«Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջան չի լինելու»

«Արցախը Հայաստան է և վերջ»-ից մինչև «Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջան չի լինելու»

Երբ Բուդապեշտում ընթանում էր Թյուրքական պետությունների կազմակերպության սամիթը և Էրդողանը հայտարարում էր, որ «Փաշինյան-Ալիև խաղաղության համաձայնագիրը հնարավորություններ է ստեղծելու թյուրքական աշխարհի համար», Թուրքիայում` մայրաքաղաք Անկարայում կազմակերպել էին «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակշռության կարևոր պայման» վերնագրով համաժողովը: Արևմտյան Ադրբեջան Ալիևը կոչում է Հայաստանի ինքնիշխան տարածքը, դա անում է հետևողականորեն, նաև այս համաժողովի 250 մասնակիցներին ուղղված ուղերձում։

Համաժողովի մասնակիցների կազմը պակաս հետաքրքիր չէր՝ Բաքվի պաշտոնյաներ, Թուրքիայի մեջլիսի պատգամավորներ, Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրք պատմաբաններ՝ ներառյալ ինքը՝ Իլբեր Օրթայլըն: Նրանց համար կարդացել են Ալիևի ուղերձը, որի ամենասկզբում Ալիևը Թուրքիայում նման համաժողովի անցկացումը գնահատել է որպես տարածաշրջանում խաղաղություն և արդարություն հաստատելու ուղղությամբ կարևոր միջոցառում։ Հայաստանի տարածքի վրա բառի բուն իմաստով «աչք դնելը» Բաքվի օկուպանտի ընկալմամբ խաղաղությանն ուղղված քայլ է։ Խաղաղության համար որպես երկրորդ գործոն Ալիևի ուղերձում նշված է, թե ադրբեջանցիները պետք է լցվեն Հայաստան։

Որպեսզի ցույց տանք Բաքվի օկուպանտի՝ Հայաստանի տարածքն այս մեթոդով օկուպացնելու նպատակի և այդ ուղղությամբ աշխատանքի լրջությունը, հետևողականությունը՝ այս նոր ուղերձի մի հատվածը բառացի մեջբերված էր մեկ տարի առաջ՝ 2024-ի սեպտեմբերի 30-ին Արցախի օկուպացված տարածքում նրա խոսքի այս հատվածից.

«1918 թվականին հայ վանդալները ադրբեջանցիներին ենթարկեցին էթնիկ զտումների։ Սա 20-րդ դարում ադրբեջանցիների առաջին տեղահանությունն էր իրենց հնագույն հողից՝ Արևմտյան Ադրբեջանից։ Երկրորդը՝ 1940-50-ական թվականներին և երրորդը՝ 1980-ականների վերջին, 1990-ականների սկզբին։ Որոշ ժամանակ անց՝ երկու տեղահանություններից հետո, ադրբեջանցի ժողովուրդը վերադարձավ իր պապենական հողերը, եթե ոչ բոլորը, ապա մեծ մասը վերադարձավ։ Սա մեզ իրավացիորեն վստահություն է տալիս ասելու, որ էթնիկ զտումների երրորդ ալիքի ենթարկված արևմտյան ադրբեջանցիները ևս կվերադառնան իրենց նախնիների հողերը։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք առիթ են տալիս խոսելու այս մասին։ Այդ հողերը մոռացված չեն և չեն մոռացվելու, արևմտյան ադրբեջանցիների հաջորդ սերունդները, որոնք չեն տեսել այդ հողերը, ապրում են հայրենի հողերի կարոտով: Ղարաբաղցիները, որոնք երբեք չեն ապրել այդ հողերի վրա, այլ ապրել են այնտեղ վերադառնալու ցանկությամբ, այսօր վերադառնում են Ղարաբաղ։ Համոզված եմ, որ նույն պատկերը կտեսնենք նաև Արևմտյան Ադրբեջան վերադառնալու ժամանակ»:

Ալիևը պահանջել է, որ Փաշինյանը հստակ հայտարարի՝ երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր, վերադարձից հետո էլ ինչպես է ապահովվելու նրանց անվտանգությունը։ Ակնկալում է, որ Հայաստանի ղեկավարությունն այս հարցի քննարկման նպատակով կընդունի «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչներին:

«Այս խնդիրն Ադրբեջանի օրակարգում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ այդ վերադարձն իրականություն չի դարձել։ Իհարկե, իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին նաև անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն», – հայտարարել է Ալիևը։

Ու նրա այս պնդման կողքին պետք է տեսնել ինչպես այս ուղերձում, այնպես էլ ավելի վաղ՝ 2023-ի սեպտեմբերի 26-ին Նախիջևանում, Էրդողանի կողքին հայտարարածը, թե. «1920 թվականին խորհրդային իշխանությունների կողմից Արևմտյան Զանգեզուրը անջատվեց Ադրբեջանից՝ դրանով իսկ խզելով Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի աշխարհագրական կապը»։

Արևմտյան Զանգեզուր կոչում է Սյունիքը: Եվ այս հայտարարությունը միակը չէ, նման բովանդակությամբ բառացի հայտարարություններ Ալիևն անում է պարբերաբար։ Հունվարի 12, 2024 թվական. «Գաղտնիք չէ, որ 20-րդ դարում ադրբեջանական հողերը մաս-մաս փոխանցվել են Հայաստանին։ 1918 թվականին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ստեղծումից 1 օր անց «Իրեվան» քաղաքը, ցավոք, փոխանցվեց Հայաստանին։ Թեև դրա համար ոչ մի հիմք չկար։ Այն հնագույն ադրբեջանական քաղաք է։ Ադրբեջանի ժողովուրդն այնտեղ ապրել է դարեր շարունակ, պատմությունը, այսինքն՝ այսօր ջնջված Երևանի պատմական տեսքը հաստատում է ադրբեջանական դարավոր ճարտարապետական ժառանգության առկայությունը։ 1920-ի ապրիլին եղավ խորհրդայնացումը, արդեն նոյեմբերին խորհրդային կառավարությունը Արևմտյան Զանգեզուրի զգալի մասը դուրս բերեց Ադրբեջանի կազմից և փոխանցեց Հայաստանին։ Տարածքային նման նվերները շարունակվեցին մինչև 1969 թվականը, երբ եկավ Հեյդար Ալիևը»:

Վերջինը՝ Անկարայում էր, այս տարվա մարտի 5֊ին, նորից Էրդողանի կողքին նստած՝ Թուրքիայի ներկա տարածքից՝ Իգդիրից դեպի Նախիջևան գազատարի բացման ժամանակ։ Կարևոր է նկատել, որ Ալիևն այս հայտարարություններն անում է, երբ խոսք է գնում Նախիջևանի՝ Ադրբեջանի և Նախիջևանի, հետևաբար Ադրբեջանի և Թուրքիայի միջև կապի, Զանգեզուրի միջանցք կոչվածի մասին։ Հայաստանի տարածքում հիմնական վայրերից մեկը ուր ծրագրում են բնակեցնել ադրբեջանցիներին, Սյունիքն է։ Ինչ կլինի Սյունիքի հետ հինգ֊տասը տարի անց, եթե այնտեղ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի լցվի։

«Նախիջևանը հնագույն ադրբեջանական տարածք է։ Սակայն շուրջ մեկ դար անցել է, ինչ Նախիջևանը բաժանվել է Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասից։ Պատճառն այն է, որ 1920 թվականին Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետության փլուզումից հինգ ամիս անց, սովետական իշխանությունները Արևմտյան Զանգեզուրը(Սյունիքի մարզը) հանեցին Ադրբեջանի կազմից և միացրեցին Հայաստանին, և այսպիսով, Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև ցամաքային կապը խզվեց», – հայտարարեց Ալիևը:

Բաքվի պլանի իրական մասշտաբը երևում է այն հայտարարություններում, թե քանի ադրբեջանցի են ծրագրում լցնել Հայաստանի տարածք։ Ալիևի այս հայտարարությունը՝ 2024֊ի հուլիսի 20֊ին էր.«Մենք նրանցից ակնկալում ենք հստակ հայտարարություն այն մասին, թե ինչպես կարող են այսօրվա Հայաստանի, Արևմտյան Ադրբեջանի տարածքից վտարված ադրբեջանցիները կամ վտարվածների ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել կամ ապրել այդ հողերում։ Ավելին, մեր բավականին հավաստի տվյալների համաձայն, այն գյուղերի 90 տոկոսում, որոնք բնակեցված էին ադրբեջանցիներով, այժմ կյանք չկա, այսինքն՝ դրանք դատարկ են, + 1.08.00 – Արևմտյան Ադրբեջանից վտարված ադրբեջանցիների և նրանց ժառանգների թիվն այսօր Ադրբեջանում գնահատվում է միլիոններով»։

Իսկ այն, որ ծրագրում են ժառանգներով վերցնել Հայաստանի տարածքը, պարզ էր «Արևմտյան Ադրբեջան» կոչված օպերացիայի առաջին և գլխավոր հայտարարությունից։ Արցախում պատերազմից հետո էր՝ 2022֊ի դեկտեմբերի 24, երբ անգամ Հայաստանում դեռ ոչ ոք լուրջ չէր ընկալում այս «Արևմտյան Ադրբեջան» կոչված սպառնալիքը. «Համոզված եմ, որ օրը կգա և Արևմտյան Ադրբեջանից եղած մեր ցեղակիցները, նրանց ընտանիքները, երեխաները կվերադառնան մեր պատմական հող Արևմտյան Ադրբեջան: Ես համոզված եմ, որ այդ օրը գալու է և համոզված եմ, որ արևմտյան ադրբեջանցիները մեծ ուրախությամբ են վերադառնալու իրենց ծննդավայրեր՝ այնտեղ ապրելու»:

Ի պատասխան Անկարայում կազմակերպված համաժողովի, որը վստահաբար վերջինը չի լինելու, նման համաժողովներն ավելի պարբերական և մասշտաբային են դառնալու, Փաշինյանը Երևանում հայտարարեց. «Հայաստանի տարածքում Արևմտյան Ադրբեջան չի լինելու»: Ամեն ինչ գուցե այնքան էլ վտանգավոր չլիներ, եթե Արցախի օկուպացիայից առաջ նույնքան վստահ Փաշինյանը հայտարարած չլիներ.«Արցախը Հայաստան է և վերջ»:

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում