Պատմական հիշողության դեմ լիբերալ-ֆաշիստական գրոհը՝ նեոպրոպագանդայի հայաստանյան մոդուլով

Նմանատիպ
Վերջին օրերին մենք ականատես ենք դառնում նիկոլական քարոզչամեքենայի հերթական ֆազային անցմանը։ Այս անգամ թիրախավորվել է ոչ թե միայն հայոց պատմությունը, այլ համաշխարհային քաղաքակրթական հաղթանակներից մեկը՝ խորհրդային ժողովրդի դերը ֆաշիզմի պարտության գործում։ Առավել տագնապալի է, որ այս գործընթացն ունի համակարգված բնույթ՝ ուղեկցվող պետական ռեսուրսների կիրառմամբ և մեդիաքարոզչական խողովակներով։
Քայքայիչ այս արշավի առանցքում գտնվում է դասական հակառուսական հռետորաբանությունը։ Խորհրդային պատմագրությունն այստեղ ներկայացվում է որպես «ֆեյք», Հայրենական պատերազմը՝ որպես «միֆ»։ Հանրային հեռուստատեսության տաղավարները վերածվել են կասկածելի մասնագիտությամբ մարդկանց համար հարթակների, որտեղ նրանք փորձ են անում «վերաիմաստավորել» ոչ միայն պատմական փաստերը, այլև ազգային հիշողությունը։
Այստեղ մենք գործ ունենք ոչ թե պատմագիտական բանավեճի, այլ նեոլիբերալ ֆաշիզմի դասական դրսևորման հետ։ Դա այն ֆենոմենն է, երբ լիբերալիզմի անվան տակ իրականում իրականացվում է արժեքային, մշակութային և պատմական գերիշխանության հաստատում՝ ուղղված ինքնության ջլատմանը։ Հայտնի է, որ ժամանակակից «լիբերալ» աշխարհը հանդես է գալիս հանդուրժողականության, բազմակարծության, քննադատական մտքի պաշտպանությամբ, սակայն գործնականում կիրառում է տեղեկատվական ավտորիտարիզմ՝ պատմական ավանդույթների, ազգային արժեքների և ազատ կարծիքի դեմ։
Նման քարոզչության ակունքները բացահայտ արևմտյան են։ Դեռևս Ջոն Բոլթոնը, հիշատակվող 2018-ին Հայաստան կատարած իր այցի ընթացքում, հստակորեն ակնարկում էր, թե Հայաստանը պետք է «հրաժարվի պատմական կաղապարներից»։ Այդ «կաղապարներից» մեկն էլ, ըստ երևույթին, Հայոց մասնակցությունն էր նացիզմի դեմ պայքարին՝ որպես քաղաքակրթական հաղթանակի կրող։
Բոլթոնի և նրա նման մտածող քաղաքական ինժեներների համար անհարմար է այն փաստը, որ հայ ժողովուրդը՝ այդ թվում Արցախից սերված մարշալներն ու գեներալները, որոշիչ դերակատարում են ունեցել Նացիստական Գերմանիայի դեմ պայքարում։ Դա խախտում է տարածաշրջանի նոր ռազմաքաղաքական վերաձևման գծագրերը, որտեղ պետք է ոչնչացնել բոլոր հերոսապատկերները, որոնք կարող են ոգեշնչել ազգային դիմադրություն կամ սեր ու հպարտություն՝ սեփական անցյալի հանդեպ։
Այս ամենը կազմակերպվում է Նիկոլ Փաշինյանի բաց կամ լռելյայն հավանությամբ, իսկ նախաձեռնության կուլիսային կառավարումը կարծես վերապահված է հայտնի գաղափարական գործիչների, որոնք տարիներ շարունակ զբաղված են եղել հայկական պատմության ապամոնտաժմամբ։ Այն, ինչ այսօր դրվում է Հանրայինի եթերում, վաղը կարող է հայտնվել դպրոցական դասագրքերում՝ արդեն որպես ուսուցման պարտադիր նյութ։
Ներկայացվում է, որ խորհրդային պատմագրությունը քարոզչական էր։ Այդ պնդումը միգուցե որոշ տարրերում ճշմարտության հատիկներ ունի, սակայն մոռացության է տրվում ամենակարևորը. դա հաղթողի պատմագրություն էր, հաղթանակ, որում հայ ժողովուրդը վճռական մասնակցություն է ունեցել։ Իսկ այն, ինչ այսօր փորձում են փոխարինել այդ պատմությանը՝ մի նաիվ «սուվերենություն» է, որն իր էությամբ պսևդո-բաց հասարակության կեղծ թեզ է։
Ավելին, մենք տեսնում ենք մի վտանգավոր սիմետրիա՝ լիբերալ քարոզչությունը փաստացի վերարտադրում է ֆաշիստական գործիքակազմը։ Օրինակ, արևմտյան դպրոցներում Երկրորդ համաշխարհայինը ներկայացվում է միայն ԱՄՆ-ի հերոսականությամբ։ Ֆրանսիայում, Հոլանդիայում, Բելգիայում ուսուցիչների մի մեծ հատված պատմում է, որ առանց ամերիկյան միջամտության Եվրոպան «կմնար Հիտլերի ձեռքում», մինչդեռ ԽՍՀՄ դերն ամբողջությամբ մարգինալացվում է կամ նույնիսկ նույնականացվում նացիստական Գերմանիայի հետ։
Ճապոնիայում անգամ այսօր տարածված է այն թեզը, որ Հիրոսիմայի ու Նագասակիի ատոմային ռմբակոծումը ԽՍՀՄ ձեռքի գործն է։ Այո, սա է լիբերալ ֆաշիզմի իրական էությունը՝ ժխտել իրական հանցանքը, մեղավոր դարձնել հաղթողին, նսեմացնել ինքնապաշտպանությունն ու ոգևորել վերաձևված ստերը։
Այս քարոզչության զավեշտալի դրվագներից էր Հանրային հեռուստատեսության մի հաղորդման ժամանակ արված պնդումը, իբր Ստալինը հրաման էր տվել՝ չկրակել։ Եթե սա չլիներ իրականություն, կարելի էր համարել սատիրա։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում