են գործադրել Մարտուն Գրիգորյանի թիմակցի վրա․ փաստաբան Սոս Հակոբյան

Հոգեբանական ճնշում են գործադրել Մարտուն Գրիգորյանի թիմակցի վրա․ փաստաբան Սոս Հակոբյան

Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու պատճառով հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Օրենքով սահմանված կարգով համայնքի ղեկավարը հաջորդ օրը՝ ապրիլի 22-ին, արձանագրություն է կազմել լիազորությունների դադարման վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, Գյումրիում լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սոս Հակոբյանը։

Հակոբյանը նշում է, որ յոթօրյա ժամկետում համայնքի ղեկավարից գրությունը ստանալուն պես, ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ղեկավարը, պետք է իր արձանագրությունը կազմեր և տրամադրեր, որ լիազորությունը դադարել է: Այդ ֆունկցիան մինչև այսօր  չի արվել, իսկ այդ յոթօրյա ժամկետը, իրենց հաշվարկով անցել է:

«Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյանը բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրում խնդրանքով՝ անտեսել դիմումը, քանի որ ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Այսինքն՝ այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասաց փաստաբանը:

«Վստահաբար անձի կամքի վրա ազդեցություն է եղել և այս առումով նաև կարելի է բռնություն սա համարել: Որովհետև այդպես չի լինում, անձը ապրիլի 21-ին հրաժարվում է իր մանդատից, բերում է ինչ-որ պատճառներ և ընդամենը երկու օր հետո ասում է՝ չէ փոշմանեցի: բացի այդ, հայտարարում է, որ ավագանու անկախ անդամ է ուզում լինել:

Ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայել՝ իշխանության շահին։ Այս միջամտությունը ըստ էության փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ձևավորված քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։ Ես չեմ բացառում, որ վաղը մյուս օրը ինչ-որ այլ ավագանիներ ձերբակալեն, կալանքի տանեն, քրեական գործերով վախեցնեն, փորձեն այդ հինգ-վեց կամ ավել մանդատների տարբերության հարցը լուծել և այստեղ էլ գողանան իշխանությունը»,- ընդգծեց Սոս Հակոբյանը։

Նա հավելեց, որ 31-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց կշարունակեն իրենց բողոքի ակցիան:

Հիշեցնենք, որ Գյումրիի ավագանու 33 մանդատից 14-ը ՔՊ-ինն է, ավագանիում մեծամասնություն ունենալու եւ սեփական քաղաքապետին ընտրելու համար ՔՊ-ին չի բավականացնում 3 մանդատ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում