Կրթության դիմակն ու ամբիոնի իրականությունը

Կրթության դիմակն ու ամբիոնի իրականությունը

Նիկոլ Փաշինյանն արդեն տևական ժամանակ է՝ իր խոսույթում անընդհատ շեշտում է հանրության՝ իբր ոչ բավարար կրթական ցենզ ունենալու մասին։ Նրա գնահատմամբ, մեր պատմական գիտակցությունը խեղաթյուրված է՝ «կտրել են իրականությունից», «մատուցել կայսերական քարոզ», «փորձել բոլորիս դաշնակացական դարձնել»։ Այս ու նմանատիպ անոմալ թեզերին հակադրվելու նպատակով նա ձևակերպել է իր «հակաթեզերը» և նույնիսկ քարոզարշավ է սկսել «կրթվելը նորաձև է» անվան տակ, սակայն իրականությունն այլ բանի մասին է փաստում։

Իրականությունն այն է, որ այդ քարոզչական փաթեթներից անդին գործող թիմը կրթության և կենցաղային վարքագծի առումով խորապես հեռու է այդ արժեքների մարմնացումից։ Իսկ Փաշինյանի անձնական վարքը և նրա քաղաքական շրջապատի մշակութային, բանավիճային մակարդակը բացահայտում են ոչ թե նոր արժեքային հեղափոխություն, այլ ժողովրդավարության թուլացած շերտերին վրա թելադրված կոշտ, էմոցիոնալ մանիպուլյացիա։

Փաշինյանը ոչ միայն խոսում է հանրային գիտակցության մանիպուլյացիայի մասին, այլ փորձում է իրեն ներկայացնել որպես այդ մանիպուլյացիան կոտրող ուժ։ Սակայն նրա հռետորաբանությունը, քաղաքական պոպուլիզմը և հրապարակային վարքը բացահայտում են մի անհամապատասխանություն, որը ոչ թե վեր է դասում կրթության արժեքը, այլ դրա ծխածածկույթն է օգտագործում սեփական ամբարտավան իշխանությունն արդարացնելու համար։

«Կրթվելը նորաձև է» կարգախոսը անբովանդակ է, երբ դա արտաբերում է մարդ, ով ամեն առիթով ԱԺ ամբիոնը վերածում է անձնական վիրավորանքների հարթակի։ Փաշինյանի խոսքով ընդդիմադիրները «համբալ» են, նրանք պետք է «բռնվեն շինենք» և արժանանում են «շնաբարո դուսպրծուկների» կարգավիճակին։ Եվ սա՝ ոչ միայն քարոզարշավային հուզումներում, այլ՝ բարձր պետական ամբիոնից։

Որպես կանոն՝ քաղաքական առաջնորդը հանրային օրինակի դեր ունի։ Նրան հետևում են ոչ միայն քաղաքական կողմնակիցները, այլև այն քաղաքացիները, որոնք ուզում են հասկանալ պետության ուղին, ներսում տիրող մշակույթն ու արժեքային համակարգը։ Նախկին ղեկավարների դեպքում՝ անկախ նրանց քաղաքական և բարոյական գնահատականներից, միջազգային հարթակներում Հայաստանը ներկայացվել է զուսպ, հաշվենկատ, դիվանագիտական կերպարներով, մարդիկ մի այլ տեսակի մոտեցում ունեին երկրի ղեկավարի և, ընդհանրապես, պաշտոնյանի հանդեպ։ Իսկ ինչ է անում Նիկոլը՝ մատաղ սերդի համար որպես «իդեալ» լինելու համար։ ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորներին «համաբալ» է անվանում, քարոզարշավի ժամանակ տեսախցիկների տակ հայտարարում, թե «էդ ընդդիմադիրներին բռնելու ենք շինենք»․ է՛լ «շնաբարո դուսպրծուկ», է՛լ «կոշիկ ու բորդյուր լիզող» ու նմանատիպ փողոցային վարք։ Չնայած շատ զարմանալ պետք չի, եթե մի մարդու համար որպես ներշնչաքի աղբյուր հանդիսանում է «Կարգին հաղորդում»-ը, նրանից դժվար է Նիցշեից կամ Սուն Ցզիից մեջբերումներ սպասել։ Այսինքն, խորհրդարանի ամբիոնը դարձել է ինքնահաստատման դաշտ, իսկ լեզուն՝ պառակտման գործիք։

Վերը թվարկած դրվագներին ավելի «միս ու արյուն» տվեցին նրա թիմակիցները, որոնք ԱԺ-ում այս օրերին իրենց խոսքը կառուցում էին բացառապես փողոցային բառապաշարով՝ նրանցից մենկն անգամ ուղիղ կերպով ամբիոնից հայոհոյեց բոլոր նրանց, ովքեր իրենց «թուրք» կանվանեն։ Երբ իշխող խմբակցության պատգամավորները ուղիղ եթերում մերժում են որևէ քննադատություն ու հայհոյում ազգային արժեքները, խոսքն այլևս չի կարող համարվել կրթական կամ բարոյական դիսկուրսի մաս։ Սա վերածվում է ոչ թե գիտելիքի պաշտամունքի, այլ՝ տգիտության, որն իբր ձգտում է կիսել կրթություն։

Ինչպե՞ս է հնարավոր, որ հանրային խոսքի մեջ արժեքների մասին անընդհատ խոսող իշխանությունը հենց ինքն է դառնում այդ արժեքների քանդողը։ Ի՞նչ կրթական ցենզի մասին է խոսքը, երբ երկրի ղեկավարը խոսում է ուժի լեզվով, փողոցի տրամաբանությամբ, կարճատև էֆեկտի փնտրտուքով։ Այս հակասությունը՝ քարոզչական կարգախոսների և իրական վարքի միջև, վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի թիմի «կրթության օրակարգը» ոչ թե իրական արժեք է, այլ քող, որը ծածկում է իշխանության բովանդակային սնանկությունը։ Իսկ երբ իշխանությունը ոչ միայն խոսքի, այլ նաև արժեքային համակարգի մակարդակով սկսում է խեղաթյուրել կրթվածության իմաստը, ապա դրա հետևանքներն անվերականգնելի են դառնում հասարակության գիտակցական դաշտում։

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում