Մկնդեղով մահափորձ Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ. Կասկածյալների թվում նաև հայերն են

Մկնդեղով մահափորձ Թուրքիայի ԱԳ նախարարի դեմ. Կասկածյալների թվում նաև հայերն են

Հաքան Ֆիդանը թուրքական 24TV-ին տված հարցազրույցում բացահայտել է, որ իր դեմ մահափորձ է եղել։ Լինելով Թուրքիայի արտաքին գործերի նախարարը՝ Ֆիդանը հարցազրույցի ընթացքում ամբողջությամբ ներգրավվել է Էրդողանի և Թուրքիայի ներքին թշնամիների դեմ պայքարում՝ իրեն դիրքավորելով որպես Էրդողանի իրավահաջորդը լինելու գլխավոր թեկնածու։ Սա նկատվում է նրա վերջին մի քանի հայտարարություններում ու հարցազրույցներում։

Նախ արձանագրենք, որ Ստամբուլի քաղաքապետի՝ Էրդողանի և էրդողանականների գլխավոր մրցակցի կալանավորումից հետո Թուրքիայում սկսված փոքր ֊ ինչ լարված ներքաղաքական և նախընտրական ներկա փուլում բարձրաստիճան այս պաշտոնյան խոսում է Թուրքիայի ներքին թշնամիների մասին։ Սա, իհարկե ներքին լսարանի համար է ասվում, բայց նաև ի գիտություն դրսից Թուրքիային հետևողներին, Թուրքիան անպարտելի ներկայացնողներին ու դրան հավատացողներին՝ Թուրքիան խնդիրներ ունի իր իսկ ներսում, թուրքերն իրենց մեջ թշնամանք ունեն։ Սա նշանակում է, որ Թուրքիայում հիմա իշխանության համար պայքար է, որի ընթացքում լինում են բացահայտումներ, արտահոսքեր, հայտարարություններ, որոնց առնվազն հետևելը պարտադիր է։

Ծանր մեղադրանքներ գյուլենականների հասցեին, որոնց Էրդողանը մեղադրում էր իր դեմ 2026-ի հեղաշրջման տապալված փորձը կազմակերպելու մեջ, ընդդիմության դեմ, որն իբրև խաղալիք է դառնում Թուրքիայի համար թակարդներ լարողների ձեռքում։ Ֆիդանը, հենց թուրքական պետությանը սպառնացող վտանգների ու ներքին թշնամիների մասին պատմելով է բացահայտել, որ իրեն փորձել են սպանել։

«Ինձ ֆիզիկապես էլ են փորձել սպանել, թունավորել են, փորձել են վարկաբեկել, բայց սա մեր պայքարի մի մասն է», ֊ հայտարարում է նա։

Հարցազրույցը վարող Մուրաթ Չիչեքը, որի սոցցանցերը Էրդողանի և գորշ գայլերից Բահչելիի հետ լուսանկարներով են ողողված, զարմանում է. «Թունավորման դեպքի մասին ավելի վաղ խոսե՞լ եք։ Ես առաջին անգամ եմ լսում»։

«Ոչ, ավելի վաղ չեմ խոսել։ Ինձ ծանր մկնդեղ և սնդիկ են տվել։ Դա մի տեղում պատահել է, հետո բուժզննությամբ բացահայտվեց», ֊ մանրամասնում է Ֆիդանը՝ չնշելով, թե որտեղ են փորձել իրեն թունավորել, բայց հավելելով՝ 4-5 տարի առաջ է եղել։

Հնչում է ամենակարևոր հարցը։ Ո՞վ է դա արել։ Ո՞վ է փորձել թունավորել Ֆիդանին, որը 4-5 տարի առաջ դեռ Թուրքիայի արտգործնախարարը չէր, գլխավորում էր Թուրքիայի անվտանգային ամենակարևոր կառույցը՝ Ազգային հետախուզական կազմակերպությունը։

«Այդ մանրամասներից չեմ խոսի։ Սրանք նաև դրսի հետ առնչվող խնդիրներ են։ Այնպես չէ, թե թշնամին միայն ներսում է», ֊ պատասխանում է Ֆիդանն ու այս պատասխանն ավելի շատ հարցեր է առաջացնում։

Դրսի այդ որ մի թշնամին է փորձել թունավորել Ֆիդանին։ Թուրքական բոլոր հեռուստաեթերներում են քննարկում ու ոչ միայն հայտարարում, որ Թուրքիան բարդ տարածաշրջանում է, այլև նշում են պատճառները՝ Էրդողանի գործողությունների հետ բոլորը չէ, որ համաձայն են, բոլորը չէ, որ պատրաստ են ընդունել նոր իրողությունները և լռել։

CNN Turk-ի եթերում լրագրող Զաֆեր Շահինը նշում է.«Անկարայում շատ են խոսում այդ հայտարարության մասին, տարբեր մեկնաբանություններ են հնչում։ Ոմանք զարմացել են, որ նման բան է եղել, ոմանք էլ, որ դրա մասին հրապարակային կերպով խոսվեց։ Այո, մենք բարդ տարածաշրջանում ենք, Թուրքիան է բարդ երկիր, որովհետև մենք համաշխարհային կարևորություն ունեցող հողերի վրա ենք։ Երբ նայում ենք մեր հայրենիքի քարտեզին, տեսնում ենք, որ մի կողմում նավթով ու բնական գազով հարուստ երկրներն են, մյուս կողմում այդ նավթն ու գազը սպառել ցանկացող Եվրոպան է։ Մարդկանց և էներգետիկ հոսքերի ճանապարհներն այստեղով են անցնում։ Պատմականորեն մենք ռազմավարական նշանակության ճանապարհների վրա ենք։ Այսպիսի երկրում, այսպիսի կարևոր պաշտոններում գտնվող մարդանց, որոնք պատմություն են փոխում, սահմաններ են փոխում, թիրախավորելը բնական է»։

Հայաստանն ու հայերը կասկածյալների ցուցակի առաջին հորիզոնականներում չեն։ Անգամ երբ հնչում է Հունաստանի վարկածը, քննարկմանը մասնակցողներից մեկը հերքում է՝ հայտարարելով, թե «Հունաստանի բոյը նման բանի չէր հերիքի»։ Կասկածյալների ցուցակը գլխավորում են ԱՄՆ ֊ը և Իսրայելը։

Անվտագային հարցերի փորձագետ ներկայացող Ջոշքուն Բաշբուղը CNN Turk-ի նույն քննարկումը շարունակելով հայտարարում է. «Պարոն Հաքան Ֆիդանը, նրա վարած քաղաքականությունը ում էր ամենաշատը վնասում: Այնքան շատ Մոսադի գործակալներ է բռնել վերջին 35 տարում։ Մոսադի գործակալները գալիս էին Թուրքիա իրենց աշխատանքային ստաժի համար, հիմա Թուրքիա վերադառնալու մասին չեն էլ կարող մտածել։ Իսրայելը սրանից դժգո՞հ է, այն էլ ինչպես է դժգոհ։ Ամերիկան, որ միլիարդավոր դոլարներ է ծախսել, Իրաքը, Սիրիան արյան լճի է վերածել, այնտեղ շատ մեծ ծրագրեր էր նախապատրաստում, որ Էրդողան անունով, Ֆիդան անունով մեկը գար և տարիներ շարունակ այդ տարածաշրջանում արածը գլխիվայր շրջեր։ Միայն սնդիկ չէ, ցիանիդ, ամեն ինչ կօգտագործեի»։

Նշում են նաև Իրանի, Ռուսաստանի վարկածները, բայց ավելի մեղմ ձևակերպումներով և բառերն ընտրելով ավելի զգույշ։

Ֆիդանի դեմ մահափորձը կազմակերպելու մեջ կասկածները հասնում են հայերին, հայերը դիտարկվում են որպես վտանգ Թուրքիայի համար, երբ թունավորման մասին խոսք ու զրույցը հասնում է Ֆիդանի ինքնության կոդին, երբ սկսում են ցույց տալ՝ Հաքան Ֆիդանին հայերն ուսումնասիրում են որպես Թուրքիայի ապագա հնարավոր նախագահ։ Ապրիլին Հաքան Ֆիդանի մասին հրատարակված «Хакан Фидан – штрихи к портрету возможного президента Турции» գիրքը հայտնվել է Sozcu-ի հեղինակ Յըլմազ Օզդիլի ուշադրության կենտրոնում, միայն մեկ պարզ պատճառով՝ հեղինակները հայեր են։

«Մոսկվայում մի գրքի շնորհանդես է եղել։ Անցած շաբաթ։ Երկու հեղինակ ունի այդ գիրքը։ Նրանցից մեկը թոշակի անցած հայ հետախույզ, գնդապետ է։ Հայկական պետության՝ թոշակի անցած հետախուզության սպա։ Անունը Գևորգ Մինասյան։ Մյուսը թուրքագետ է, թուրքագետ՝ Երևանի համալսարանից, նա էլ է ծագումով Հայաստանից՝ Անժելա Սիմոնյան։ Այս երկու անձիք Հայաստանի հետախուզության աշխատակիցներ են։ Մեկը թուրքագետ է, մյուսը՝ հետախուզության սպա։ Ինչ-ինչ պատճառներով ոչ թե Հայաստանում, այլ Մոսկվայում՝ Ռուսաստանի մայրաքաղաքում եղավ նրանց գրքի շնորհանդեսը։ Գիտե՞ք՝ ինչ է գրքի անունը։ Բոլորը պետք է տեսնեն այս շեշտը՝ «Հաքան Ֆիդան. Թուրքիայի ապագա հնարավոր նախագահի դիմանկարը», ֊ հայտարարում է Օզդիլը։

Եվ սկսում պատմել՝ գրքում նշվում է, որ հեղինակները փորձում են բացահայտել հեռանկարային թուրք քաղաքական գործչի ինքնության կոդը, որը ոչ միայն ակադեմիական, այլև գործնական նշանակություն ունի։ Բայց Հաքան Ֆիդանի մասին անգամ Թուրքիայում շատերը շատ բան չգիտեն, նկատում է Sozcu-ի հեղինակը: Հավելելում է, որ Ֆիդանի մասին գրքում ներկայացվում է նաև նրա մագիստրոսական թեզը՝ ՄԹ, ԱՄՆ֊ի և Թուրքիայի հետախուզական համակարգերի վերաբերյալ։ Առաջարկում է հատուկ ուշադրություն դարձնել գրքի շապիկին, որին Էրդողանի պալատի լուսանկարն է։

«Այս գիրքը Մոսկվայում է լույս տեսել, Հայաստանի հետախուզության սպան, կողքին էլ հայ թուրքագետ կինը։ Շապիկին էլ Թուրքիայի նախագահական պալատի լուսանկարն է։ Գրքի նախաբանը գրել է հետախուզության թոշակի անցած ռուս սպա՝ մասնագիտացած Թուրքիայի հարցերով, գնդապետ Ալեքսանդր Պոլտավսկին։ Գրքում ներկայացված են նաև Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության գնդապետի և համալսարանական պրոֆեսորների գնահատականները», ֊ նշում է Sozcu-ի հեղինակը։

Այն, որ հայերը և ռուսները միասին գիրք են ներկայացնում Թուրքիայի մասին, թուրքերը դիտարկում են որպես վտագ ոչ միայն Ֆիդանի, այլև ամբողջ Թուրքիայի համար։ Ուղիղ եթերում, Sozcu-ի YouTube ֊ ի ալիքում եթերի այդ հատվածի տեսանյութում, որը 160 հազարից ավելի դիտում ունի, Օզդիլը հայտարարում է. «Տեսեք, ակնհայտ է, որ նրանք փորձում են վնասել Թուրքիային՝ թիրախավորելով մեր նախարարներին, մեր կառավարությունը, մեր նախագահական պալատը»։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում