Ամուլ, անկարող, բայց հիստերիկ իշխանություն

Նմանատիպ
Այն, ինչ նախօրեին տեղի ունեցավ խորհրդարանում, մեկ բան է հստակ ցույց տալիս՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լիովին սպառված է թե՛ գաղափարապես, թե՛ կառավարման ունակությամբ։ Ավելի քան 7 տարի է՝ գործ ունենք անփորձ, ցածր որակի և անկիրթ կառավարիչների թիմի հետ, որը հենվում է ոչ թե ռացիոնալ քաղաքականության, այլ «շայկայի» տրամաբանությամբ առաջնորդվող բառապաշարի ու վարքագծի վրա։
Երեկ խորհրդարանական դահլիճը վերածվել էր ոչ թե քաղաքական քննարկման հարթակի, այլ կոլեկտիվ հարձակման դաշտի՝ ընդդիմադիր սեկտորի դեմ։ Սա ակնհայտորեն քաղաքական հրահանգ էր՝ նպատակաուղղված շեղել հասարակության ուշադրությունը երկրում տեղի ունեցող իրական գործընթացներից՝ թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքականության ոլորտում։
Փորձենք տեսնել՝ ինչ էր իրականում փորձում լուծել Փաշինյանը վերջին 7–8 օրերի ընթացքում։
Հակասական չէ, որ ներհայաստանյան զարգացումները խորքային ճգնաժամի մեջ են. երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ, և իշխանությունն ուղղակի անկարող է որևէ ռեալ լուծում առաջարկել «գետնի վրա»։ Փաշինյանը, ըստ էության, ընտրել է քաոսի խորացման ուղին՝ անտեսելով, թե այդ քաոսը ինչ սոցիալ–տնտեսական և անվտանգային հետևանքներ կունենա պետության համար։
Մի հետաքրքիր և աննախադեպ զարգացում էլ ընթանում է տնտեսական ոլորտում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանից Ռուսաստանի Դաշնություն արտահանվող բեռները, հատկապես կոնյակ արտահանող բեռնատարները, սկսեցին խնդիրներ ունենալ Վրաստանի տարածքում՝ կանգնած մնալով սահմանին «նմուշարկման» անվան տակ։ Արտահանողները նշում են, որ նման բան երբեք չի եղել։ Սա մաքուր քաղաքական բաղադրիչ ունի, և այն հղում է ստանում Հայաստանի այսօրվա՝ անհաշվարկ և հակաճանաչողական արտաքին քաղաքականությունից։
Իսկ ի՞նչ է կատարվում կրթության ոլորտում։ Մերձավանում տեղի ունեցած աղմկոտ միջադեպը ընդամենը վառ արտահայտումն է այն խայտառակ իրավիճակի, որում հայտնվել է կրթական համակարգը։ Փաշինյանն ամենայն լրջությամբ շարունակում է պարծենալ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով՝ այն դեպքում, երբ ակնհայտ է, որ դրանք ուղղակի շենքեր են, ոչ թե կրթական հաստատություններ։ Բովանդակությունը բացակայում է։
Կոռուպցիայի թեման էլ դարձել է իշխանության ամենավախեցնող կետը։ Երբ որևէ ՔՊ-ական պաշտոնյայի ուղղվում է կոռուպցիոն հարց, նա ընկնում է հիստերիկ և ջղաձիգ արձագանքների մեջ։ Ստացվում է՝ Փաշինյանը կարող է ընդունել նույնիսկ դավաճանության մեղադրանքները, «հայրենակործանության» պիտակները, Արցախի հարցի ցեղասպան լուծման կնիքը, բայց երբ խոսքը կոռուպցիայի մասին է՝ լռություն, հիստերիա, նյարդային պոռթկումներ։ Համաձայնե՛ք՝ սա իրապես ուշագրավ ու խոսուն միտում է։
Ի դեպ՝ մի մանրուք, որը կարծես վրիպել է շատերի ուշադրությունից։ Անցած քառօրյայի (այս դեպքում՝ ութօրյայի) ընթացքում, խորհրդարանում ոչ մի բառ չհնչեց «խաղաղության համաձայնագրի» մասին։ Սա այն դեպքում, երբ Փաշինյանը միշտ օգտվում էր ամեն առիթից՝ մանրամասնել այդ գործընթացը։ Այսօր՝ քար լռություն։ Պատճառը պարզ է՝ կա փակուղի, և ասելու ոչինչ չունեն։
Ահա այս խորը ու վտանգավոր ճգնաժամերի ֆոնին էլ բեմադրվեց երեկվա խորհրդարանական հարձակումը։ Նպատակը մեկն էր՝ հանրությանը, իսկ առավել կարևոր՝ արտաքին աշխարհին ցույց տալ, թե իբր «իրենք իշխանություն են», «տիրապետում են իրավիճակին» և «ոչ ոք չի կարող խաղ տալ»։ Իրականում, սակայն, այս ամենը վկայում է այն մասին, թե որքան խորն է համակարգային ամայացումը։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում