Թյուրքական աշխարհը դավաճանեց Թուրքիային՝ հանուն 12 մլրդ եվրոյի. Ի՞նչ է անում Էրդողանը

Թյուրքական աշխարհը դավաճանեց Թուրքիային՝ հանուն 12 մլրդ եվրոյի. Ի՞նչ է անում Էրդողանը

Էրդողանի երազած թյուրքական աշխարհում ամեն ինչ այնքան էլ Էրդողանի սրտով չէ, և թյուրքական միասնությունն այնքան էլ իրականություն չէ։ Հաշվի առնելով, որ Թուրքիայի ու հատկապես Էրդողանական Թուրքիայի առաջնահերթություններից է հետխորհրդային թյուրքախոս պետությունները, թուրքերին, թյուրքական աշխարհը միավորելը՝ ներկայացնում ենք հենց այս ուղղությամբ Թուրքիայի արտաքին քաղաքականության, թուրքական դիվանագիտության ձախողումներից կամ Էրդողանի առաջ եղած խոչընդոտներից մեկը։

Մեկ ամիս առաջ թուրքական մեդիայում մեծ աղմուկ էր՝ Կենտրոնական Ասիայի թյուրքախող պետություններին Թուրքիայում հրապարակային կերպով՝ թերթերի վերնագրերով և հեռուստաեթերներում մեղադրում էին Թուրքիային և Թյուրքական պետությունների կազմակերպությանը դավաճանելու մեջ։

Ամեն ինչ սկսվեց Ուզբեկստանում ապրիլի 4-ին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովից, որի ամենակարևոր իրադարձությունը ԵՄ-ի՝ տարածաշրջանի երկրներում 12 միլիարդ եվրո ներդնելու խոստումն էր։

Արդյունքում 4 թյուրքալեզու երկրներ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, որոնց հետ Թուրքիան մեծ ծրագրեր է կազմում, վերահաստատեցին իրենց աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին՝ փաստացի դուրս գալով Թուրքիայի դեմ։ Որովհետև այդ բանաձևերը կոչ են անում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, չճանաչել Կիպրոսի Հանրապետության կառավարությունից բացի որևէ այլ կառավարություն կղզում: Սա նշանակում է՝ չճանաչել կղզու ինքնահռչակ թուրքական մասի անկախությունը։

Փաստացի Անկարայի մերձավոր դաշնակիցները պաշտոնապես մերժեցին Հյուսիսային Կիպրոսի անկախությունը ճանաչելու Թուրքիայի հավակնությունը և միանացան ՄԱԿ ԱԽ որոշմանը, որը թուրքական զինված ուժերը համարում է Կիպրոսի օկուպանտներ: Թուրքական մեդիայում սկսվեց հիստերիա՝ «Եվրամիության և թուրքական պետությունների սկանդալային պայմանավորվածությունը» վերնագրով ու բովանդակությամբ։

«11 միլիարդ դոլար փող։ Կարծում եք՝ նրանք այդ ամբողջ 11 միլիարդ դոլարը ձեզ կտան։ Դուք դա բաժանեք հինգի, հինգ պետության միջև, տարածեք 10 տարվա վրա։ Տարեկան 200 միլիոն դոլար։ Այդքա՞ն էժան։ Արդյո՞ք արժեր, եղբայր։ Մենք ձեզ առաջարկեցինք Թուրանի տնտեսական գոտի, ասացինք միասին կզարգանանք, միասին կուտենք, բայց դու չես ճանաչում Կիպրոսը, դու ճանաչում ես հույներին, դու ինձ զավթիչ ես հայտարարում, բարեկամս։ Ամոթ չէ՞։ Դուք այն երկրի զինվորներին, որոնց անվանում եք եղբայր, որոնց հետ ունեք ընդհանուր լեզու, որոնց հետ հաստատել եք ընդհանուր տնտեսական գոտի, որոնց հետ ընդունել եք ընդհանուր այբուբեն, անվանում եք զավթիչներ, բարեկամս։ Ամոթ չէ՞։ Արդյո՞ք դա տեղին է քույրերի և եղբայրների միջև։ Որ հարցում մենք ձեզ չենք աջակցել, ձեր ո՞ր խնդիրը չենք փորձել լուծել։ Ինչո՞ւ մենք ոչինչ չասացինք թուրքական պետություններին Կիպրոսը տարիներ շարունակ չճանաչելու մասին։ Ասում էինք՝ պետք չէ, մի՛ ընկեք խնդիրների մեջ։ Բայց հիմա դուք եք մեզ դժվարին իրավիճակում դրել։ Դժբախտաբար Թուրքիան այս հարցում պարտադրող չէր», – Haber Global հեռուստաալիքի եթերում հայտարարում է անվտանգության քաղաքականություն վերլուծող Մեթե Յարարը:

Մեջբերում են Իրբել Օրթայլըին, որի մասին գլխավոր տեղեկությունն այն է, որ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբանների առաջին շարքում է։ Մեջբերումը կարևոր է՝ հաշվի առնելով, որ Թուրքիան հիմնականում ընկալվում է որպես խորամանկ և անպարտելի, անհաղթահարելի ուժ, բայց թուրքերն իրենք իրենց ներսում տեսնում են՝ Թուրքիային ևս վտանգներ են սպառնում:

«Թուրքիայի ապագան նույնպես վտանգված է, ասում է Իլբեր Օրթայլըն և պետք է միջոցներ ձեռնարկել հնարավորին չափ շուտ։ Նա ասում է, որ այդ ներդրումների նպատակը իրականում թուրք գործարարների ներկայությունը Կենտրոնական Ասիայում նվազեցնելն է»,- Haber Global-ի նույն եթերում մեջբերում է մեկնաբանը:

Էրդողանի համար այս դավաճանության պահին իրեն դրսևորել է Բաքվի օկուպանտը՝ հայտարարելով, թե Կիպրոսի թուրքերն արժանի են սեփական պետություն ունենալուն:

«Իլհամ Ալիևի, պարոն Իլհամ Ալիևի հայտարարությունը հիանալի հայտարարություն էր։ Ջան Ադրբեջանն է։ Գիտե՞ք՝ ինչ ասաց նա։ Ասաց մենք միշտ կանգնած ենք կիպրոսցի թուրքերի կողքին, նրանք մեր եղբայրներն են։ Նրանք պետք է ճանաչվեն։ Ասաց, որ ճանաչվելը նրանց օրինական իրավունքն է։ Հիմա ես հարցնում եմ՝ պարոն արտաքին գործերի նախարարը պե՞տք է անմիջապես դուրս գա և ասի մենք ևս ուզում ենք, որ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվի, մենք նաև ճանաչում ենք խնդրում Ադրբեջանից», – հայտարարում է Ջիհաթ Յայջըն, որը ներկայանում է որպես թոշակի անցած բարձրաստիճան զինվորական, պրոֆեսոր:

Կիպրոսն Էրդողանի համար միակ կարևոր թեման չէր, որի մասին եվրապաշտոնյաները Կենտրոնական Ասիայում հայտարարություններ արեցին։ Խոսել են նաև Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» կոչվածի մասին։

«Սև ծով հասնելու համար կարևոր է նաև Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի երկրների հետ սահմանը սահուն հատելը: Երեք տասնամյակ փակ Հայաստանի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների բացումը կփոխի խաղի կանոնները։ Դա Եվրոպան և Կենտրոնական Ասիան կմոտեցնի ավելի, քան երբևէ», – Ուզբեկստանում հայտարարել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Սա նշանակում է, որ ամենաբաց և ուղիղ ձևակերպմամբ «Զանգեզուրի միջանցք» կոչված նախագիծը բխում է նաև Եվրամիության շահերից և Հայաստանի տարածքով ծրագրված այդ թուրքական միջանցքով Եվրամիությունը ևս ցանկանում է մոտենալ Կենտևոմական Ասիային։

Եվ այս պատմությունը Թուրքիայում, իհարկե, աչքաթող չեն անում։ Եվրապաշտոնյաների հեռանալուց հետո Կենտրոնական Ասիայում տուռնե է սկսել Թուրքիայի մեջլիսի նախագահ Նուման Քուրթումլուշը։ Թյուրքական աշխարհի պրոպագանդան առաջ տանող Էրդողանի ամենաակտիվ պաշտոնյաներից մեկը։ Ու ահա, թե ինչեր է հայտարարում Ուզբեկստանից մինչև Ղրղզստան։ Ամենուր տեքստը բառացի նույնն է. «Մոտ 300 միլիոն բնակչություն ունեցող թյուրքական աշխարհը, որը աշխարհագրորեն տարածվում է Կենտրոնական Ասիայից մինչև Անատոլիա և այնուհետև՝ Եվրոպա, դարձել է նոր ծագող աստղ»:

Սա նշանակում է, որ անգամ ծանր խնդիրների բախվելով, անգամ դավաճանության մեջ մեղադրելուց հետո Թուրքիան ոչ թե լքում է դաշնակիցներին, պոտենցիալ դաշնակիցներին, որոնցից շահ է ակնկալում, այլ աշխատում է նրանց ուղղությամբ, խռովածի դիրք բռնում, բայց ճշմարտությունը երեսներին նետելուց հետո Էրդողանը փորձում է շտկել իրավիճակը։ Որովհետև ուրիշ թյուրքական աշխարհ և ուրիշ բնական դաշնակիցներ քարտեզի վրա թուրքերը չունեն։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում