Պատմական և իրական Թուրքիա. Ի՞նչ կապ ունեն Սիրիան, ԱՄՆ նախագահի նոր բանագնացը և Հայաստանը

Պատմական և իրական Թուրքիա. Ի՞նչ կապ ունեն Սիրիան, ԱՄՆ նախագահի նոր բանագնացը և Հայաստանը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 21-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ընթացքում Սիրիայի մասին այնպիսի բաց ու սկանդալային հայտարարություն էր արել՝ թեև պարզապես արձանագրելով փաստը, որ անգամ ամերիկյան ֆինանսավորմամբ գործող որոշ լրատվամիջոցներ նրա խոսքի այդ հատվածն ամբողջությամբ չեն ներկայացրել։

«Վատ լուրն այն է, որ անցումային իշխանության ներկայացուցիչները չեն անցել Հետաքննությունների դաշնային բյուրոյի՝ բիոլոգիական տվյալների ստուգումը: Նրանք ծանր անցյալ ունեն: Բայց մյուս կողմից, եթե մենք աշխատենք նրանց հետ, կարող է ստացվել, կարող է նաև չստացվել: Եթե չաշխատենք, ապա երաշխավորված է, որ չի ստացվի: Մեր գնահատականն այն է, որ հաշվի առնելով այն մարտահրավերները, որոնց բախվում է Սիրիայի անցումային կառավարությունը, դրա հնարավոր տապալումը անգամ ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց է։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել աննախադեպ լայն ծավալների քաղաքացիական պատերազմի և ըստ էության երկրի մասնատման», ֊ հայտարարեց ԱՄՆ պետքարտուղարը, և սա նշանակում էր, որ էրդողանի օսմանյան երազանքի տապալումը ևս ոչ թե ամիսների, այլ շաբաթների հարց էր:

Բայց նույն օրը հայտնի դարձավ, որ Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց է նշանակվելու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմաս Բարաք։ Այսօր արդեն ամերիկացի դիվանագետը ոչ միայն ստանձնել է պաշտոնը, այլև առաջին այցն է կատարել Դամասկոս՝ հանդիպելով 2024-ի դեկտեմներին Ասադի տապալումից հետո Սիրիայի անցումային շրջանում Էրդողանի նշանակած նախագահի հետ, որին փոխանցել է նախագահ Թրամփի ուղերձը՝ Իսրայելի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն։

Եվ այստեղ ամբողջական պատկերը ուրվագծվում է ավելի քան պարզ՝ Թուրքիան դե ֆակտո վերցրել է Սիրիան, ինչի հետ չի պատրաստվում հաշտվել Իսրայելը, որն իր պատառը պոկելու հավակնությունն ունի։ Եվ փաստացի՝ Սիրիայի համար «կռվող» Թուրքիան և Իսրայելը ԱՄՆ դաշնակիցներն են։ Ընդ որում նաև այդ կռիվն էր Ասադի անկումից ամիսներ առաջ տարածաշրջանին հետևողներին հուշում, որ Էրդողանը Սիրիայում քայլ է անելու։ Որովհետև կռվել եզրը Թուրքիայի և Իսրայելի բազմաշերտ և խիստ փոխշահավետ հարաբերությունների ինչ֊որ փուլում կարող էինք առանց չակերտների գրել, քանի որ Էրդողանը նման հայտարարություններ էր անում.

«Ես բաց կասեմ, թե Պաղեստինից և Լիբանանից հետո Իսրայելի վարչակազմը աչքն ուր է դրել։ Մեր հայրենի հողերն են լինելու հաջորդը։ Թուրքիայի ներսում Իսրայելի որոշ ընկերների, սիոնիզմի որոշ աջակիցների, կամավոր կամ փողի դիմաց սիոնիզմի պրոպագանդայով զբաղվողների չհասկացածը սա է։ Նեթանյահուի կառավարությունը ուտոպիստական երազներ է գծում նաև Անատոլիայի մասին և զանազան առիթներով բացահայտում է իր այդ երազները»։ Սա հատված էր դեռ 2024-ի հոկտեմբներին Թուրքիայի մեջլիսում Էրդողանի ելույթից։

Այսօր, երբ նախագահ Թրամփի Սիրիայի հարցով բանագնաց է նշանակվում հենց Թուրքիայում ԱՄՆ դեսպանը, դա զգայուն և Էրդողանի համար գերկարևոր ժեստ է, որովհետև առնվազն նշանակում է, որ Սիրիայի հարցում ԱՄՆ քաղաքականությունը իրագործելիս Թուրքիայի դիրքորոշումն ու շահերն առնվազն դիտարկվելու են։ Ինդիկատորը դեսպան Բարաքի առաջին գրառումն է պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, որից էրդողանականները՝ պաշտոնյաններն ու մեդիան ուղղակի ցնծում են։ Քննադատության թիրախում է հայտնվել օսմանյան հողերը՝ հատկապես արաբական նահանգները բաժանելու մասին 1916 ֊ի Սայքս ֊ Պիկոյի համաձայնագիրը Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև.«Մեկ դար առաջ Արևմուտքը պարտադրեց քարտեզներ, մանդատներ, մատիտով գծված սահմաններ և օտարերկրյա կառավարում: Սայքս-Պիկոյի համաձայնագիրը բաժանեց Սիրիան և ավելի լայն տարածաշրջանը՝ կայսերական շահի համար, այլ ոչ թե խաղաղության: Այդ սխալը սերունդներ արժեցավ: Մենք այլևս չենք կրկնի այն:

Արևմտյան միջամտության դարաշրջանն ավարտվել է: Ապագան պատկանում է տարածաշրջանային լուծումներին, բայց գործընկերության և հարգանքի վրա հիմնված դիվանագիտությանը: Ինչպես նախագահ Թրամփը շեշտեց մայիսի 13-ին Ռիադում իր ելույթում. «Անցել են այն օրերը, երբ արևմտյան ինտերվենտիոնալիստները թռչում էին Մերձավոր Արևելք՝ դասախոսություններ կարդալու այն մասին, թե ինչպես ապրել և ինչպես կառավարել սեփական գործերը»:

Սիրիայի ողբերգությունը ծնվել է բաժանման մեջ: Նրա վերածնունդը պետք է լինի արժանապատվության, միասնության և իր ժողովրդին ուղղված ներդրումների միջոցով: Դա սկսվում է ճշմարտությունից, հաշվետվողականությունից և տարածաշրջանի հետ աշխատելուց, այլ ոչ թե դրա շուրջ:

Մենք կանգնած ենք Թուրքիայի, Պարսից ծոցի և Եվրոպայի կողքին՝ այս անգամ ոչ թե զորքով և դասախոսություններով կամ երևակայական սահմաններով, այլ ուս ուսի տված՝ սիրիացի ժողովրդի հետ: Ասադի ռեժիմի անկմամբ բացվում է խաղաղության դուռը. պատժամիջոցները վերացնելով՝ մենք հնարավորություն ենք տալիս սիրիացի ժողովրդին վերջապես բացել այդ դուռը և բացահայտել նորացված բարգավաճման ու անվտանգության ուղին»։

Առավել բաց պարզապես հնարավոր չէ ճանաչել Թուրքիայի իշխանությունը Սիրիայում։ Այս գրառման ամեն տողը նեոօսմանիզմով տարված Թուրքիայի և հատկապես Էրդողանի համար, որը հայտարարել էր, թե Հալեպը, Իդլիբը, Համան և Դամասկոսը առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով կարող էին մնալ թուրքական վարահսկողության տակ, գրեթե բացահայտ կանաչ լույս է Սիրիա ֊ Թուրքիա սահմանը պաշտոնապես վերագծելու համար։

Վաշինգտոնը գուցե պատրաստ է ընդունել Սիրիայում Էրդողանի փաստացի իրագործածը։ Բայց այստեղ առնվազն հարցեր կան՝ ի՞նչ է փոխարենն Էրդողանը տալու Վաշինգտոնին, և թաթն Էրդողանը դրեց Սիրիայի վրա, բայց կկարողանա՞ այս պահին քաոսային Սիրիան իր ձեռքում պահել՝ հաշվի առնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսների մասշտաբը և Թուրքիայի ֆինանսական վիճակը։ Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Սիրիայի քրդերը, ալևիները, դրուզները այնքան էլ պատրաստ չեն ընդունել թուրքական գերիշխանությունը։ Կհամաձայնի Իսրայելը Սիրիան թողնել Էրդողանին։ Կհամաձայնի՞ Մոսկվան։ Եվ ամենակարևորը՝ իրենք, թուրքերը, պատրաստ են վճարել Սիրիան էքսպանսիայի ենթարկելու էրդողանական արկածախնդրության գինը։ Դատելով Թուրքիայի ընդդիմության՝ Էրդողանին ուղղված մեղադրանքներից այդ երկրում գործազրկության և աղքատության ցուցանիշները միայն բարձրանում են, և մայիսի երկրորդ կեսին հրապարակված Ասալ ընկերության սոցհարցման տվյալով թուրքերի 65 տոկոսը Թուրքիայի առաջնային խնդիր են նշել տնտեսությունը և գնաճը։ Ահաբեկչության վտանգը, որն էրդողանն օգտագործում է Սիրիայի տարածքում ռազմաբազաներ տեղակայելու պատրվակով, մտահոգում է թուրքերի միայն երեք տոկոսին։

Այն, ինչ կատարվում է Սիրիայում, կարևոր է Հայաստանի համար, որովհետև Սիրիան չափազանց մոտ է Հայաստանին և Թուրքիայի մյուս հարևանն է։ Ինչպես Սիրիայի տարածքի վրա, այնպես էլ Հայաստանի՝ Թուրքիան աչք ունի։ Սիրիայի պարագայում Թուրքիայի հատուկ ծառայությունները տարիների լուռ, բայց նկատելի աշխատանք են տարել, որի արդյունքում ամբողջ երկիրը վերցրեցին մի քանի օրում։ Տեխնիկապես այլ, բայց բովանդակությամբ նույն աշխատանքով թիրախավորված է Հայաստանի տարածքը։

Թրամփ ֊ Էրդողան հարաբերությունների մասին. կա՞ սեղանին Հայաստանը, եթե հաշվի առնենք Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի պատմական կարևորությունն Էրդողանի իրական Թուրքիայի համար, և Փաշինյանի հայտարարությունը, որ Թուրքիայի հետ ակտիվ երկխոսության մեջ է, Միացյալ Նահանգների հետ հաստատել է ռազմավարական գործընկերություն։ Եվ եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը իրենց բոլոր շփումներում քննարկում են նաև Հայաստանը։

Գումարած փաստը, որ Էրդողանն Արցախի օկուպացված տարածքից վերադառնալիս միջանցքը փաստացի պահանջեց ոչ թե Հայաստանից, այլ Իրանից, ինչը ցուցիչ է, որ Հայաստանում միջանցքի մասով դիմադրություն չկա։

Եվ, որ ավելի կարևոր է՝ ստացվում է, որ Էրդողանը Սիրիայում իր պատմական երազանքն իրագործեց հայտնի բանաձևով՝ «անել, հետո թույլտվություն հարցնել»։ Կարո՞ղ է մի օր Հայաստանը ևս գործածել այս սկզբունքը։ Կարող է։

Անի Ավետյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում