Դատավոր Նաիրա Հովսեփյանը լալիս էր․ «Հրապարակ»

Դատավոր Նաիրա Հովսեփյանը լալիս էր․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Բարձրագույն դատական խորհուրդը երեկ քննության առավ Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, որը ներկայացրել է արդարադատության նախարարությունը։ Նիստին դատավոր Հովսեփյանը մեկ միտք էր շեշտում, որ ինքը հերոսի մայր է, անգամ հարց տվեց նախարարության ներկայացուցչին՝ երբ է եղել Եռաբլուրում։ Մինչդեռ մեկ անգամ արդեն Նաիրա Հովսեփյանին ներել են` որդու հանգամանքը հաշվի առնելով: Սակայն նա այնքան խախտումներ է թույլ տվել, որ անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունն արդեն չի փրկում: Քննության ընդմիջումներին Հովսեփյանը լաց էր լինում` կարգապահականի միջնորդության այն հատվածը կարդալիս, որտեղ նշված էր, որ ինքը վարկաբեկել է դատական իշխանությունը: Ասում էր` ես 29,5 տարվա դատավոր եմ, հերոսի մայր, խոնարհման փոխարեն «դատում եք» ինձ։ ԲԴԽ անդամները լուռ լսում էին, երբեմն-երբեմն նախագահ Արթուր Աթաբեկյանն էր ընդհատում` նրբորեն նախազգուշացնելով։ Որոշումը կհրապարակվի հունիսի 2-ին։

Նշենք, որ կարգապահական վարույթի հիմքը փաստաբան Գոռ Մարգարյանի դիմումն է, ըստ որի` դատավորը դատական որոշումը մեկուկես տարի անց է տրամադրել կողմերին։ Պարզվեց` փաստաբանը հրաժարվել է դիմումից, սակայն նախարարությունը չի կարճել վարույթը։ Նաիրա Հովսեփյանը պատերազմում զոհված Գեւորգ Արշակյանի մայրն է: Նա նախորդ տարվա մայիսին թողել է ԲԴԽ անդամի պաշտոնը, 3 ամիս անց ընտրվել դատավորների էթիկայի հանձնաժողովի անդամ։ Նրա հետ կապված լուրջ դժգոհություններ կային: Բազմաթիվ դատավորների, նմանատիպ խախտումների համար, ԲԴԽ-ն զրկել է դատավորի պաշտոնից, օրինակ՝ դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցրել են՝ գործը ողջամիտ ժամկետում չքննելու պատճառաբանությամբ։

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում