Հնդկաստանն ահաբեկիչների որոնման գործողություն է իրականացնում Ջամում և Քաշմիրում

Հնդկաստանն ահաբեկիչների որոնման գործողություն է իրականացնում Ջամում և Քաշմիրում

Հնդկաստանի բանակը Ջամում և Քաշմիրի Շոպիան շրջանում տեղի ունեցած բախումից հետո ահաբեկիչների որոնման գործողություն է իրականացնում։ Այս մասին հաղորդում է Hindustan Times պարբերականը:

Ըստ պարբերականի՝ Ջամուի և Քաշմիրի Շոպիան շրջանում բախում է տեղի ունեցել Քելլերի անտառներում անվտանգության ուժերի գործողություն սկսելուց հետո։ Տեղի ունեցածի մասին տեղյակ մարդիկ հայտնել են, որ բանակն ու ոստիկանությունը համատեղ գործողություն են սկսել Շոպիանի Քելլերի անտառներում, ինչը հանգեցրել է փոխհրաձգության։ Պարբերականը նշում է, որ անտառում երկու-երեք ահաբեկիչների ներկայության հավանականություն կա։

Հնդկաստանի զինված ուժերը շարունակում են Հարավային Քաշմիրի և Կիսվարդի անտառները սանրել ապրիլի 22-ին Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչությունից ի վեր, որի հետևանքով զոհվել է 26 մարդ, մի քանիսը վիրավորվել են: Այսօրվա գործողությունը սկսվել է վաղ առավոտյան, սակայն պարզ չէ, թե Շոպիանի անտառներում թաքնված ահաբեկիչները կապ ունեն արդյոք Պահալգամի սպանությունների հետ:

Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները հերթական անգամ սրվել են ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր շրջանի Պահալգամ քաղաքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո: Ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և Նեպալի մեկ քաղաքացի: Հնդկաստանը հայտարարել է, որ ապացույցներ ունի Պակիստանի միջգերատեսչական հետախուզության՝ հարձակմանը մասնակցության մասին: Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հերքել է Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված Հնդկաստանի մեղադրանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում