Վրաստանում քաղաքական ճգնաժամ է սկսվում. ՊՆ նախարարը պաշտոնանկ է արվել

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է պաշտպանության նախարարի պաշտոնից Իրակլի Ալասանիայի հեռացնելու մասին:

«Ես որոշում եմ կայացրել պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացնել Իրակլի Ալասանիային` կանխելու պաշտպանության նախարարության մասնավորեցումը և չխանգարելու հետաքննության աշխատանքին», – հայտարարել է Գարիբաշվիլին «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավորների հետ հանդիպման ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ:

Վերջին օրերին Վրաստանի դատախազությունը հայտարարել է ՊՆ պաշտոնյաների նկատմամբ միանգամից երեք քրեական գործ հարուցելու մասին: Առաջին սկանդալը ծագել էր նախարար Ալասանիայի՝ արտերկրյա ճանապարհորդության ժամանակ, երբ ՊՆ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ ձերբակալվեցին` խոշոր չափերի գումարներ վատնելու մեղադրանքով:

Ինքը՝ Ալասանիան, երեքշաբթի կայացած արտահերթ ճեպազրույցում հայտարարել է ՊՆ-ի դեմ «նպատակաուղղված հարձակման» մասին և պահանջել իշխող կոալիցիայի քաղխորհուրդ հրավիրել:

Իսկ պաշտոնազրկման լուրը լսելուց հետո Ալասանիան հայտարարել է, որ իր դեմ քաղաքական պայքար է ծավալվում, և իրեն կարող են ձերբակալել:

«Ես չեմ բացառում, որ ինձ կարող են բանտ նստեցնել: Եվ ես կոչ եմ անում՝ թող ինձ նստեցնեն, եթե նրանք ցանկանում են վերացնել ինձ՝ որպես քաղաքական առաջնորդի: Բայց թող ձեռք չտան անմեղ մարդկանց»,- Թբիլիսիում լրագրողներին հայտարարել է Ալասանիան: Ընդսմին արդեն նախկին նախարարը հավելել է, որ պաշտպանության նախարարությունում խախտումների քրեական հետաքննությունը, որը վերջին ժամանակներս սկսել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, «իր՝ որպես մրցակցի, քաղաքական սպանության փորձ է»:

«Դա հնարավոր մրցակցի և ընդդիմախոսի քաղաքական ոչնչացման փորձ է, քաղաքական սպանության փորձ: Բայց նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Ես կարող եմ ասել բոլոր նրանց, ովքեր դա պլանավորել են՝ չկա այնպիսի մի բան, որով կարելի է ինձ վախեցնել, որպեսզի ես հրաժարվեմ իմ երկրի եվրոպական ինտեգրացման նպատակից»,- հայտարարել է Ալասանիան:

Հիշեցնենք, որ Ալասանիան «Մեր Վրաստանը-ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդն է:

Վարչապետ Գարիբաշվիլիի որոշմամբ` պաշտպանության նոր նախարար կնշանակվի Մինդիա Ջանելիձեն, ով մինչ վերջերս զբաղեցրել է Պետական անվտանգության և ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղարի պաշտոնը, որը Ազգային անվտանգության նախագահական խորհրդի այլընտրանքային տարբերակն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում