Երբ հաղթանակը դառնում է թիրախ. ինչպես է նսեմացվում արցախյան պայքարի արժեքը

Նմանատիպ
Տևական ժամանակ է՝ պետական համակարգը, իշխանության քաղաքական վերնախավը և դրան սպասարկող քարոզչամեքենան հետևողականորեն ներմուծում են մի վտանգավոր և զազրելի գիծ՝ Արցախյան առաջին պատերազմի հաղթանակի նսեմացումը։ Բառացիորեն, այն պատերազմը, որի շնորհիվ ձևավորվեց անկախ Հայաստանը որպես անվտանգ պետականություն, այսօր փորձում են ներկայացնել որպես պատրանք, կեղծիք, մոլորություն։
Ի՞նչ նպատակով է արվում սա։ Շատ հստակ. հանրության գիտակցության մեջ քայքայել հաղթանակի արժեքը, մարել պետականորեն կարևոր իրողությունների նկատմամբ հասարակական վստահությունը, և այս ամենը՝ հօգուտ իշխանության քաղաքական հարմարության ու սեփական պարտությունների արդարացման։
Թեմայի հետ կապված Նիկոլ Փաշինյանի իշխանության գործած հռետորաբանությունը ո՛չ պատահական է, ո՛չ էլ միամիտ։ Եկեք հասկանանք՝ ինչ մեթոդներ են կիրառում հաղթանակը նսեմացնելու նպատակով:
Հստակ ընդգծված փաստազերծ բառախաղեր. «հաղթանակն իրականում պարտություն էր», «դա թալանի համար արված հաղթանակ էր», «մենք հաղթել էինք, բայց պարտվել ներսից» և այլն։ Այս բոլոր ձևակերպումներն ոչ մի փաստական հենարան չունեն, բայց հաճախակի հնչեցվելով՝ վերածվում են «համոզման մեթոդի»։
Հատուկ մանիպուլյացիաներ Ապրիլյան քառօրյայի շուրջ. Ապրիլյան պատերազմը, որն իրականում համարվում է հայկական զինված ուժերի կազմակերպված դիմակայության փայլուն օրինակ, ներկայացվում է որպես արդեն «պարտված համակարգի վերջին ճիգ»։ Արդյունքում՝ նսեմացվում է բանակի և սպայական կազմի հերոսական մասնակցությունը։ Հաջորդ դրվագը՝ պատմական պատասխանատվության տեղափոխում, երբ անցյալի բոլոր հաղթանակներն արժեզրկվում են, ներկայի պարտությունները դառնում են ոչ թե տվյալ իշխանության ձախողման հետևանք, այլ՝ իբր պատմական անխուսափելիություն։ Այս ձևով ձևավորվում է մեկ վտանգավոր ուղերձ. «Մեր մեղքը չէ, ամեն ինչ այդպես էլ պետք է լիներ» (հիշեք՝ ոչ թե իմ օրոք է եղել, այլ ես՝ պատերազմի ժամանակ)։
Այս քարոզչական շղթայում առանցքային դեր ունի նաև վերջին շրջանում շրջանառվող մի նուրբ, բայց վտանգավոր թեզ՝ «կրթվելը նորաձև է»։ Առերևույթ դրական այս քարոզը իրականում վերածվել է նոր, պղտոր գաղափարախոսության հիմքի՝ երբ կրթված լինելու անվան տակ մարդկանց պարտադրում են հրաժարվել ազգային ինքնությունից, պատմությունից, հաղթանակի արժեքից, պաշտպանական վարքից ու նորմալ ռազմաքաղաքական տրամաբանությունից։
Սա մաքուր գաղափարական մանիպուլյացիա է, երբ կեղծ լիբերալիզմի անունով տոտալիտար մտածողություն են հրամցնում՝ ճշմարտության միակ չափանիշը իրենց քարոզած պատկերացումները ներկայացնելով։ Երբ դու չես կիսում «խաղաղության» կամ «հպարտացիր պարտությամբ» դիսկուրսը, քեզ կոչում են հետամնաց, թույն տարածող, անգրագետ կամ ռուսասեր։ Սա այլ կերպ, քան լիբերալ ֆաշիզմ, կոչել չի կարելի:
Սա հատկապես կործանարար է, քանի որ երբ հաղթանակի նկատմամբ վստահությունը ոչնչացվում է, հանրությունը դառնում է պատրաստ ձևափոխված իրականության: Կամ, որ նույնն է՝ լիբերալիզմի անվան տակ պարտադրվում է միակողմանի գաղափար, որի արդյունքում ստացվում է՝ ինքնությունը լքած, պատմություն չունեցող, ուղիղ աչքիդ նայող ու քո հիշողությունը մանիպուլացնող իշխանություն։
Այսօր թիրախավորվել է ոչ թե պարզապես անցյալի մի իրադարձություն, այլ՝ ամբողջ մի սերնդի պայքար, հազարավոր նահատակների արյամբ կերտված պետականություն, և հաղթանակի վրա հենված հանրային համախմբման հենասյունը։ Նսեմացնելով այս ամենը՝ ուզում են վերացնել արժանապատվության զգացումը, որպեսզի հեշտ լինի կառավարվել, մանիպուլացվել, համոզվել, որ պարտությունը խաղաղություն է, իսկ պարտվողը՝ ռեալիստ։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում