Տարածաշրջանում Ալիևի թշնամիները, և «խաղաղության համաձայնագիրը»՝ Հայաստանի օկուպացիայի ստարտ

Տարածաշրջանում Ալիևի թշնամիները, և «խաղաղության համաձայնագիրը»՝ Հայաստանի օկուպացիայի ստարտ

Բաքվի օկուպանտը մայիսի 9-ին մեկնել էր Արցախի տարածք և, ինչպես միշտ է լինում նման այցերի ժամանակ, խոսել է պատերազմի մասին՝ փորձելով ադրբեջանցիներին համոզել, թե արժանավոր ազգ են և Արցախում մնալու են հավերժ։

«Պատահական չէ, որ նույնիսկ մեր հանդեպ թշնամաբար տրամադրված շրջանակները, ուժերը և երկրները գիտեն, որ մենք արժանավոր ժողովուրդ ենք, հարգանքի արժանի ժողովուրդ, և մեզ հետ պետք է հաշվի նստել։ Նրանք, ովքեր այսօր մեզ հաշվի չեն առնում, գոնե մեր տարածաշրջանում, վաղը կզղջան դրա համար։ Այսուհետև մենք հավերժ կապրենք այս հողերի վրա», – հայտարարել է Բաքվի օկուպանտը։

Որո՞նք են այն ուժերը և երկրները, որոնք թշնամաբար են տրամադրված Ադրբեջանի դեմ, այն էլ մեր տարածաշրջանում և որոնց Ալիևը սպառնում է գրեթե նույն բառապաշարով, ինչ Փաշինյանին։

Կարևոր է և Հայաստանի շահերից է բխում, որ Ալիևի այս հայտարարությունը հնչում է Իրանի նախագահի Բաքու կատարած այցից հետո, որովհետև սա ցուցիչ է, որ Թեհրան-Բաքու հակասությունները հարթված չեն։ Իրանի հետ գլխավոր հակասությունը, որն առնչվում է Հայաստանին, «Զանգեզուրի միջանցք» կոչվածն է։ Կարևոր է, որ սպառնալիք-զգուշացումը հնչում է Ալիևի՝ Մոսկվա մեկնելու ՌԴ նախագահի հրավերը մերժելու, չհարթված հակասություններն ընդգծելու ֆոնին։ Ռուսաստանի հետ գլխավոր հակասությունն այս պահին ադրբեջանական օդանավի կործանումն է։ Ալիևը պահանջում է, որ Մոսկվան ստանձնի պատասխանատվությունը, ներողություն խնդրի, փոխհատուցում վճարի։

Եվ Հայաստան։ Որևէ այլ երկրի հետ Ադրբեջանը տարածաշրջանում խնդրահարույց հարաբերություններ չունի։

Հայաստանի մասով հատուկ անդրադարձ է եղել։ «Խաղաղության դարաշրջանում» մի քանի անգամ հայերին կոչելով ատելի թշնամի՝ Ալիևը նորից հայերին մեղադրել է գենոցիդ և «ցիդ» ածանցով ավարտվող ամեն ինչ գործելու մեջ։

Հայոց ցեղասպանության վերաբերյալ Փաշինյանի հայտարարության ֆոնին, թե «դեռ պետք է հասկանանք ինչ է եղել և ինչու», և Արարատ Միրզոյանի հայտարարության ֆոնին, թե «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություն չէ», Ալիևը հայտարարում է սա. «Մեր դեմ իրականացվել է ցեղասպանություն, մեր դեմ իրականացվել է ուրբիցիդ, էկոցիդ։ Հայկական ֆաշիզմը ցանկանում էր ընդմիշտ օկուպացնել այս տարածքները, և, ցավոք, որոշ պետություններ կանգնած էին նրանց թիկունքում։ Նրանց ուղղված ազդակները, եթե ոչ բացահայտ, ապա գաղտնի խողովակներով, այն մասին էին, որ «Ադրբեջանը երբեք չի համարձակվի պատերազմ սկսել, մենք կանգնած ենք ձեր թիկունքին, կաջակցենք ձեզ, զենք ենք տալիս, բարոյական աջակցություն ենք ցուցաբերում»։

Սա նշանակում է, որ քանի դեռ Փաշինյանը զիջում է Ցեղասպանության հարցում հանուն Էրդողանի հետ հարաբերությունների կարգավորման, թուրքական նախագիծ Բաքվի խունտան աշխարհով մեկ աղմկում է, թե հայերն են ցեղասպան։ Եվ սա անում են հետևողական ու առավել ինտենսիվ կերպով՝ հատկապես վերջին ամիսներին։

Գալով հայտարարության երկրորդ մասին՝ եթե Հայաստանը մի ժամանակ կարողացել է ունենալ որոշ պետությունների աջակցությունը, ապա ինչու հիմա չունի։ Պատասխանը բազմակողմ է՝ անձերից մինչև նոր աշխարհակարգ։ Բայց առանցքում այս մեկն է՝ նախկին Հայաստանում կար պայքար, այսօր՝ «խաղաղության օրակարգ»։

Նախ խաղաղություն էր լինելու «Արցախը տալուց հետո»։ Հիմա եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխելուց և Մինսկի խումբը ցրելուց հետո ինչ-որ հրաշք լինի, և Բաքուն այլ պահանջներ առաջ չքաշի՝ (իրական և գլխավոր պահանջները Սյունիքով միջանցքը և Հայաստանի տարածքում առնվազն 300 հազար ադրբեջանցի բնակեցնելն է) ստորագրելով «խաղաղության համաձայնագիր» կոչվածը, ապա պետք է ոչ թե շտապել տոնելու, այլ իմանալ, թե ինչ է անում Ադրբեջանը «խաղաղության տարիներին»։

«Այն ժամանակ (նկատի ունի 1994 թվականը) երիտասարդ պետությունը փրկելու միակ միջոցը պատերազմը դադարեցնելն էր։ Դժվար որոշում էր։ «Մեր հողերի զգալի մասը օկուպացված էր», 1 միլիոնից ավելի մարդ մնացել էր անօթևան։ Բայց եթե պատերազմը չդադարեցվեր, մենք կարող էինք բախվել ավելի մեծ ողբերգության։ Շատ դժվար, բայց իմաստուն որոշում էր։ Այն մեզ թույլ տվեց Ադրբեջանը դնել զարգացման ուղու վրա, վերականգնել կայունությունը, ձևավորել կանոնավոր բանակ և ստեղծել տնտեսական զարգացման նախադրյալներ։ Այսինքն՝ անցյալի ամբողջ պատմությանը հետ նայելով՝ մենք բնականաբար տեսնում ենք, թե որքան նպատակասլաց, լավ մտածված քայլեր են ձեռնարկվել։ Քայլեր, որոնք ապահովում են այսօրվա Ադրբեջանի իրականությունը», ֊ հայտարարել է Ալիևը՝ ներկայացնելով Հեյդար Ալիևի կառավարման առաջին շրջանը։

Այս հայտարարությունը, որն առաջին անգամ չէ հնչում, տարբեր աշխարհաքաղաքկան մեկնաբանություններից առաջ կարող է առիթ լինել ՀՀ քաղաքացիների համար, տեսնելու և գիտակցելու, որ «խաղաղության համաձայնագիրը» Ադրբեջանն օգտագործելու է որպես դադար՝ Հայաստանի տարածքի հետագա օկուպացիան իրագործելու պոտենցիալ մշակելու համար։ Արցախի օկուպացիայից հետո Հայաստանի ամբողջ տարածքը Ալիևն ինքը հայտարարել է պատմական ադրբեջանական հող՝ «Արևմտյան Ադրբեջան»։ Ճիշտ նույն մեթոդներով՝ պետական ֆինանսավորմամբ, միջազգային հարթակներում և թուրքական հովանավորությամբ, ինչ Արցախն էին 30 տարի հռչակում ադրբեջանական, հիմա գործում են Հայաստանի տարածքի մասով։ Վերջին աչք ծակող դրվագը Անթալիայի դիվանագիտական ֆորումում էր, այնտեղ ներկա հայկական պատվիրակությունը որևէ կերպ չարձագանքեց։

Մյուս կողմից Ալիևի մեջբերված հայտարարությունը, ինչպես նաև երկար դադարից հետո ադրբեջանական պետական հեռուստաաիքներով ցուցադրվող կադրերը, որոնցում ադրբեջանցի մի կին խնդրում է, որ Ալիևը ցմահ նախագահ մնա, հուշում են՝ Փաշինյանը միակը չէ, որ պայքարում է իշխանության համար։ Բաքվի պետական հեռուստաալիքներից դուրս իրականությունն այն մասին է, որ Ադրբեջանում վերջին 2-3 ամիսներին ամեն շաբաթ 1-2 լրագրող, ակտիվիստ, ընդդիմադիր են բանտարկում։ Նրանց, ովքեր կարող են սոցիալական բողոքի ալիքը վերածել ցույցերի ու ներքաղաքական ճգնաժամի։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում