«Շամիրամ 2» թե՞ «Կրթվելը նորաձև է»

Նմանատիպ
Քաղաքագիտության մեջ ընդունված է փաստել, որ երբ իշխանությունը հայտնվում է ներքաղաքական վակուումում, հաճախ դիմում է պոպուլիստական և ագրեսիվ հռետորաբանության՝ ընդդիմախոսներին արժեզրկելու և սեփական համակիրների աչքում նրանցից «թշնամի» կերպար ձևավորելու համար։ Այս իրավիճակում սկսում է գործել «բաժանիր, որ տիրես» սկզբունքը, որն ենթադրում է հասարակական դաշտում բարիկադների ու հստակ բաժանարար գծերի պահպանում։
Աննա Հակոբյանի հրապարակային ելույթները և գրառումները հաճախ ունեն ոչ միայն քաղաքական, այլև բարոյախոսական ու պաթոսային երանգ՝ խառնելով էթիկական դատողություններ և «ազգի անունից խոսելու» փորձեր։ Դրանցում ակնհայտ է հակամարտությունը անձնացնելու միտում, որի միջոցով ձևավորվում են «բարի» և «չար» բևեռներ։ Թեև Հակոբյանը պետական պաշտոն չի զբաղեցնում, նա իրականում ազդում է հանրային օրակարգի վրա՝ որպես վարչապետի կին, մի շարք հիմնադրամների ղեկավար, ինչպես նաև պետական հաղորդումների և քարոզչական մեխանիզմների ակտիվ մասնակից։ Այլ կերպ ասած՝ նա իր քաղաքական քարոզարշավը կատարում է պետական ռեսուրսների հաշվին։
Իրականում Հակոբյանի խոսքն ունի քաղաքական ֆունկցիա՝ առանց որևէ պաշտոնական պատասխանատվության։ Այս հանգամանքը նրան հնարավորություն է տալիս գործել ավելի կոշտ հռետորաբանությամբ, քան պետական պաշտոնյաները։ Նրա կողմից ընդդիմության հասցեին հնչեցվող կոպիտ ձևակերպումները վկայում են քաղաքական դաշտի բարոյալքման մասին՝ իշխանության կողմից կիրառվող պառակտիչ և մանիպուլյատիվ կառավարման ոճի շրջանակում։ Սա իշխանության ինքնապաշտպանության մեխանիզմ է, որն իրականում բերում է հակառակ հետևանքի՝ խորացնում է հանրային անվստահությունը, թուլացնում ինստիտուտները և խորացնում թշնամանքի լեզուն՝ քաղաքացիական համերաշխության հաշվին։
Այս համատեքստում գործ ունենք մի անձի հետ, որը փաստացի քաղաքական հայտ է ներկայացնում՝ հաշվի առնելով առաջիկա ընտրություններին մասնակցելու հեռանկարը։ Կարելի է նկատել, որ Աննա Հակոբյանը փորձ է անում ինքնուրույն քաղաքական օրակարգ ձևավորել՝ տարանջատվելով Նիկոլ Փաշինյանի կերպարից։
Նախ՝ նա չի խոսում Փաշինյանի իշխանության հետևանքների մասին։ Պարտություն, Ադրբեջանի առջև գլուխ խոնարհում, դելիմիտացիա, «խաղաղության դարաշրջան»՝ այս բոլոր թեմաները բացակայում են նրա հռետորաբանությունից։ Փոխարենը նա առաջ է մղում «իրական Հայաստանի» գաղափարը՝ շեշտելով կրթության առաջնայնությունը, և փորձում գաղափարական «հեղափոխություն» նախաձեռնել՝ մարդկանց կտրելով պատմական հիշողության ու անցյալի ընկալումներից։
Այստեղ կարևոր է ընդգծել մի բան՝ Փաշինյանի իշխանության ամբողջ ընթացքում Աննա Հակոբյանի արտահայտած թեզերը հաճախ նախանշել են իշխանության գծած գծերը (ցավոք սրտի)։ «Մենք մեզ պարտված չենք համարում», «կռվել են հանուն ոչնչի», «Ստեփանակերտում միասին մուղամ լսել» և նմանօրինակ արտահայտություններ դարձան այն ողբերգական հետևանքների նախերգանքները, որոնց ականատես եղանք վերջին յոթ տարիների ընթացքում։
Այս զարգացումների տրամաբանական շարունակությունը կարող է դառնալ Աննա Հակոբյանի ակտիվ քաղաքական մուտքը 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում՝ արդեն սեփական թիմով։ Հնարավոր է՝ դա արվի «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում, որի միջոցով նա կփորձի համախմբել իր համակիրների որոշ շերտերին։ Ինչպես ժամանակին «Շամիրամ» կուսակցությունը ձևավորվեց որպես ՀՀՇ-ի արբանյակ, Հակոբյանն էլ կարող է նման մոդելով ստեղծել նոր կուսակցություն՝ ձայներ հավաքելու և ամուսնու հետ հետագա կոալիցիա ձևավորելու հեռանկարով։ Իսկ հանրությանը կմնա այդ ամենը ընդունել՝ հերթական քարոզչական թեզի ներքո՝ «տեսեք՝ ինչքան կարևոր է կրթվելը»։
Այս ամենը մեզ կանգնեցնում է մտահոգիչ իրողության առաջ․ Հայաստանում ձևավորվում է ոչ թե գաղափարական պայքար, այլ՝ իշխանության ժառանգման կուլիսային մեխանիզմ, որտեղ անհատները միմյանց փոխանցում են ոչ թե պատասխանատվություն, այլ մանիպուլյացիայի լեզու։ Աննա Հակոբյանի հնարավոր քաղաքական դերակատարումը ոչ թե նոր հարթության տեղափոխում է հանրային-քաղաքական դիսկուրսը, այլ այն ավելի է աղճատում՝ խառնելով բարոյախոսությունն ու թունավոր պոպուլիզմը։ Երբ հանրային օրակարգը ձևավորվում է ոչ թե ինստիտուցիոնալ քաղաքական դերակատարների, այլ «ընտանեկան ժեստերի» ու գերբնական առաջնորդության փոխաբերությունների միջոցով, երկիրը անշեղորեն գլորվում է անձնիշխանության նոր մոդելի մեջ։
Այստեղ արդեն այլևս հարցը միայն Աննա Հակոբյանը չէ։ Հարցը համակարգն է, որը թույլ է տալիս ոչ ընտրված, ոչ հաշվետու անհատներին իրականացնել քաղաքական կամք՝ պետության անունից։ Այս համակարգը հասարակությանը բևեռացնում է ոչ թե գաղափարական քննարկումների, այլ բարոյական անեծքների և ցուցադրական բարեպաշտության ճահճում։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում