Հայաստան-Թուրքիա–Իրան հեռախոսազանգեր. Էրդողանի միջանցքային դիվանագիտության շղթան

Նմանատիպ
Մեկ օրվա տարբերությամբ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի և Իրանի նախագահների հետ, և մեկ օրվա տարբերությամբ Էրդողանն է հեռախոսազրույց ունենում նախ Իրանի նախագահի հետ, ապա Փաշինյանի։ Ի՞նչ կապ ունեն այս զանգերը, և Կուրբան Բայրամի շնորհավորանքների տակ ո՞րն է իրական օրակարգը։
Անհնար է չնկատել պաշտոնական հաղորդագրություններից դուրս բաց հայտարարությունները։ Սկսենք պաշտոնական տեքստերից, որոնք Երևանի ու Անկարայի պարագայում տարբեր բովանդակությամբ էին։ Առաջին տարբերությունն այն է, որ թուրքական կողմը հայտնում է՝ Փաշինյանն է զանգել Էրդողանին: Հայկական կողմի տարածած տեքստում խոսք չկա այն մասին, որ Փաշինյանն է եղել հեռախոսազրույցը նախաձեռնողը։ Նշված է, որ քննարկել են Հայաստան–Թուրքիա հարաբերությունները և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր, պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ մանրամասները քիչ ավելի են.«Քննարկել են Թուրքիայի ու Հայաստանի միջև շփումները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր: Նախագահ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև շփումների կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման և Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների կարևորության վրա»:
Հիմա պաշտոնական տեքստերի տակ եղած բաց հայտարարությունները։ Ճիշտ այն օրը, երբ Փաշինյանի նախաձեռնությամբ կայանում էր Էրդողանի հետ հեռախոսազրույցը, Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը հայտարարեց. «Թուրքիայի հետ մեր երկխոսությունը, ես կարող եմ անկեղծ ասել, չունենալով պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, մենք ունենք շատ ավելի ակտիվ և գործուն երկխոսություն, քան բազմաթիվ երկրներ, որոնք իրար հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ»:
Տպավորություն է ստեղծվում, թե խոսքը մի անմեղ Թուրքիայի մասին է, բարեկամ երկրի մասին է։ Պետք է հիշել կարևորը՝ ոչ թե անհիմն չարանալու, այլ քայլերն ու ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, որ Թուրքիայի նախագահը բաց տեքստով՝ «մենք ինչպես մտանք Արցախ» ձևակերպմամբ խոստովանել է, որ 5 տարի առաջ Արցախի դեմ պատերազմի օրերին զոհված հայերի արյունը նաև նրա ձեռքերին է, նույն այն ձեռքերին, որոնք մշտապես գրկում են Ալիևին, ինչպես անցած շաբաթ Արցախում, Արցախի օկուպացված տարածքում, որ այս զույգը պարբերաբար կրկնում է մեկ ազգ ֊ երկու պետություն ֊ մեկ բանակ թեզը, որ Ադրբեջան պետությունն ընդհանրապես թուրքական նախագիծ է։
Եվ այս ամենի կողքին հարցն է՝ ինչի մասին է այն ակտիվ և գործուն երկխոսությունը, որի մասին նշեց Արարատ Միրզոյանը, և նրանից առաջ էլ նույն ձևակերպումը գործածել էր Փաշինյանը՝ Սարդարապատի հուշահամալիրում։
«Անշուշտ, իրավացի կլինի որևէ մեկը, եթե ասի, որ պետք է, ժամանակն է վաղուց արդեն, որ այդ երկխոսությունը շոշափելի արդյունք ունենա գետնի վրա։ Եթե որևէ մեկն այդպիսի բան ասի, ինքս կհամաձայնեմ։ Իհարկե, այդ երկոսխությունը շատ տևական ժամանակ և և շատ դրական հունով զարգացել է, բայց նաև վերջնարդյունք… իհարկե, կան միջանկյալ արդյունքներ, բայց վերջնարդյունքները տեսնելու ժամանակն է», – նշել էր Միրզոյանը:
Երեք տարում անգամ մեկ պայմանավորվածություն կատարված չէ՝ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար բացելու վերաբերյալ, Հայաստան ֊ Թուրքիա սահմանին անգամ մեկ անցակետը բացված չէ, հակառակ նրան, որ Փաշինյանն անգամ կրնեց Էրդողանի ժխտողական թեզը, թե դեռ «պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությունը և հասկանանք ինչ է եղել և ինչու է եղել»:
Ցեղասպանությունը, Արարատը, պատմական Հայաստանը՝ Թուրքիայի և Հայաստանի իշխանություններն ունեն նույն մոտեցումը, Արցախը, որը սահմանը փակելու Թուրքիայի պատրվակն էր, օկուպացված է, բայց անգամ այսքանից հետո Թուրքիան որևէ գործնական քայլ չի անում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Միայն երկխոսում է, ակտիվ երկխոսում։ Սա նշանակում է, որ Թուրքիան Հայաստանից դեռ չի ստացել այն ամենը, ինչ ցանկանում է։
Պլան մաքսիմումը Թուրքիայի պարագայում բացահայտ դրսևորվեց Սիրիայում։ Այդ երկիրը հիմա դե ֆակտո Թուրքիայի վերահսկողության տակ է։ Էրդողանը դեմ չի լինի նույն վիճակն ունենալ Հայաստանում։ Պլան մինիմումը՝ Զանգեզուրի միջանցք։ Այստեղ խնդիրը Իրանն է, ինչպես հերթական անգամ նշեց Էրդողանը՝ Արցախից հեռանալիս, և հաջորդ իսկ օրը հեռախոսազրույց ունենալով Իրանի նախագահի հետ, այնուհետև պարզ դարձավ, որ Փեզեշքյանը պատրաստվում է ժամանել Երևան և դրան ընդառաջ հեռախոսազրույց եղավ Փաշինյանի հետ։ Էրդողանն արդեն հինգ տարի փորձում է կոտրել իրանական դիմադրությունը, և նրա գործիքներից մեկն էլ Փաշինյանի համաձայնությունն է իր ծրագրին։ Այլապես ինչո՞ւ Էրդողանը երբեք չի նշում, որ հայկական կողմից կա դիմադրություն, այլ մշտապես ընդգծում է, որ Իրանն է դեմ «Զանգեզուրի միջանցքին»։
Հայկական կողմի փաստացի չդիմադրությունը Թուրքիան անկասկած օգտագործում է Իրանի հետ բանակցություններում՝ եթե Հայաստանը դեմ չէ, ապա ինչո՞ւ է Իրանը դեմ տրամաբանությամբ, եթե Հայաստանն անվտանգային ռիսկեր չի տեսնում, ապա ինչո՞ւ է Իրանը տեսնում։
Հայաստանի տարածքով թուրքական միջանցքի թեման միշտ եղել է Իրանի պաշտոնյաների երևանյան այցերի օրակարգում, և այս մեկը բացառություն հազիվ թե լինի։ Եթե չասենք, որ այդ թեման կլինի գլխավորը, ապա պետք է ասել, որ միջանցքն է այցի պատճառը։ Թեև չկա հավանականություն, որ Փեզեշքյանը կկարողանա Փաշինյանին բացատրել վերը նշված «ինչուները»։
Փաշինյանն անվտանգային ռիսկերը «կառավարելու իր մեթոդներն ունի», իսկ Սյունիքում «կրակոցներ հնչել են, հնչում են», ինչպես նշեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը՝ բառացի հավելելով, թե «մենք այդ կրակոցներին ուշադրություն չենք դարձնում»։
Անի Ավետյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում