Երբ պետականության փոխարեն կառավարում է քարոզչությունը

Նմանատիպ
Շատ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը գործնականում մուտք է գործել նախընտրական փուլ՝ առանց որևէ պաշտոնական հայտարարության։ Նրա գործողությունների ողջ տրամաբանությունը պետք է դիտարկել բացառապես 2026 թվականի ընտրությունների համատեքստում։ Այսօր ներհայաստանյան գործընթացները պայմանավորվում են ոչ թե ռազմավարական անհրաժեշտություններով կամ կառավարման ծրագրերով, այլ բացառապես անձնական վերարտադրության հրամայականով։
Փաշինյանը գիտակցում է, որ փաստացի ձախողել է կառավարության հնգամյա ծրագիրը, ինչպես նաև 2021-ի ընտրություններին տված խոստումները։ Խոսքը ոչ միայն «անջատում՝ հանուն փրկության» բառակապակցության տակ հնչած խաղաղության խոստումների մասին է, այլ նաև՝ Շուշիի և Հադրութի վերադարձի մասին ակնարկները, թալանի վերադարձի շոուները, պողպատյա մանդատի մասին մանիպուլյատիվ խոսքը, մուրճի միջոցով արդարություն հաստատելու մասին ստեղծված միֆերը։ Այս ամենը իրականում դարձան մասսայական խաբեություն, որի արդյունքում գողացվեցին շուրջ 680 հազար ընտրողի վստահության քվեներ։
Այսօր Փաշինյանն արդեն անցել է նոր՝ առավել տեսարանային, թատերականացված փուլ։ Նրա քաղաքական վարքագիծը կառուցվում է պատրանքների նոր փաթեթի շուրջ։ Այս փաթեթում տեղ են գտնում «ապօրինի գույքի բռնագանձման» շուրջ ամենօրյա գովազդները, նախկին նախագահների դեմ արհեստականորեն վերաձևակերպված նոր քրեական գործերը, մարզային այցելությունները, մարդկանց հետ «անկաշկանդ» շփումների տեսարանները, սուբվենցիոն ծրագրերի ներքո իրականացվող ընթացիկ աշխատանքների չափազանցված ներկայացումը։
Բայց այս ամենը սոսկ արտաքին փաթեթ է, որովհետև իրականում այստեղ բացակայում է քաղաքական վստահությունը։ Իսկ քաղաքական վստահությունը ժողովրդավարական գործընթացների ամուր հիմքն է՝ պետական ինստիտուտների նկատմամբ հարգանքի, առաջնորդների լեգիտիմության, հանրային համախմբման և ռազմավարական կայունության աղբյուր։ Երբ այս կապիտալը մաշվում է, համակարգը դառնում է փխրուն, անկայուն և անդառնալիորեն խոցելի։ Եվ հենց այսպիսի վիճակում է այսօր Հայաստանի քաղաքական համակարգը՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։
Փաշինյանի և նրա վարչական թիմի նկատմամբ վստահության պակասը հիմնված է ոչ միայն հիասթափության վրա, այլև փաստերի, կոնկրետ քաղաքական փորձի և հետևողական դիտարկման։ Քաղաքականությունը, ի տարբերություն պրոպագանդայի, պահանջում է հիշողություն, վերլուծություն և գործողությունների պատասխանատվություն։ Երբ խոսքը չի համընկնում գործի հետ, երբ խոստումները վերածվում են թղթի վրա չգրված խոսքերի, վստահությունը՝ որպես քաղաքական կապիտալ, վերանում է։ Այսօր դա է տեղի ունեցել Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև։
Հատկանշական է, որ այս ընթացքում հատկապես ակտիվացել են Նիկոլ Փաշինյանի մարզային այցելությունները։ Սուբվենցիոն ծրագրերի ներքո իրականացվում են ջրագծերի, կոյուղիների, փողոցների վերանորոգման և ասֆալտապատման աշխատանքներ։ Արտաքուստ՝ դա կարող է թվալ պետական «աշխատող մեքենա», սակայն իրականում սա ևս նախընտրական հաշվարկի մաս է։ Հասարակությանը տրվում է այն պատրանքը, թե իշխանությունը «լսում» է նրանց առօրյա խնդիրները՝ կարկտակայան, ոռոգում, բերքի իրացում, տեղական ենթակառուցվածքներ։ Սա թույլ է տալիս շեղել ուշադրությունը իրական մարտահրավերներից՝ սահմանազատման, ինքնիշխանության, անվտանգության և ինքնության հարցերից։
Այսպիսով, կրկին կյանքի է կոչվում Փաշինյանի իշխանության հիմնական մարտավարությունը՝ «հաց և տեսարան»։ Տրվում են որոշակի սոցիալ-կենցաղային լուծումներ, գովազդվում է կառավարության «աշխատանքը», տեղերում կազմակերպվում են շփումներ ու արհեստական մտերմություն։ Բայց իրականում, սա մի ռազմավարություն է, որի նպատակը ժողովրդի ուշադրությունը շեղելն է և քաղաքական վստահության կորուստը կոմպենսացնելը՝ տեխնոլոգիական հնարքներով։
Փաշինյանի վարչակազմը այլևս չի կառավարվում ծրագիրներով կամ արժեքներով։ Այն կառավարվում է բացառապես քարոզչությամբ։ Այսօր քարոզչությունը դարձել է միակ գործիքը, իսկ քաղաքական վստահությունը՝ սպառված ռեսուրս, դրանից հետո մնացածը լոկ անիմաստ ընթացք է՝ մինչև ընտրությունները։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում