«Թագուհու» կերպարը Հայաստանում. ի՞նչ կա մտահոգվելու. «Փաստ»

«Թագուհու» կերպարը Հայաստանում. ի՞նչ կա մտահոգվելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Այնպես է ստացվել, որ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին, հաճախ նեղացնում են: Կգնա նա Ծիծեռնակաբերդ՝ ծաղիկներ խոնարհելու, ամբոխը նրան «դավաճան» կանվանի։ Կմեկնի Մոսկվա կամ Լոս Անջելես, օդանավակայանում նրան կդիմավորեն զայրացած սփյուռքահայերը։ Կուղևորվի Փարիզ կամ Իտալիա, ասենք՝ գնումներ կատարելու, անմիջապես քննադատության ալիք կտեղա բոլոր նրանց կողմից, ովքեր սիրում են հաշվել ուրիշների, պատկերացնո՞ւմ եք՝ նույնիսկ պետական փողերը։ Եթե հերթական անգամ հանդես գա իր «յուրօրինակ» կարծիքով, հերթական անգամ կհանդիպի հասարակական ատելության նոր ալիքի։ Եթե նախաձեռնություն սկսի կամ հիմնադրամ ստեղծի՝ հնչելու են հարցեր ֆինանսական թեմաներով։ Եթե հոգնի այս ամենից ու որոշի վարել իր նոր գնած ծառայողական Lexus-ը, հասարակությունն անպայման կփորձի փչացնել նրա երեկոն։

Վիրավորանք՝ վիրավորանքի հետևից։ Քննադատություն քննադատության հետևից: Դե, նրանց կյանքն էլ կյանք չէ… Օրինակ՝ երեկ Աննա Հակոբյանը մի շարք «տխմարներից» բողոքել էր իր էջում: Բայց, դե, բարեբախտաբար, Աննա Հակոբյանը հիմա շարքային քաղաքացի չէ ու կարող է իշխանություններից պաշտպանություն խնդրել։ Չէ, ինչու խնդրել, ակնկալել: Իսկ իշխանությունները, հասկանալի է, իդեալական կերպով կատարում են իրենց պարտականությունները՝ կոնկրետ այս քաղաքացու նկատմամբ. նա միշտ գտնվում է նրանց հովանու ներքո։

Անցած շաբաթ դատարանը մեղավոր ճանաչեց վարչապետի կնոջ նկատմամբ վիրավորանք հասցնելու գործով 67-ամյա Տիգրան Դրմեյանին՝ այն անձանցից մեկին, որը Ծիծեռնակաբերդում նրա հասցեին բացականչում էր «կապիտուլ յանտ» ու «դավաճան»։ Ամենահետաքրքիրն այստեղ այս գործի շրջանակներում անցկացված հետաքննական աշխատանքի ծավալն է։ Թվում էր, թե կարելի էր պարզապես անտեսել դա. ի՞նչ է եղել՝ վարչապետի կնոջը զուսպ քննադատել են, մի՞թե նա ինքն այդ ամենը չի պատկերացնում։ Բայց գործող իշխանությունները Աննա Հակոբյանին պաշտպանելու հարցում գործել են «առավելագույն պատասխանատվությամբ». քննությունը տևել է մեկ տարուց ավելի, հարցաքննվել են երեք տասնյակ վկաներ, ձերբակալվել է յոթ մարդ, որոնց հետ ամիսներ շարունակ անցկացվում են քննչական գործողություններ։

Զուգահեռաբար ընթանում է PR արշավ. ցանցում տարածվում է մի նարատիվ, որի համաձայն Աննային վիրավորել են ոչ թե «ճիշտ» հայերը, այլ եկվոր արցախցիները, որոնց դրա համար վճարել են տասը հազար դրամ։ Այս կերպ փրկվում է վարչապետի կնոջ հեղինակությունը, իսկ որպես բոնուս՝ արատավորվում են ռեժիմի համար անհարմար արցախցի փախստականները, որոնք իբրև թե պատրաստ են կլակերներ դառնալ չնչին գումարի դիմաց։ Իբր թե Հայաստանում բավարար թվով մարդիկ չկային, ովքեր պատրաստ էին Փաշինյան-Հակոբյան զույգի մասին իրենց մտածածները երեսներին ասել, և դրա համար նույնիսկ պետք էր վճարել։

Նրանց հետ, ովքեր փորձում են հակազդել առաջին տիկնոջը կամ պարզապես փչացնել նրա տրամադրությունը, իշխանությունները չեն վարանում միջոցներ կիրառել։ Հիշենք թեկուզ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի պատմությունը։ 44-օրյա պատերազմի օրերին Աննա Հակոբյանը գտնվում էր Արցախի հրամանատարական կետում, որտեղից հետևում էր ռազմական գործողություններին, երբեմն նույնիսկ միջամտում գործընթացին (չունենալով համապատասխան կարգավիճակ)։ Իր կնոջ ներկայությունը հրամանատարական շտաբում պաշտոնապես հաստատեց նաև ինքը՝ Փաշինյանը, հայտարարելով, որ իր նա հոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։ Ի վերջո, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության ղեկավարը՝ գեներալ-գնդապետ Հակոբյանը, մոտեցավ նրան և ասաց, որ նա այնտեղ գտնվելու անհրաժեշտություն չունի։ Դրանից հետո նրան Փաշինյանի անունից արգելեցին հայտնվել Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարական կետում, այսինքն՝ Փաշինյանը նրան հեռացրեց աշխատանքից՝ ռազմական գործողությունների ժամանակ։ Դե, ոչ ոք չի կարող Աննա Հակոբյանին ասել, թե նա ուր պետք է գնա։

Ընդհանրապես, Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի բարձր կարգավիճակը ընդգծելու համար իշխանությունները նրա համար առանձնահատուկ անվտանգության ծառայություն են ստեղծել։ Նրան մշտապես ուղեկցում են անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ, ինչը, սակայն, չի խանգարում հանրապետության բնակիչներին արտահայտել իրենց վերաբերմունքը վարչապետի կնոջ հանդեպ, ինչպես, օրինակ՝ դա տեղի ունեցավ Ծիծեռնակաբերդում, որտեղ Աննան ժամանեց մեծ ուղեկցող խմբով։ Ընդունելություններում, որտեղ Աննան հրավիրում է գործարարներին՝ վերջնագրային ձևով պահանջելով գնել տոմսեր մի քանի միլիոն դրամով, բախտավոր հյուրերն ունեն հնարավորություն հիանալ ավելի քան երեսուն գեղեցիկ թիկնապահներով, որոնք ուշադիր հետևում են, որ մուտքի համար գումար վճարած որևէ մեկը չասի, թե իրականում ինչ է մտածում այս «հյուրասիրության» մասին։

Աննա Հակոբյանը շատ ակտիվ և խոսքաշատ կին է, սիրում է ուշադրություն գրավել և այդ ամենում առանձնապես «բառի հետևից չի ընկնում»։ Բոլորի համար հայտնի են նրա հայտարարությունները սուր թեմաների վերաբերյալ (օրինակ՝ հերոսների հիշատակը մոռանալու կոչերը, անիմաստ զոհերի մասին հայտարարությունը կամ 11 հազար հայերի դասալքության անհիմն մեղադրանքը)։ Նրան իսկապես տրված է աստվածային տաղանդ՝ իր հասցեին ուժեղ զայրույթ առաջացնել։

Սակայն գուցե այս ամենը հենց այնպես չէ. լինելով փորձառու և պրոֆեսիոնալ լրագրող, նա թերևս պարզապես առաջնորդվում է այն սկզբունքով, որ սև PR-ն էլ PR է, և որքան շատ բացասական վերաբերմունք առաջացնես, այնքան ավելի հայտնի կդառնաս։ Ռիսկային ռազմավարություն է, սակայն վարչապետի տիկնոջ դեպքում մտահոգվելու կարիք չկա՝ նա միշտ պաշտպանված է…

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում