ԱՄՆ-ն ու Չինաստանը առևտրային գործարք են կնքել

Նմանատիպ
Պեկինը և Վաշինգտոնն առևտրային գործարք են կնքել՝ պայմանավորվելով չեղարկել լրացուցիչ մաքսատուրքերի 115%-ը։ Այս մասին հայտնել է ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը:
2 երկրների միջև մայիսի 10-11-ը Շվեյցարիայում բարձր մակարդակի բանակցություններ են ընթացել առևտրատնտեսական հարցերի շուրջ: Չինաստանից համակարգողը ՉԺՀ Պետխորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենն էր, ԱՄՆ-ից՝ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։
ԱՄՆ-ն պարտավորվել է․
Չեղարկել չինական ապրանքների վրա թիվ 14259 և թիվ 14266 հրամանագրերով ապրիլին սահմանված տուրքերի 91%-ը։
Փոփոխություններ կատարել թիվ 14257 հրամանագրով ապրիլի 2-ին ընդունված 34% սակագնի մեջ, 24% տուրքի գործողությունը կդադարեցվի 90 օրով, 10%-ը՝ կպահպանվի:
Չինաստանը համաձայնել է․
Չեղարկել ամերիկյան ապրանքների պատասխան տուրքերի 91%-ը։
Դադարեցնել 24% սակագնի գործողությունը 90 օրով, պահպանել մնացած 10%-ը։ Հրաժարվել ոչ սակագնային հակամիջոցներից:
Այսպիսով, Վաշինգտոնը չինական ապրանքների համար մաքսատուրքերը 145-ից կնվազեցնի մինչև 30%, իսկ Պեկինը՝ 125-ից մինչև 10% ամերիկյան ապրանքների համար։
Առևտրային ռեժիմը կգործի մայիսի 14-ից 90 օր։
Բեսենտն իր կողմից հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՉԺՀ-ն չեն ցանկանում խզել տնտեսական հարաբերությունները երկրների միջև։
Հետևեք մեզ նաև Telegram-ում