Էրդողան. Հայաստան-Ադրբեջան «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար

Էրդողան. Հայաստան-Ադրբեջան «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ կբացի թյուրքական աշխարհի համար

Թուրքիայի նախագահը Հայաստանի և Հայաստանի տարածքի մասին հայտարարություններ է արել Թյուրքական պետությունների կազմակերպության ոչ պաշտոնական գագաթաժողովի ժամանակ: Էրդողանը հայտարարել է, որ Փաշինյան-Ալիև «խաղաղության համաձայնագիրը» բազմաթիվ հնարավորություններ է բացելու թյուրքական աշխարհի համար:

«Թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունեցող Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին մենք ուշադիր հետևում ենք: Ուրախ ենք, որ ջան Ադրբեջանը խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության է հասել Հայաստանի հետ։ Եթե երկու երկրների միջև հնարավոր լինի հաստատել մշտական ​​խաղաղություն, ապա այդ դրությունը, անկասկած, բազմաթիվ հնարավորություններ կբացի մեր թյուրքական աշխարհի համար։ Այս պահին վստահ եմ, որ հաղթանակած նախագահը, իմ սիրելի եղբայր Ալիևը, պատմության մեջ կմտնի որպես տարածաշրջանին խաղաղություն բերող առաջնորդ», – հայտարարել է Էրդողանը:

Այն, որ Հարավային Կովկասը, Արցախի և Հայաստանի տարածքը Թուրքիայի համար ունեն ռազմավարական նշանակություն, պատմական փաստ է՝ ցեղասպանություն իրագործելու գնով, և Էրդողանն առաջին անգամ չէ դրա մասին հայտարարում: Այս շեշտը ուղղված է Հարավային Կովկասում հավակնություններ ունեցող մյուս ուժերին՝ ներառյալ Հայաստանին: Հայաստանում այն ուժերին, որոնք Թուրքիային ենթարկվելուց բացի ունեն այլ ծրագրեր:

Այն, որ Փաշինյան-Ալիև համաձայնագիրը բազմաթիվ հնարավորություններ է բացելու Թուրքիայի համար, հայտարարվում է արդեն ուղիղ և բաց տեքստով, թեև Էրդողանի տասնյակ կոչերը՝ այդ համաձայնագիրը «հնարավորին չափ շուտ», «պահ առաջ» ստորագրելու վերաբերյալ հուշում էին, որ այն բխում է հենց Թուրքիայի շահերից, որ Հայաստանի գլխին հերթական վտանգն է կախվում, ոչ թե լուծվում են անվտանգային խնդիրները, ինչպես փորձ է արվում ներկայացնել: Խոսքն առնվազն այն փաստաթղթի մասին է, որի շուրջ բանակցել ու համաձայնել են Փաշինյանն ու Ալիևը: Հայաստանի և Ադրբեջանի միջև այլ փաստաթղթի պարագայում գուցե իրավիճակը հնարավոր է փոխել, շտկել:

Էրդողանը խոսել է նաև այն գլխավոր հնարավորության մասին, որն ակնկալում է ստանալ Փաշինյան-Ալիև համաձայնագրից՝ «Զանգեզուրի միջանցք»: Այս եզրը չի գործածել, Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի մասին խոսել է անուղղակի:

«Միջին միջանցքը, որն ապահովում է Արևելքի և Արևմուտքի միջև անվտանգ և անխափան փոխադրումներ, առանձնանում է որպես ռազմավարական երթուղի։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս Թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում գործակցությանը Միջին միջանցքի հաջողության համար և ակնկալում ենք անդամ պետությունների աջակցությունը», – հայտարարել է Էրդողանը: Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» կոչվածը այդ Միջին միջանցքի մի մասն է:

Երեք օր առաջ՝ հունիսի 18-ին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր՝ Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի ծրագիրն իրագործելու են 3-4 տարում. «Մենք գտնվում ենք Միջին միջանցքի հենց կենտրոնում։ Թուրքիայում՝ Ադրբեջանի, Վրաստանի տարածքով և Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կնպաստի Միջին միջանցքի հետագա զարգացմանը և կապահովի թուրքական աշխարհ ավելի արագ մուտք, աշխատանքները շարունակվում են՝ ինչպես մեր, այնպես էլ ադրբեջանական կողմից։ Մենք նախատեսում ենք այն կյանքի կոչել երեք-չորս տարվա ընթացքում։ Այն նաև մեզ համար է արժեքավոր միջանցք է»:

Թյուրքական պետությունների առաջնորդների ներկայությամբ Էրդողանը խոսել է նաև անցյալի իր ընկալումների և ապագայի մասին: Թուրքիայի նախագահը, իհարկե, չի հայտարարել, թե պետք է վերանայել թուրքերի զավթողական պատմությունը, վերանայել, թե ինչը և ինչու են զավթել՝ հանուն խաղաղության: Հայտարարել է ճիշտ հակառակը:

«Անցյալում Կիպրոսում, Ղարաբաղում, Բոսնիայում և այսօր Գազայում տեղի ունեցած ողբերգությունները մեզ հիշեցնում են, որ պետք է մտածենք մեր սահմաններից այն կողմ, լսելի դարձնենք մեր ձայնը», – բացատրել է Էրդողանը:

Որովհետև խաղաղությունը թուրքական ընկալմամբ ոչ թե հանգիստ ապրելու, տարածքային ամբողջականության, ճանաչված սահմանների և ժողովրդավարության մասին է, այլ իրենց սահմաններից այն կողմ մտածելու մասին: Խաղաղությունը Թուրքիայի համար սկիզբ է, միջոց է՝ ավելին ստանալու համար, օրինակ, հայերից: Եվ Հայաստանում ուզենք, կամ ոչ, կանգնած ենք այս իրականության առաջ, որն առնվազն պետք է տեսնել:

Մյուս կողմից Էրդողանն առաջին անգամ բացահայտ կերպով ընդունել է, որ ինքը ևս խնդիրներ ունի, որ թյուրքական աշխարհում, որը ցանկանում է, երազում է միավորել և առաջնորդել, ամեն ինչ այնքան էլ իր սրտով չէ:

«Մենք կարծում ենք, որ թուրքական աշխարհի ընտանեկան լուսանկարը՝ առանց Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության, միշտ թերի կլինի։ Այդ պատճառով այսօրվա մեր գագաթնաժողովում կայացրած որոշումը՝ Թուրքական պետութունների կազմակերպութունում Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության՝ որպես դիտորդ անդամակցության վերաբերյալ, մենք համարում ենք շատ կարևոր լրացուցիչ քայլ։ Ալլահի կամքով, ոչ այնքան հեռավոր ապագայում մենք տեսնենք այն օրերը, երբ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը կընդունենք որպես մեր կազմակերպության լիիրավ անդամ»,- հայտարարել է Էրդողանը:

Որովհետև Կիպրոսի հարցում թյուրքական աշխարհը պառակտված է: Ուզբեկստանում ապրիլի 4-ին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովի ամենակարևոր իրադարձությունը ԵՄ-ի՝ տարածաշրջանի երկրներում 12 միլիարդ եվրո ներդնելու խոստումն էր։ Արդյունքում 4 թյուրքալեզու երկրներ՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը, որոնց հետ Թուրքիան մեծ ծրագրեր է կազմում, վերահաստատեցին իրենց աջակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 541 և 550 բանաձևերին՝ փաստացի դուրս գալով Թուրքիայի դեմ։ Որովհետև այդ բանաձևերը կոչ են անում ՄԱԿ-ի բոլոր անդամ պետություններին հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը, չճանաչել Կիպրոսի Հանրապետության կառավարությունից բացի որևէ այլ կառավարություն կղզում: Սա նշանակում է՝ չճանաչել կղզու ինքնահռչակ թուրքական մասի անկախությունը։

Ու այս պատմությունը ցուցիչ է, որ որքան էլ Թուրքիան ու Էրդողանը ձգտեն ընդլայնվել ու անպարտելի թվալ՝ նաև Հայաստանի և հայկական շահերի հաշվին, իրականում Թուրքիան ևս բախվում է մարտահրավերների և թյուրքական աշխարհի՝ իրականում միասնական չլինելն Էրդողանի խնդիրներից միայն մեկն է:

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում