Սարդարապատի ոգին և նրա ժխտումը՝ Արցախի կորստի ժամանակակից լռության միջոցով

Նմանատիպ
1918 թվականի մայիսը հայ ժողովրդի պատմության մեջ դարձավ կիզակետային պահ՝ հենակետ այն պատմական կամքի, որը հնարավոր դարձրեց վերապրումը, կանգուն մնալը և պետականության վերածնունդը։ Եթե մայիսի 26-ի Սարդարապատի ճակատամարտը չլիներ՝ Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հատվածներն անգամ կարող էին ոչնչանալ։ Այստեղ է, որ մենք գործ ունենք ոչ միայն ռազմական, այլև գոյաբանական ճակատամարտի հետ։
Ակնհայտ է, որ պանթուրքիստական ծրագրերը հասել էին իրենց գագաթնակետին, իսկ Արևմտյան Հայաստանը կոտորածների բեկորների մեջ էր մնացել, միակ հույսը վերածնվող ուժն էր՝ հայոց կամքի միասնությունը։ Եվ հենց այդ պահին, ոչ միայն Երևանի դաշտում, այլ ամբողջ հայության սրտում սկսեց ծնունդ առնել մի նոր դիմադրություն։ Դա միայն տարածքի համար չէր՝ դա պայքար էր լինելու կամ չլինելու համար։
Զարմանալի չէ, որ այդ ճակատամարտի առանցքում հայ մյուս ռազմաքաղաքական առաջնորդներչ կողքին կանգնած էին նաև Արցախից եկած հրամանատարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները։ Կարևոր է փաստել, որ նրանք միայն ռազմական փորձով աչքի չընկան, այլ նրանք խորհրդանիշն էին այն գաղափարի, որ Սարդարապատը միայն Երևանն ու Էջմիածինը պահելու խնդիրը չէր, դա ամբողջ հայության ճակատամարտն էր՝ Արցախից մինչև Սյունիք, Արարատից մինչև Վան։ Փիրումյան եղբայրները, արցախյան ռազմական մտածողության տեր մարդիկ, Սարդարապատում իրենց կազմակերպչական ունակություններով առաջնորդեցին այն վճռական հակահարվածը, որը շրջեց պատմության ընթացքը։
Հենց այս համատեքստում Սարդարապատը պետք է ընկալել ոչ թե որպես մեկ ճակատամարտ, այլ որպես գոյաբանական դիմադրության համահայկական խորհրդանիշ։ Այն չեղարկեց ոչ միայն օսմանյան բանակի առաջխաղացումը, այլև՝ մահվան ծրագրի վերջին փուլերը։ Իսկ դա հնարավոր դարձավ ոչ թե զենքով միայն, այլ՝ ազգի համախմբմամբ, երբ արցախցին, սյունեցին, լոռեցին ու ապարանցին միավորվեցին նույն նպատակով՝ ապրելու, պետություն ունենալու, արժանապատվությամբ կանգնելու։
Սակայն մեկ դար անց, մենք ականատես եղանք մի այլ երևույթի՝ նույն այդ համահայկականության խզմանը։ Երբ 2023-ին Արցախը կանգնած էր հերթական ոչնչացման եզրին, Հայաստանի իշխանությունների հրապարակային դիրքորոշումը ձևակերպվեց որպես ինքնապաշտպանական նահանջ. «Հայաստանը չի տրվի որևէ սադրանքի և չ ներքաշվի Ադրբեջանի հետ նոր պատերազմի մեջ»։ Նիկոլ Փաշինյանի կողմից 2023-ի սեպտեմբեի 19-ին ասված այս նախադասության մեջ ամփոփված էր ոչ միայն ռազմավարական վախը, այլ գաղափարական հրաժարումը՝ հրաժարում հայ ժողովրդի մեկ մարմին լինելու գաղափարից։
Ակնհայտ է, որ երբ Լաչինի միջանցքով արցախցի փախստականների շարասյուներն շարժվում էր դեպի Հայաստան, ու երբ հայ զինվորը Սյունիքի բարձունքից հեռադիտակով հետևում էր իր հայրենակիցների դատարկվող քաղաքներին, սա արդեն պատմական ողբերգություն չէր միայն՝ սա համահայկականության հոգևոր քայքայումն էր։ Ահա սա էր տարբերությունը Սարդարապատի և Լաչինի միջև․ առաջինում արցախցին առաջնորդում էր համահայկական դիմադրությունը, երկրորդում՝ արցախցին թողնված էր առանց պետության, իսկ նրա եղբայր զինվորը՝ վերածված անգործ դիտորդի։
Այն, ինչ տեղի ունեցավ 1918-ին, երբ դեռ պետականություն չկար, ապացուցեց, որ հայությունը կարող է լինել միասնական, եթե կա կամք։ Իսկ այն, ինչ տեղի ունեցավ 2023-ին՝ ունենալով պետություն, բանակ ու դիվանագիտական հնարավորություն, ցույց տվեց, թե ինչ է լինում, երբ գաղափարը զիջում է կոմֆորմիզմին, պատասխանատվությունը՝ քաղաքական հաշվարկին։
Այսօր, երբ մեր ազգը նորից կանգնած է բարդ աշխարհաքաղաքական փորձությունների առջև, Սարդարապատը պետք է վերհիշել ոչ միայն որպես հաղթանակ, այլ որպես ուղեցույց՝ թե ինչպես կարող է ժողովուրդը համախմբվել՝ նույնիսկ ամենածանր պահերին։ Սարդարապատը չպետք է դառնա միայն տոնական օրացուցային հիշատակում, դա նախ և առաջ պետք է լինի քաղաքական ու բարոյական փարոս:
Սարդարապատը ցույց տվեց, որ գոյության իրավունքը չի տրվում՝ այն նվաճվում է։ Եվ այդ նվաճման առաջնագծում հայ մարդն էր՝ տարբեր մարզերից ու տարբեր խավերից, բայց մեկ բանի շուրջ համախմբված՝ ապրելու կամքով։
Արմեն Հովասափյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում