Ադրբեջանցիների «վերադարձ» կամ պատմական նոնսենս

Ադրբեջանցիների «վերադարձ» կամ պատմական նոնսենս

Մի քանի դիտարկմամբ փորձենք հասկանալ, թե ինչպես է ՀՀ իշխանությունը լեգիտիմացնում հայրենազրկումը՝ միաժամանակ քննարկելով ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» օրակարգը:

2023-ի սեպտեմբերին Արցախի հայաթափումը դարձավ հայ քաղաքական կյանքի ամենամեծ մղձավանջը։ Արցախի ինքնիշխանությունը վերացավ, ավելի քան 100 հազար մարդ տեղահանվեց իրենց հայրենիքից: Բայց այդ ողբերգության շուրջ ձևավորված վերաբերմունքը բացահայտեց Հայաստանի ներկա իշխանության իրական դիրքորոշումը․ արդեն այսօր արցախահայության վերադարձի գաղափարն ընդհանրապես դուրս է բերվել օրակարգից։ Ավելին, Արցախի հարցը փակված է ոչ միայն փաստացի, այլ՝ քաղաքական մակարդակով՝ դրա մասին քանիցս բաձրաձայնել է անձամբ Փաշինյանը:

Եվ հենց այդ պայմաններում իշխանությունը քննարկում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձի» հնարավորությունը։ Առանց որևէ իրավական հիմքի, հստակ քարտեզագրման կամ հիմնավորված թվերի, այս թիվը շրջանառվում է իբրև ապագա խաղաղ կարգավորման բաղադրիչ։ Բայց արդյո՞ք սա պարզապես միամիտ դիվանագիտություն է, թե ավելի խորքային արժեքային նահանջ։

Եթե այսօր փորձենք հասկանալ իշխանության դիրքորոշման առանցքը, կտեսնենք հետևյալ հակասությունը․ արցախահայության վերադարձը հայտարարվում է «անհնարին», «ոչ իրատեսական», անգամ՝ «սադրիչ», իսկ ադրբեջանցիների վերադարձը՝ «իրական հավասարակշռված լուծում»։ Այս հակադրությունը քաղաքական հայացքի հետևանք չէ միայն, սա բարոյական գնահատական է․ իրենց պատկերացմամբ՝ հայնը, որ կորցրել է տունը, իրավունք չունի վերադառնալ, բայց նա, ում վերադարձի իրավունքը կասկածելի է, արժանի է պետության մակարդակով քննարկման։

Այստեղ չի էլ կարևորվում, թե արդյոք այդ 300 հազարը երբևէ ապրել են Սիսիանում, Իջևանում, կամ նույնիսկ՝ Հայաստանի տարածքում, կարևորվում է միայն այն, որ Ադրբեջանն այդ պահանջն է ներկայացնում, իսկ Հայաստանը՝ պատրաստ է այն ընկալել իբրև քննարկելի։ Բայց Արցախից բռնի տեղահանված հայերը որևէ օրինական պահանջով չեն ներկայացվում անգամ միջազգային հարթակներում։ Ստեղծվում է հակառակ օրինականություն՝ ադրբեջանցիները՝ որպես ապագայի բնակիչ, հայերը՝ որպես անցյալի թեմա։

Գաղտնիք չէ, որԱդրբեջանն այսօր պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը։ Թեմայի հետ կապված կազմակերպություններ են հիմնվել, փաստաթղթեր գրվել, քարոզչություն է իրականացվում՝ Լոռիից մինչև Երևան՝ որպես ադրբեջանական տարածքներ ներկայացնելով։ Այս ամենը ուղեկցվում է նաև բնակեցման գաղափարով, իսկ Հայաստանի իշխանությունը լռում է, որովհետև իր աշխարհայացքի կենտրոնում ոչ թե ազգային անվտանգությունն է կամ պատմական իրավունքը, այլ՝ խաղաղության մի մոդել, որը հաշվարկված է՝ ապրանքաշրջանառության, առևտրի, ճանապարհի, «փոխշահավետ համաձայնությունների» տրամաբանությամբ։ Այդ պատճառով Արցախի հայությունը՝ որպես իրավունք ունեցող, ինքնակազմակերպված ժողովուրդ, անհարմար է։ Իսկ ադրբեջանցին՝ որպես հնարավոր շահութաբեր գործարքի մասնակից, գրավիչ է։

Ներկայիս իշխանության խաղաղության մոդելը հիմնված է հաշվարկի վրա, ոչ թե իրավունքի։ Երբ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, նա խոսում է ոչ թե արդարության, ինքնիշխանության, կամ անվտանգության մասին, այլ՝ առևտրի, շուկայի, ճանապարհների։ Նրա պատկերացմամբ՝ խաղաղությունը տեղի կունենա, երբ հայերն ու ադրբեջանցիները բիզնես կծավալեն, միմյանց ապրանք կվաճառեն, մաքսային կետեր կանցնեն՝ առանց հուշելու միմյանց կորցրած գերեզմանների տեղը։

Այս մոդելում Արցախի հարցը անցանկալի է, որովհետև այնտեղ զոհ կա, բռնություն կա, պատմություն կա, իսկ 300 հազար ադրբեջանցու վերադարձի պատկերացումը «վաճառվող լուծում» է՝ միջազգային հարթակներին ցույց տալու համար, թե Հայաստանը «կառուցողական է»։

Բայց իրականությունն այն է, որ պատմության մեջ չկար դեպք, երբ զոհված կողմի վերադարձը արգելվել է, բայց ոճրագործ կողմի վերադարձը՝ օրակարգայնացվել։ Դա ոչ թե դիվանագիտական խնդիր է, այլ՝ ազգային արժանապատվության ջախջախում։

Այսօր, երբ Արցախի հայությունը շարունակում է ապրել հայրենազրկվածի ցավով, երբ միջազգային իրավունքի խախտումները արձանագրված են՝ ամենաբարձր մակարդակով, Հայաստանի իշխանությունը ոչ միայն լռում է, այլ բացահայտ մերժում է նրանց՝ սեփական հայրենիք վերադառնալու իրավունքը։ Սա ոչ թե քաղաքական պրագմատիզմ է, այլ՝ պատմական նոնսենս։

Հայ ժողովրդի համար սա ոչ միայն արժանապատվության  փորձություն է, այլ՝ պետականության պահպանման հարց։ Փաստ է՝ որպեսզի խաղաղությունը չդառնա պարտության մարքեթինգ, պետք է վերականգնվի պահանջատիրությունը, վերարժևորվի սեփական ժողովրդի իրավունքը:

Արմեն Հովասափյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում